Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առիթով

Հունվար 28,2015 10:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:

Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի:

Այսօր էլ հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները:

Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն լինի ու զորացնի Հայոց Բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին ի սեր հայրենյաց իրենց նվիրական կոչման մեջ:

Թող Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և ապահով ու բարօր կյանք պարգևի բարեպաշտ մեր ժողովրդին:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031