Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի մարզական տարածքների թնջուկը բացվում է

Փետրվար 02,2015 13:30

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մարզական տարածքների հարցը ամենաշահարկվածներից է: «Առավոտը» որոշեց թեմայի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող բոլոր կողմերից մեկնաբանություններ ստանալ՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր ունենալու համար:

ՀՊՃՀ ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արարատ Ղոչիկյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Արա Ավետիսյանի ռեկտորության տարիներին իրեն ազատել են աշխատանքից: Նրա ձեւակերպմամբ, պատճառն այն էր, որ ինքը ոչ թե բիզնեսի ու գործարքների, այլ ուսումնական գործընթացի մարդ էր: Պարոն Ղոչիկյանը պնդում է, որ Պոլիտեխնիկի մարզական տարածքները եւ հատկապես լողավազանը նախկինում օգտագործվել են առավոտյան 8-ից մինչեւ գիշերվա 10-ը ու բացառում է, որ շահույթ չլիներ: Տարակուսանք է հայտնում, որ ռեկտորատի 2010 թ. սեպտեմբերի 6-ի մի արձանագրությամբ որոշվել է «Պոլիտեխնիկ մարզական ակումբ» հ/կ-ին տրամադրած մարզական տարածքների սպասարկման վարձը սահմանել զրո դրամ, այն դեպքում, երբ բուհի ներկայիս ղեկավարության հաշվարկներով շահույթը մինչեւ 60 մլն դրամ կարող էր հասնել: 2010-ին բուհի ռեկտորն էր Ոստանիկ Մարուխյանը:

Իմիջիայլոց, Պոլիտեխնիկի ներկայիս ռեկտորի՝ ֆիզկուլտուրայի եւ սպորտի գծով խորհրդական, ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը հավաստիացնում է, որ 4 ամսում արդեն 10 մլն դրամ է հավաքվել՝ առանց լողավազանի:

Պոլիտեխնիկի՝ վերջերս տարածած մամուլի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ 7-8 տարիների ընթացքում Պոլիտեխնիկի մարզահամալիրը վարձակալության է հանձնված եղել «Պոլիտեխնիկ» մարզական ակումբին, որը, ըստ աղբյուրի, այդ տարիներին չի կատարել շահագործման աշխատանքներ, ինչի հետեւանքով մարզահամալիրը, այդ թվում նաեւ՝ լողավազանը, հայտնվել են անմխիթար վիճակում՝ տեխնիկական անվտանգության եւ սանիտարահիգիենիկ վիճակի տեսանկյունից:

Մարմնակրթության եւ սպորտի գիտակրթական կենտրոնի նախկին տնօրեն, «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ առավոտից-իրիկուն աշխատելու դեպքում էլ չէին կարող գերշահույթներ լինել: Նրա խոսքով. «Ամբողջ աշխատակազմով, ֆուտբոլային եւ բասկետբոլային բաներով «Պոլիտեխնիկ» ակումբից էին ֆինանսավորվում, ես պահել եմ լողավազանը, որին ինստիտուտը ընդհանրապես որեւէ կոպեկ չի տվել: Ամբողջ մարզահամալիրը եղել է ակումբի վրա: Ես կազմակերպություն եմ պահել, որը եղել է Հայաստանում միակը: Եթե 60 մլն գերշահույթ է եղել, էդ ոսկե ձուն ինչու քանդեցին, թող թողնեին շահույթ ստանային: Տարածքները շահագործվել են 16-22-ը, եղել են ե՛ւ վճարովի ծառայություններ, ե՛ւ մեր թիմերը մարզվել են լրիվ անվճար: Մեզ մոտ աշխատել են ե՛ւ Պոլիտեխնիկի աշխատողներ, ե՛ւ աշխատողներ՝ դրսից: 15-20 հոգու աշխատավարձ ենք վճարել»: Պարոն Մեհրաբյանը սկզբում դժվարացավ ասել, թե ինչով էր պայմանավորված ռեկտորատի որոշմամբ «Պոլիտեխնիկ մարզական ակումբ» հ/կ-ի սպասարկման վարձը զրո դրամ սահմանելը, հետո հավելեց, որ գուցե պատճառն այն էր, որ ակումբի լրիվ անվանումն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին աջակցող «Պոլիտեխնիկ մարզական ակումբ», եւ այն Պոլիտեխնիկի կառույցն է, ուղղակի իրավաբանորեն է հասարակական կազմակերպություն:

