Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարգսյան. «Տրտնջալով ոչնչի չես հասնի: Աշխատել է պետք»

Փետրվար 12,2015 13:00

Տարվա այս ժամանակահատվածը ձմեռային մարզձեւերի ամենաեռուն շրջանն է: Հայաստանում համեմատաբար ակտիվ են դահուկավազքը եւ լեռնադահուկային սպորտը: Ինչպե՞ս է մրցաշրջանն ընթանում մեր մարզիկների համար: «Առավոտը» զրուցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան: Հիմա ձմեռային մարզաձեւերի ամենաեռուն շրջանն է: Հայաստանի դահուկային սպորտում ի՞նչ զարգացումներ են ընթանում:

– Պատասխանս երկու մասի բաժանեմ. դահուկային սպորտի մասսայականություն եւ մեծ սպորտ: Երկու ոլորտներով էլ ֆեդերացիան աշխատում է եւ երկու ոլորտներում էլ բավականին զարգացում կա: Մասսայականության առումով վերջին տարիներին հանրապետության տարածաշրջաններին օգնեցինք գույքով: Ցավոք, պետությունը, համայնքները այս հարցում առավել օգտակար լինելու հնարավորություններ չունեն, թեեւ մարզադպրոցների մեծամասնությունը գործում է համայնքների հաշվեկշռում, որոնք ի վիճակի չեն համապատասխան գույք ձեռք բերել: Ֆեդերացիայի այս նախաձեռնությունն արդյունք արդեն բերել եւ բերելու է: Վերլուծելով դեկտեմբերին անցկացված հանրապետության պատանեկան առաջնության արդյունքները` տեսանք, որ, օրինակ, դահուկավազքում ունենք աշխարհագրության ընդլայնում` հաթողներ եղան Վանաձորից եւ Հրազդանից: Իսկ առաջ հաղթողները հիմնականում Գյումրիից էին լինում: Այսինքն, զգացվեց, որ տարածաշրջաններն սկսել են շնչել, արդեն մրցակցություն կա: Իսկ վարպետությունը, ինչպես հայտնի է, սկսվում է մասսայականությունից եւ մրցակցությունից: Նույնը` նաեւ լեռնադահուկային սպորտում, երբ հունվարին Ծաղկաձորում «Համաշխարհային ձյան օր» ծրագրի շրջանակներում անցկացված մինչեւ 12 տարեկանների առաջնությանը մասնակցեց 50 երեխա: Տարիներ առաջ ամբողջ Հայաստանում բոլոր տարիքային խմբերում միասին վերցրած այդքան լեռնադահուկորդ չկար:

Ինչ վերաբերում է մարզական արդյունքներին, այստեղ նույնպես նկատելի առաջընթաց կա: Հենց թեկուզ Հայաստանի առաջնությունում, որը մտած է միջազգային ֆեդերացիայի օրացույց եւ վարկանիշային միավորներ է տալիս: Այսինքն, Հայաստանի 15 տարին լրացած եւ համապատասխան կոդ ունեցող բոլոր մարզիկներն առանց արտասահման` մրցումների մեկնելու (այդ ժամանակ սահմանափակ թվով դահուկորդների գործուղելու հնարավորություն է լինում), պայքարում են վարկանիշային միավորների համար: Դա նույնպես նպաստում է մասսայականացմանը եւ արդյունքների աճին: Սրա արդյունքն էլ այն է, որ եթե ժամանակին մտածում էինք ընդամենը վարկանիշ ունենալու մասին, հիմա արդեն` տեղեր զբաղեցնելու:

– Օրինակ կարո՞ղ եք բերել:

– Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը, որը օրերս Ղազախստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 (15 կմ` դասական+15 կմ ազատ ոճ) կիլոմետր վազքում գրավեց 10-րդ տեղը: Սա Հայաստանի դահուկային սպորտի պատմության մեջ շատ լուրջ արդյունք է, երբ հայ մարզիկը իր տարիքային խմբում աշխարհի դահուկային գերտերությունների դահուկորդների հետ մրցակցությունում պայքարում է բարձր տեղերի համար:

– Այսինքն, դահուկային սպորտի ֆեդերացիան հիմնական ուշադրությունը դարձնում է պատանիների ու երիտասարդների վրա՞:

