«Այն (Սյունիքի թագավորությունը) ուներ իրեն ենթակա քառասուներեք բերդ, որոնցից տասներկուսն անվանի էին, քառասունութ վանք, հազար ութ գյուղ, մայրաքաղաքն էլ Կապանն էր»։ Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն»
2026 թ․ հոկտեմբերի կեսերից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը շարունակում էր ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք սկսվել էին 2024 թվականին։ Այս կարևոր աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի ֆինանսավորմամբ։
Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Մ. Սարգսյանը։
Խմբում են աշխատում նաև հնագետ Լևոն Մկրտչյանը և «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, պատմաբան Ալյոշա Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Արդեն պարզ է՝ հնավայրն իրենից ներկայացնում է հին՝ պատմական Կապան քաղաքը, որը հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 10-րդ դարում՝ 987 թվականին հիմնադրված Սյունիքի (Կապանի) թագավորության օրոք, դարձել է երկրամասի քաղաքական և մշակութային կենտրոնը՝ մայրաքաղաքը։ Պեղումները հիմնականում կատարվում են միջնաբերդի մոնումենտալ շինությունում: Դեռևս անցած 2025-ին այստեղ հողի տակից բացվեցին վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը, զարգացած միջնադարի արքայական բնակելի սենյակն ու ընդունելությունների դահլիճը և ուշ միջնադարի ձիթհանը, որի քարը պահպանվել է։
Այս տարի համակառույցի հյուսիսային հրապարակի եզրին բացվել է նաև սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոցը, որով, ըստ հնագետների նախնական վարկածի, տաքացվել է արքայական բաղնիքի ջուրը: Վերջին պրպտումների արդյունքում ընդունելությունների դահլիճի սալահատակի տակից հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող արքայական գավազանի միաձույլ բրոնզյա գլուխը, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարան։
Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի զարդաքանդակված բրոնզյա եռանկյունի անկյունակալ և փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին այցելեցի հնավայր, որտեղ շարունակվում էին պեղումները։ Գ․ Սարգսյանն ասաց՝ եղանակային պայմաններն արդեն խանգարում են, և շուտով կավարտվեն այս տարվա աշխատանքները։ Օրվա ընթացքում մշակութային ստորին շերտից գտնվեցին պղնձյա 2 դրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակի մի քանի երկաթյա մեխ-գամ, ինչպես նաև կավե ամանների բեկորներ։ Արքայական պալատներից մոտ 30 մ հարավ պահպանվել է միջնադարյան մատուռի ավերակը՝ ուղղանկյուն խորանով։ Մուտքն արևմուտքից է․ ձախ կողմում պահպանվել է պարզունակ խաչքար։
Ըստ հնագետ Գ․ Սարգսյանի՝ այս մատուռը ծառայել է արքայական ընտանիքին։ Հնավայրում դեռևս խորհրդային տարիներին՝ 1988-ին, հնագետ Վահան Գայսերյանի կողմից կատարվել են որոշ ուսումնասիրություններ, տարածքը ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան, բայց ծածկված լինելով ծառերով ու թփերով, մացառներով՝ մնացել է ուշադրությունից դուրս։ 2023-ին հնագետները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ պետք է լինի Սյունիքի երբեմնի մայրաքաղաքը, սկսել են հնագիտական ուսումնասիրություններ։
2024-ին Սյունիքի ամրոցներն ուսումնասիրելու ծրագրում արդեն ընդգրկվել է նաև «Կապան» հնավայրը։ Սյունիքի երբեմնի մայրաքաղաքի մասին տեղեկություններ կան 13-րդ դարի մատենագիր, Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303) Ստեփանոս Օրբելյանի (մոտ 1250 – 1303 կամ 1305) «Սյունիքի պատմություն» գրքում։
Պատմիչը գրում է․ «Այն օրերին ծաղկում էր այս իշխանների ազգական Ձագիկ մեծ իշխանը՝ Սիսական տոհմից /լի/ ամենայն բարեպաշտությամբ, որը բաժին ուներ Բաղաց աշխարհն ու Կապան քաղաքը» (Երևան 1986, «Սովետական գրող»․ էջ՝ 192)։ Խոսքը Ձագիկ 3-րդ իշխանի մասին է, ով Աշոտ Երկաթ թագավորի օրոք (915-930 թթ.) էր տիրում Բաղաց աշխարհը։ Ձագիկի մահից հետո Բաղաց աշխարհի իշխանն է դառնում նրա ավագ որդին՝ Ջևանշիր Երկրորդը, իսկ մյուս որդին՝ Վահանը, հիմնում և կառուցում է Կապանի այնժամանակվա գլխավոր սրբատունը՝ Վահանավանքը՝ մայրաքաղաքից 3 կմ հեռու։ Սրբատուն բոլորը ոտքով են գնացել՝ մասնակցելու հոգևոր տարբեր արարողությունների։ Ստ․ Օրբելյանի գրքի «Հակոբի ապստամբվելը և իր կյանքի վախճանը։ Հայոց Կաթողիկոս Անանիայի երեք անգամ Սյունիք գալը, Վահանին եպիսկոպոս ձեռնադրելը և Աղվանքը հնազանդեցնելը» ԾԲ գլխում կա հետևյալ հիշատակությունը․ «․․․իսկ ինքը (կաթողիկոսը Զ․ Ը․) գնաց Կապան քաղաք։
Նրան ընդառաջ ելնելով՝ բանադրված Ջևանշիր իշխանը՝ զղջմամբ խոստովանեց իր մեղքերը։ Նույնպես եկավ Սյունյաց գահերեց իշխան Վասակը՝ Աշոտի որդի Սմբատի որդին, գեղեցիկ խոստովանությամբ մեղա եկավ։ Այսպիսով միասին /կաթողիկոսից/ իրենց հանցանքների համար ներում ստանալով՝ նրան տարան, իջեցրին Կապան քաղաքի արքունական գահի վրա» (էջ՝ 246)։ Սյունյաց աշխարհի մայրաքաղաքի ավերման մասին պատմիչը հիշատակում է «Կապանի ավերման ու բերդերի գրավման պատճառը․ Բաղաց թագավորության իսպառ վերացումը և Սիսական տոհմի վերջը» ԿԱ գլխում։
«Այն տարում, երբ Հայոց հինգ հարյուր հիսուներկու թվականն էր (1103 թ․), եղավ Կապան գավառի և Բաղաց ամուր աշխարհի ավերման ու նրանց թագավորների և իշխանների տիրապետության վերացման սկիզբը․․․ 552 թվականին մի օր, երբ քաղաքացիներն անհոգ դրության մեջ էին, Տերը կորստյան մատնեց մարդկանց համար անառիկ Կապան քաղաքը․ անիծյալ Չորթմանն (եղել է Պարսից արքա Մելիքշահի սիրելի մատռվակը և վրեժխնդիր է եղել Սյունիքի Սենեքերիմ թագավորից, ով իր աղջկան կնության չի տվել իրեն․ Զ․ Ը․) իր վրեժը լուծելու համար անսպասելիորեն հարձակվեց քաղաքի վրա․․․ Բոլոր զորքերը մտան ու ջարդեցին, կոտորեցին ամբողջ բնակչությանն առհասարակ։ Սակայն բերդի նկատմամբ ոչինչ չկարողացան ձեռնարկել և ետ դարձան իրենց տեղը» (էջ՝ 277-279)։ Ըստ պատմիչի՝ այդ մասին նա կարդացել և իմացել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Ստեփանոսի (աթոռակալել է 1116-1142 թթ․) թղթից՝ գրված Անիում՝ Մխիթար Անեցի պատմիչի խնդրանքով։ Իսկ Կապան ամրոցը, ինչպես գրում է Ստ․ Օրբելյանը, հիմնովին ավերվել է ամիր Հարոնի կողմից։ «Հինգ հարյուր յոթանասունհինգ թվականին (1126 թ․) եկավ ամիր Հարոնը և բնաջնջեց Կապանի տունն ու Արևիք գավառը․․․» (էջ՝ 279)։
Չնայած տարածքի՝ ամբողջովին անտառապատ ու մացառապատ լինելուն, զգացվում է՝ բնակավայր-ամրոցատեղին եղել է պարսպապատ։ Որոշ հատվածներում պարիսպները երկշերտ են։ Նշված կառույցների արևելյան կողմում պահպանվել է երբեմնի հզոր աշտարակի մի հատվածը՝ մոտ 4 մ բարձրությամբ ու ցլագլխի պատկեր քարով։ Հնավայրի արևելյան, հարավային կողմերում անտառապատ բարձրաբերձ ժայռեր են, նաև ձորեր։ Նույն ժայռերից են իջել Չորթմանի հատուկ պատրաստված ժայռագնաց հրոսակները, նույն հեղեղատներով եկել։ Օրվա ընթացքում հնագետ Լ․ Մկրտչյանի և արշավախմբին օգնող Արթուրի հետ հասանք նշված հեղեղատի սկիզբ, այս հատվածում պահպանվել են քաղաքը պատող պարիսպների որոշ հատվածներ։ Կապան մայրաքաղաքը հնարավոր է՝ ունեցել է մի քանի դարպաս, որոնցից գլխավորը գտնվում է արևմտյան կողմում՝ դեպի Բաղաբերդ տանող ճանապարհ։ Ողջիի վրա պահպանվել է կամրջի ավերակը։
Պատմական այս քաղաքից ոչ հեռու Սյունիքի հզոր ամրոցներից Բազաբերդն է՝ Ողջիի ձախ ափին։ Սյունիքի մայրաքաղաքը վերջնական ավերվել է 1126 թվականին Ամիր Հարունի հրամանատարությամբ՝ սելջուկյան արշավանքների հետևանքով, սակայն թագավորությունն արդեն Բաղաբերդ անառիկ ամրոցի շնորհիվ գոյատևել է մինչև 1170 թվականը՝ լինելով Մեծ Հայքի վերջին անկախ հայկական թագավորությունը։
Հ․ Գ․ Հայտնաբերված բացառիկ գտածոները առաջիկայում կներկայացվեն հանրությանը՝ Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրության շրջանակում։
Զոհրաբ Ըռքոյան
























