«Ես ոչ մի պայմանագրային խախտում չեմ արել, ինչքան գումար որոշել են, այդքան էլ փոխանցել եմ: Մարդիկ ստացել են աշխատավարձ, լողավազանն է շահագործվել, ամբողջ շենքն է շահագործվել, պահել ենք բարձրագույն խմբում թիմերը՝ բասկետբոլի, ֆուտզալի, էդ ամբողջը մենք վարձատրել ենք: Ակումբն է բոլորին վարձատրել, առանձին հաշվապահություն է եղել, հաշվապահ, նախագահ, տեղակալ, մարզիչներ, տեխնիկական աշխատողներ, բոլորը վեդոմոստների մեջ կա, որ աշխատավարձերը ստացել են: Ինչ վերաբերում է 2010 թվականին, փոքր գումար էր որոշված, այս պահին թիվը չեմ հիշում, բայց մենք վճարում էինք պետբյուջեին վերաբերող բոլոր գումարները: Ես եղել եմ կատարող, ինձ ոնց ասել են, էդպես եմ արել, որովհետեւ շենքն իրենցն էր… Կրկնում եմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին աջակցող «Պոլիտեխնիկ մարզական ակումբը» համագործակցում էր Պոլիտեխնիկի հետ, եւ բոլոր տեսակի միջոցառումները կատարվում էին Պոլիտեխնիկի դրոշի ներքո: Ուղիղ 35 տարի ղեկավարել եմ ակումբը, որը ունի բազմաթիվ հաջողություններ, տվել է աշխարհի չեմպիոններ: Այո, լողավազանը, տարածքը աշխատել է վճարովի հիմունքներով, որովհետեւ բոլոր ծախսերը եղել են ակումբի վրա, աշխատել է ըստ պայմանագրի՝ 16:00-ից ժամը գիշերվա 22-ը:

Մինչեւ ժամը 16-ը դաս էր, դասերից հետո գալիս էին շատ-շատ խմբեր, օրինակ՝ գալիս էր կառավարությունը, բնականաբար անվճար, կրթության նախարարությունը, էլի անվճար, մենք էլ ստիպված տալիս էինք, պլյուս մեր հավաքականի թիմերը՝ անվճար: Ինչ-որ մնացել է, աշխատել ենք ՀԴՄ-ով, իսկ ուսանողների համար մինչեւ ժամը 4-ը եղել է անվճար»,- ասաց Մեհրաբյանը: Նա չհամաձայնեց այն մտքին, թե սպորտային համալիրն անմխիթար վիճակում է, ասաց, որ այն ընդամենը կոսմետիկ վերանորոգման կարիք ուներ:

Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը չցանկացավ պատասխանել «Առավոտի» հարցերին, ասաց, որ ժամանակին բոլոր նման հարցերով պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն է զբաղվել, ու իր հեռախոսը փոխանցեց նրան: Պարոն Հովհաննիսյանը դժվարացավ հիշել, թե ով կարող էր 2010-ին սպորտային համալիրն անվճար տրամադրել Պոլիտեխնիկ ակումբին՝ սպասարկման համար: Ասաց, որ հինգ տարի է անցել ու չի մտաբերում, թե ով կարող էր ստորագրած լինել որոշման տակ. «Ցանկացած մարդ կարող էր դա ստորագրել, նաեւ ես, բայց ո՛չ Մարուխյանը»: Քիչ անց էլ նշեց. «Պոլիտեխնիկ մարզական ակումբը Պոլիտեխնիկի թիմերին անվճար ծառայություն է մատուցել, մարզական ակումբը անվճար սպասարկել է լողավազանը, էդ բոլոր բաները պայմանագրերում կան, վարձակալության պայմանագիրը, որ գումարը փոխանցվել է պետական բյուջե, միշտ նորմատիվին համապատասխանել է»:

