Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը փոքրիկ Սերյոժայի մասին խոսելիս արտասվեց

Փետրվար 02,2015 16:00

Գյումրեցիներն ասում են՝ «մեծ դարդին մեծ խելք է պետք»

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը որոշ ուշագրավ դիտարկումներ արեց Գյումրիի ողբերգական դեպքի հետ կապված:

Ինչպես հայտնի է, դեպքի վայրում 2 չկրակած պարկուճ էր հայտնաբերվել, եւ հարց էր առաջանում՝ եթե փամփուշտ ունեցել է, ինչո՞ւ է ոճրագործը փոքրիկ Սերյոժային սվինահարել: Հովհաննես Մարգարյանի պատմելով՝ «Ինքը փորձել է կրակել, խցանում է տեղի ունեցել: 2 տարեկան երեխային խփելուց հետո երկու փամփուշտ միանգամից է մտել փող: Ոնց որ Աստված ձեռքը բռնի: Ինքն էլ դանակով է անցել գործի, ի՞նչ ասես սրան: Ի վերջո՝ ոնց որ Աստված փրկում է Սերյոժային այդ պահին, ասում է՝ բարուրի միջի երեխային ո՞նց է ձեռդ գնում, պիտի գցեիր զենքդ, փախնեիր, չէ՞: Կամ՝ եթե նույնիսկ աֆեկտի տակ այդ հասակի երիտասարդը մարդ է սպանում, այդ տականքին, այդ վիժվածքին որտեղի՞ց այդքան ահ, որ դանակը հանում է ու սկսում է մեր փոքրիկ Սերյոժային դանակով խփել»:

Հովհաննես Մարգարյանը մի կերպ էր զսպում հուզմունքը, բայց փոքրիկ Սերյոժայի անունը տալուն պես արցունքները գլորվեցին. «Չի տեղավորվում ուղեղումս, ո՞նց կարող էր»:
Մեր հարցին՝ որպես գյումրեցի, Ձեզ համար վիրավորական չի՞, որ հայ պատգամավորին թողնում են բանալու անցքից տեսնել Պերմյակովին, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ մեր իրավապահ մարմինները պետք է ոչ միայն միջամտեին, այսօր ի սկզբանե ավելի հստակ մեզ ինֆորմացիա պետք է տային այն չափ, որը չէր վտանգի գործընթացը, որպեսզի մենք կարողանայինք նաեւ օգտվել մեր բոլոր իրավունքներից: Իրավապահ մարմինները տեսել են Պերմյակովին ոչ թե բանալու անցքից, այլ նորմալ տեսել են: Չեմ ասում՝ մեծ լավություն են արել մեզ, որ թողել են տեսնել, այլ մենք պետք է նրանց մասնակցությունն ապահովեինք, ոչ թե հակառակը: Ես շարունակում եմ մնալ այն համոզման, պաշտպանում եմ գյումրեցիներիս պահանջը, որ հայ իրավապահները պետք է գործը քննեն: Այլ բան, որ մենք ապահովենք ռուսական կողմի մասնակցությունը»:

Մեր հարցին՝ ըստ Ձեզ՝ Վալերի Պերմյակովին ռուսական ռազմաբազայում անօրինակա՞ն են պահում, թե՞ օրինական, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այս պահի դրությամբ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա այն մասին, թե ի վերջո՝ ով է ձերբակալումն իրականացրել եւ ինչ հանգամանքներում: Եթե Պերմյակովը սահմանը խախտելու փորձ է կատարել եւ այդ պահին է ձերբակալվել, ռուս սահմանապահները պարտավոր էին հանձնել ՀՀ անվտանգության մարմիններին: Սա նախատեսված է միջազգային կոնվենցիաներով եւ պայմանագրով էլ: Մինչեւ մենք վերջնական չունենանք այս հարցի պատասխանը, ես չեմ կարող ասել՝ օրինակա՞ն են պահում, թե՞ իրավունք են խախտում: Լսումների ժամանակ բավականաչափ հարցեր հնչեցին գլխավոր դատախազին: Մասնավորապես այն, որ ՀՀ-ում այդ տականքը այդ ոճրագործությունը կատարել է, եւ վերջը դատարանը վճիռ ընթերցելուց հանուն ո՞ր հանրապետության է վճիռը կարդալու: Իմ պատկերացմամբ եւ միջազգային օրենսդրությամբ՝ պետք է կարդան հանուն Հայաստանի Հանրապետության: Բայց սրանք հարցեր են, որոնք կուտակվել են: Մենք ինֆորմացիա չունենք եւ չենք կարող ոչ քաղաքական, ոչ բարոյական գնահատական տալ»:

Մեր հարցին՝ ի՞նչ տրամադրություններ կան Գյումրիում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Բոլորի մոտ եթե-ները շատ են: Մխիթարվել հնարավոր չէ այս ամենի մեջ, ինչ որ մենք տեսանք: Գյումրեցին ասում է՝ էս ի՞նչ զուլում եկավ: Միակ բանը, որ ուզում էինք մխիթարվել ու ամբողջ ազգով էինք ուզում, Սերյոժան էր: Հիմա մնում է իմանանք ամեն ինչ, հայտնի դառնա: Ժողովուրդը չի լռի, մինչեւ իր համար պարզ չդառնա: Կարծում եմ, որ ռուսական կողմն էլ շահագրգռված է, որ գործը բացահայտվի: Այսպիսի բան հնարավոր չէր: Սա աննախադեպ մի բան էր: Գյումրեցիներն ասում են՝ մեծ դարդին մեծ խելք է պետք»:

Հարցին՝ չունե՞ք մտավախություն, որ «կուլ կգնանք» ՌԴ-ին նույնիսկ այս հարցով, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ ուզենա, որ այդպես մտածենք: Սա ամենադաժան ձեւով իրականացված ողբերգություն է, ինչի՞ համար պետք է կուլ գնա: Չեմ կարծում: Այսօր մեր պահանջն արդար է: Ես վստահ եմ, որ ռուսական կողմին առաջնահերթ պետք է սա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728