Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կա խումբ, որը դիմակավորված, ազատ գործում է իշխանության հովանավորության տակ». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 11,2015 12:25

«ԱՄՆ դեսպանն այլեւս ՀՀ-ում է, հույս ունեմ, որ դեսպանը շատ ակտիվ գործունեություն կծավալի: Ինքը ԱՄՆ քաղաքականությունն այստեղ տարածելով՝ հնարավորություն կընձեռի, որ ժողովրդավարական արժեք ունեցող դաշտը համատեղ գործի, երկրում իրական քայլեր իրականացնենք: Խոսքը իշխանափոխություն իրականացնելու մասին չէ: Դա մեր ներքին խնդիրն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հետո նա անդրադարձավ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի միջադեպին: Նրա խոսքերով՝ «Արտակ Խաչատրյանի դեպքը հերթական դեպքն էր, առաջինը չէր, որ մենք այլ մոտեցում ունենանք: Շարմազանովն ասում է՝ հուզական չպետք է լինել, դեմագոգիկ եւ այլ բառեր է օգտագործում: Չեմ ուզում ասել՝ չօգտագործի, թող օգտագործի, բայց իրականություն կա: Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի համար գիտենք ով է արել, ով է պատվիրել՝ պատիժ եղե՞լ է՝ ոչ: Արամ Մանուկյանին ծեծողը հայտնաբերվել է, տեսախցիկ է եղել: Բայց ի՞նչ հոդված են կիրառել: Եթե մարդու մոտ սարքերը ուղեղի ցնցումն արձանագրում են, դա ոչ թե թեթեւ վնասվածք է, այլ՝ ծանր, որը մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում: Բայց իշխանությունները, պարզ է, միանշանակ մասնակցություն ունեցել են դրա մեջ՝ հաշվի առնելով հոդվածը: Ինչ վերաբերում է Արտակ Խաչատրյանի դեպքին, ե՛ւ Սուրեն Սարգսյանը, ե՛ւ Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, ե՛ւ նա դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկվեցին: Տեսնում ենք, որ կա խումբ, որը դիմակավորված ազատ գործում է, իսկ դա կարող են անել իշխանության հովանավորության տակ: Ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունների պատասխանատվությունը կա այս հարցում եւ ցավում եմ, բայց իրենց մասնակցությունն էլ կա»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Արտակ Խաչատրյանի դեպքում բողոքն ավելի մեծ եղավ, ինչը սկսել են շահարկել. «Ես այդտեղ պարսավելի երեւույթ չեմ նկատում: Կենցաղում էլ, եթե ունենք մեծ բարեկամություն, ինչ-որ դեպք երբ կատարվում է, աղմուկը մեծ է լինում: Այս դեպքում էլ բազմամարդ, մեծ ռեսուրսներով կուսակցության խորհրդի անդամ է, պարզ է, որ արձագանքը շատ ավելի սուր է լինում: Եթե նախորդ դեպքերի ժամանակ աղմուկն ավելի մեծ լիներ՝ այս դեպքերը չէր լինի: Եթե 2013-ի կեղծված ընտրություններից հետո պայքարեին՝ չէր լինի այսպես: Ստացվել է այնպես, ինչպես հիմա: Ավելի լավ է ուշ, քան երբեք տարբերակով առաջ շարժվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728