Մեր հարցին՝ գուցե զրո դրամով սպասարկումը անձնական դրդապատճառներո՞վ էր, Լաերտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե անձնական դրդապատճառներ են եղել, այլ սպասարկման պայմանագրով նա (Սամվել Մեհրաբյանը-Գ.Հ.) մեզ պետք է գումար փոխանցեր, մենք էլ իրեն փոխանցեինք: Այդ երկու գումարները հավասար լինելու պայմաններում, սպասարկման գումարը կարող էր զրո դառնալ: Պոլիտեխնիկ մարզական ակումբը երկնքից եկած հիմնարկ չէր, Պոլիտեխնիկի մասն էր, էդ հետո է դարձել հասարակական կազմակերպություն… Սպասարկման գումարը իրոք կարող էր զրո լինել, որովհետեւ նոր պայմանագրին կից կան թղթեր, որտեղ գրված է, թե էլեկտրաէներգիայի վարձն է մուծել, ջրի վարձը, լողավազանի սպասարկումը, թիմերի մրցույթների մասնակցության գումարներն է վճարել եւ այլն եւ այլն»: Չնայած պարոն Մեհրաբյանը նշել էր, որ լողավազանը եւ համալիրն աշխատել են մինչեւ գիշերվա 10-ը, պրոռեկտորը, սակայն, դա հերքեց, ասելով, որ այդ տարիներին ժամը 19-ին բուհը փակվում էր: Իսկ մի՞թե հնարավոր չէին ինչ-ինչ գործարքներ՝ այն ժամանակվա ռեկտորատի եւ Պոլիտեխնիկ մարզական ակումբի հետ: Այս հարցի առնչությամբ էլ Հովհաննիսյանը պատասխանեց. «Գործարք լինել չէր կարող, բոլոր հարցերը ռեկտորատում քննարկվում էին, թվաբանությունը ներկայացվում էր»:

Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի ռեկտորի խորհրդական, ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հունվարի 21-ին «Առավոտին» տված հարցազրույցում փաստել էր, իրականությանը չի համապատասպանում այն, որ լողավազանը վարձակալի վերցնելուց հետո անձնական նպատակներով է օգտագործվելու, նաեւ նշել էր, որ տարիներ շարունակ չփոխհատուցելով անգամ իրենց ծախսերը, վարձակալը գերշահույթներ է ունեցել: Նրա խոսքով՝ համալիրին ամենաշատը 4,8 մլն դրամ, Արա Ավետիսյանի ռեկտորության օրոք է փոխանցվել:

Պոլիտեխնիկի տնտեսական վարչության պետ Արտաշես Նազարեթյանի հետ էլ կապվեցինք, հարցրինք՝ իրո՞ք միայն կոսմետիկ վերանորոգման կարիք ունեին համալիրն ու լողավազանը, ինչպես պնդում էր Սամվել Մեհրաբյանը: Պարոն Նազարեթյանը նշեց, որ ո՛չ ինքը, ոչ Մեհրաբյանը, ոչ էլ մեկ ուրիշը չի կարող որոշել, թե ինչ վիճակում էին համալիրն ու լողավազանը: Դրա պատասխանը տվել է հատուկ լիցենզավորված սեյսմիկ հանձնաժողովը՝ ուսումնասիրելով սեյսմիկ տվյալները, երկաթբետոնի որակը, տանիքի հատվածը, լողավազանը, օդափոխությունը եւ այլն: Նրա ասելով, շենքը 86թ.-ից չի նորոգվել: Մասնագիտական եզրակացության համաձայն՝ տանիքը (լուսանկարում) նույնիսկ վտանգավոր էր եւ կարող էր մի օր փլուզվել: Բուհից պարզեցինք, որ ստեղծվել է հանձնաժողով՝ որը կորոշի համալիրի շահագործման իրական ծախսերը, քանի որ դա, ըստ տարբեր կարծիքների, տատանվում է տարեկան 15-30 մլն դրամի սահմաններում: Պարոն Նազարեթյանը նշեց, որ մինչեւ այս ուսումնական տարվա վերջ պատրաստ կլինի լողավազանը՝ բոլոր հարմարություններով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728