Շեքսպիրյան մոտիվներով
Նայում ես մեր «արքունիքի» անցուդարձին ու ակամա մտաբերում Մարցելոսին Շեքսպիրի «Համլետից», որը, պալատական խարդավանքներից գլուխ չհանելով, եզրակացնում է․ «Մի բան է փտել Դանեմարքայում»։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պետք է պաշտոնանկվեր խոստովանություն անելու համար։ Իրոք, ոչինչ այնպես չի բացում մարդու լեզուն, ինչպես պաշտոն կորցնելը։ Պարզվում է՝ դեռ երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելիս նա այլ կարծիք ուներ, քան իր ղեկավարը, թե ինչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը ԵՄ-ի հանդեպ։
Նրա «հուշերի» մնացած մասն արդեն ձանձրալի էր լսել․ նախկին ԱԽ քարտուղարը երկչոտորեն կրկնում էր այն, ինչ փորձագետները տարիներ շարունակ բարձրաձայն էին ասում։ Պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում Անվտանգության խորհրդում համախոհ ենք ունեցել։
Կարդացեք նաև
Նախկին պաշտոնյայի աստղը, թերևս, հանրային երկնակամարում երկար չփայլեց․ այն խամրելու համար բավական էր, որ վարչապետի կինը հրապարակավ հանդիմաներ Երևանի քաղաքապետին։ Գլխավոր ինտրիգն այժմ այն էր, թե ինչպես կարձագանքի դեռ պաշտոնավարող անձը։ Վերջինս սպասեցնել չտվեց ու զգուշորեն հրամցրեց տիկնոջն իր բացատրությունը։
Հանրության աչքի առաջ ծավալվող պալատական այս բանսարկության մեջ ակամա ներքաշվեց նաև պաշտպանության նախարարը։ Նրան, սակայն, ավելի համեստ պատիվ էր վերապահված․ հանդիմանողը վարչապետի կնոջ օգնականն էր (!!!)։ Նախարարն էլ, պահպանելով «արարողակարգը», նախընտրեց իր բացատրությունը հնչեցնել օգնականների շուրթերով։
Այսպես էլ պարզվեց՝ ժողովրդից եկող քննադատությունը հանգիստ կարելի է անտեսել․ բավական է այն վերագրել «հակապետական» ընդդիմության հերթական խարդավանքին։ Այլ է վիճակը, երբ քննադատությունը հնչում է «պետականամետ» այլախոհների ճամբարից։
Չեմ զարմանա, եթե դեռ գտնվեն մարդիկ, որոնք այս ամենի մեջ խղճի զարթոնքի մի նշույլ փնտրեն։ Նրանց ես կհիշեցնեմ Համլետի ու Ռոզենկրանցի երկխոսությունը։
ՀԱՄԼԵՏ. Ի՞նչ լուր։
ՌՈԶԵՆԿՐԱՆՑ. Ոչինչ, տեր իմ, այն միայն, որ աշխարհն ազնվացել է։
ՀԱՄԼԵՏ. Ուրեմն վերջին դատաստանը մոտեցել է։ Բայց Ձեր լուրը ճիշտ չէ։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան



















