– Կարելի է այդպես էլ ձեւակերպել` հատկապես լեռնադահուկային սպորտում: Ցավոք, մենք ունեցանք մի ժամանակահատված, երբ մեծահասակների ու երիտասարդների եւ պատանիների միջեւ մի տեսակ կտրվածություն առաջացավ եւ ֆեդերացիան որոշեց աշխատանքի մեծ բաժինը նպատակաուղղել պատանիներին, թեկուզ մեկ-երկու տարի կորցնելով: Հիմա արդեն պատանիները բավականին լավ մարզավիճակով մասնակցում են տարբեր մրցումների: Մեծ նշանակություն ենք տալիս նաեւ մարզիչների որակավորման բարձրացմանը: Փետրվարի սկզբին ՀԱՕԿ-ի հետ համատեղ կազմակերպեցինք մարզչական սեմինար, որն այստեղ անցկացրեց միջազգային ֆեդերացիայի լավագույն փորձագետներից մեկը, որը զուգահեռաբար աշխատեց նաեւ երեխաների հետ ու նշելով, որ մի քանիսին ճիշտ աշխատանքի դեպքում լավ հեռանկար է սպասվում: Ցավոք, աղջիկների հետ ենք խնդիրներ ունենում, ինչը հատուկ է նաեւ մյուս մարզաձեւերին:

– Դահուկային սպորտում ո՞ր մրցաձեւերն են մեզանում ավելի զարգացած:

– Լեռնադահուկում` հատուկ եւ հսկա ոլորավայրէջքը, դահուկավազքում`միջին եւ երկար մրցատարածությունները:

– Ֆեդերացիաները, սովորաբար, տրտնջում են պետական անբավարար ֆինասավորումից: Ձեր մոտ վիճակն ինչպիսի՞ն է:

– Ցավոտ հարց է: Բայց հասկանում ենք, որ դա է հնարավորությունը, հետեւաբար, ուղիներ պետք է գտնել: Մեր ֆեդերացիայի պետական աջակցությունը երկու մարզաձեւերի համար տարեկան 12 մլն դրամ է: Այսինքն՝ մի մարզիկի ամբողջական հանդերձանքի գումար: Դահուկային սպորտը շատ թանկ մարզաձեւ է: Դահուկները` տարբեր ձյան ու եղանակների համար, հանդերձանքը, կոշիկները, փայտերը, ամրակները եւ այլն հազարավոր եվրո արժեն: Համեմատության համար` Ավստրիայի հավաքականի կազմում մարզիկ կա, որ 30 զույգ դահուկ ունի: Էլ չեմ խոսում հավաքների ու մրցումների թիմ գործուղելու մասին: Հավաքների ժամանակ, ինչպես Ֆինլանդիայում, մենք նույնիսկ ձյան` արհեստական ձյան, գումար ենք վճարում մրցուղուց օգտվելու համար: Բայց դա չի նշանակում, որ պիտի անգործ նստենք ու տրտնջանք: Համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի, տարբեր միջազգային մարզական կառույցների հետ, մասնակցում ենք միջազգային տարբեր ծրագրերի: Մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանը, ֆեդերացիայի մյուս անդամները փորձում են հովանավորներ գտնել, օգտագործում են իրենց միջազգային հեղինակությունն ու կապերը` լուծումներ գտնելու համար: Օրինակ, 2009-ին այստեղ լեռնադահուկի միջազգային վարկանիշային մրցաշար անցկացնելու առիթով մեզ ամբողջությամբ աջակցեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Վերջերս պարոն Արմեն Երիցյանի շնորհիվ ֆեդերացիան արդեն երկրորդ անգամ գույք եւ հանդերձանք նվեր ստացավ Ավստրիայից: Կամ` պարոն Երիցյանի ջանքերով մեր մարզիկներին արտագնա հավաքների, մրցումների ժամանակ քոթեջներ են տրամադրում, ինչը նույնպես մեծ աջակցություն է: Մի խոսքով, աշխատում ենք բացը լրացնել հնարավոր բոլոր միջոցներով: Իսկ եթե սպասված արդյունքներ չլինեն, ուրեմն մեղավորը մենք ենք, որ լավ չենք աշխատել:

– Հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են 2018 թվականին` Կորեայում: Հայաստանը քանի՞ վարկանիշ կարող է ձեռք բերել:

– Դժվար հարց եք տալիս: Աշխատում ենք դահուկավազքում երեք տղա եւ մեկ աղջիկ ունենալ, իսկ լեռնադահուկում առնվազն` մեկ տղա: Սոչիի օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ մեր մարզիկներն այդ ներուժը ունեն: Բայց ժամանակը ցույց կտա, քանի որ դահուկավազքում պայմանները շատ խիստ են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728