Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-հայկական համալսարանում քննարկել են ներառական հասարակության ձևավորման ուղիները

Նոյեմբեր 26,2026 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուս-հայկական համալսարանում տեղի է ունեցել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով համաժողովը, որը մեկտեղել է պետական մարմինների, կրթական հաստատությունների, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։

Համաժողովը բացել է «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մարի Իզմիրլյան» մասնաճյուղի սան Նարեկ Արարատյանը՝ ընթերցելով իր հեղինակած «Կյանքի ճանապարհը» բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործության մեջ արծարծվել են սիրո, կամքի ուժի և երազանքին հասնելու ձգտման թեմաները՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է հաղթահարել դժվարությունները և պետք է հնարավորություն ունենա հասնելու իր առջև դրված նպատակներին։

Միջոցառման ծրագիրն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ՝ հավասար հնարավորությունների ապահովման պետական մեխանիզմներից և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունից մինչև ներառական կրթություն, հաշմանդամության թեմայի լուսաբանումը լրատվամիջոցներում և հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը։

Ողջունելով մասնակիցներին՝ ՌՀՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանն ընդգծել է համալսարանական կրթության դերը մասնագիտական կարողությունների, արժեքների և ներառականության, հավասարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման գործում։

«Հավասար իրավունքներից՝ հավասար հնարավորություններ» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել հանրային քաղաքականության, ռազմավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտների մասնագետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։ «Երևանի երեխաների խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանը ներկայացրել է զարգացման առանձնահատկություններ ունեցող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ ուշադրություն հրավիրելով անհատական մոտեցման, կրթության հասանելիության և որոշումների կայացմանը երեխաների մասնակցության կարևորությանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող արդիական հետազոտությունները։ «Sputnik Արմենիա»-ի լրագրող, թղթակից Աստղիկ Սուքիասյանն անդրադարձել է հաշմանդամության ոլորտում առկա խնդիրների և հոգեկան առողջության թեմայի գրագետ լուսաբանմանը։

Համաժողովի մյուս թեմաների շարքում էին կրթության իրավունքի սահմանափակումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության դրսևորում, հաշմանդամության և հոգեկան առողջության հարցերի պատասխանատու լուսաբանումը, հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը և զբաղվածության ոլորտում ներառական քաղաքականության զարգացումը։

Միջոցառման մոդերատորն էր ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել