Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային  ծառայող. «Եթե բոլորս զենք չվերցնենք, Ադրբեջանը չի պատերազմի»

Մարտ 07,2015 14:05

Դեբեդավանցին գերադասում է սեւագործ աշխատանք՝ բանակ գնալու փոխարեն

Արդեն մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող քաղաքային տնտեսության սպասարկման հիմնարկում աշխատում է Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի 18-ամյա բնակիչ Էդգար Արուտյունովը: Նրանց ընտանիքը Դեբեդավան է տեղափոխվել Բաքվից, Էդգարը ծնվել է Դեբեդավանում: Նրա 18-ամյակը լրացել է 2014թ. նոյեմբերի 29-ին: Պատանին գերադասել է ժամկետային զինվորական ծառայության չմեկնել, իր խոսքերով՝ «որպեսզի պատերազմել չսովորի»:

Նա, ինչպես իր ընտանիքի մյուս անդամները, Եհովայի վկաներ կրոնական ուղղության հետեւորդներից է; Քանի որ Նոյեմբերյան քաղաքից շուրջ 35 կմ հեռավորությամբ գտնվող Դեբեդավան գյուղից ամեն օր դժվար կլիներ Նոյեմբերյան աշխատանքի մեկնել, ուստի Էդգարը Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկ փողոցի «Անկյունային» կոչվող շենքում ամսական 20 հազար դրամով սենյակ է վարձել, այնտեղ է բնակվում:

Նոյեմբերյանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկության տնօրեն Աշոտ Ամիրաղյանը հայտնեց, որ զինկոմիսարիատի հետ կնքված պայմանագրով Էդգար Արուտյունովը 3 տարի ժամկետով այլընտրանքային ծառայություն է անցկացնելու, իր աշխատանքի դիմաց պետությունից ամսական ստանալու է 30 հազար դրամ: Արուտյունովների ընտանիքը նախկինում ընտանեկան նպաստ է ստացել, այժմ այդ գործընթացը դադարեցված է, որովհետեւ Էդգարի ամսական դրամական եկամտի չափի մասին տեղեկանքը դեռեւս Նոյեմբերյանի սոցիալական կենտրոն չի ներկայացվել: Էդգարն ասաց, որ իրենց ընտանիքը Դեբեդավանում մեկ հեկտար հող ունի, որի մի մասը խաղողի այգի է:

Աշոտ Ամիրաղյանը հայտնեց, որ Էդգարը պատրաստակամ կատարում է իրեն տրված հանձնարարությունները. փողոցը բահով մաքրում է հողի շերտից, էլեկտրական հոսանքի հենասյուն է տնկում եւ այլն: Ա. Ամիրաղյանն ասաց, որ առաջիկայում Էդգարին, որպես բանվոր, կցելու է քաղաքի աղբատար մեքենային, որպեսզի նա բնակիչներին օգնի կենցաղային աղբը մեքենայի մեջ թափել: Նիհարակազմ, թխահեր Էդգար Արուտյունովը մեր զրույցի ժամանակ խնդրեց իրեն չձայնագրել եւ չլուսանկարել:

Նա ասաց, որ փոքր տարիքից  եղել է Եհովայի վկա: Նրա պատմելով՝ Դեբեդավան եւ դրան հարակից Բագրատաշեն գյուղերում շուրջ 40 հոգի Եհովայի վկա է: Էդգարին հարցրինք՝ եթե շատերը քո նման  կրոնական համոզմունքների պատճառով զենք չվերցնեն, Ադրբեջանն էլ զինված հարձակում գործի Հայաստանի վրա, ինչպե՞ս է լինելու: Նրա պատասխանը հետեւյալն էր. «Եթե մենք՝ բոլորս զենք չվերցնենք. Ադրբեջանը մեր դեմ չի պատերազմի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    եդ բոլորդ Բաքվում զենք էյիք վերցրել, որ ձեր վրա հարձակցվեցին: ախր ծնողներիդ հետ պատահածը ասածիդ հակառակի ապացույցն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031