Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գոռ Առաքելյանի (Յուվեցի Կարոյի փեսայի՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի), Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Դատարան են այսօր ներկայացել վկաներ, որոնք մասնավորապես ցուցմունք տվեցին անցյալ տարվա հունիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների մասին: Վկա Նորիկ Սարգսյանը, որը գործիքներ եւ պահեստամասեր է վաճառում Վերնիսաժում, ասաց, որ «առեւտուր էինք անում, մենք բան չէինք տեսնում, կրակում էին, մենք էլ պախկվել էինք, երկու մեքենա կային՝ սեւ եւ սպիտակ, մեկը խանգարում էր մուտքը»: Այս կցկտուր ցուցմունքն ավարտելուց հետո հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ նա գտնվել է տարածքում, ինքը կրակոցների ձայն է լսել եւ իրեն թվացել է, թե սալյուտ է: Ըստ նրա՝ բոլորը պատմել են, թե դեպք է կատարվել: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասել: 4-5 կրակոց է լսել:
Երբ հրապարակվեց վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, պարզվեց նաեւ այն պատճառը, թե ինչի հետ է կապված եղել այդ վեճը՝ ավտոմեքենայի՝ մեկ այլ մեքենայի մուտքը փակելու հետ կապված:
Վկաներից Արկադի Բաղդասարյանը, որը նախկինում ոստիկան է եղել, դատարան էր ներկայացել փաստաբանի՝ Միհրան Պողոսյանի հետ: Նա ասաց, որ նշված օրը եղել է Վերնիսաժում, զբաղվել է առեւտրով, ժամը 13-ի կողմը լսել է ձայներ: Ըստ նրա՝ Վալերիկը եւ Ներսեսը ծեծում եւ հայհոյում էին Գոռին, իսկ Գոռը ավելի շուտ պաշտպանվում էր: Այս վկան տեսել էր, որ Ներսեսը եւ Վալերիկը վազել են դեպի X-6 մեքենան, Ներսեսը կիսով չափ մտել էր մեքենան, այնտեղից ինչ-որ բան վերցրել: Ըստ վկայի՝ նրանք կրակել էին Գոռի ուղղությամբ, իսկ Գոռը փախել-մտել էր Վերնիսաժ, Ներսեսն էլ ասել էր՝ «փամփուշտները պրծավ, հեսա կսատկացնեմ»:
Կարդացեք նաև


Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ





















































