Աշխարհում լավագույնը համարվող ֆրանսիական խոհանոցը, կամ ավելի ճիշտ՝ «Ֆրանսիացիների գաստրոնոմիական ճաշը», 2010թ. նոյեմբերի 16-ին գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Ֆրանսիական խոհանոցի ավանդույթները աշխարհով մեկ տարածելու նպատակով Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի նախաձեռնությամբ եւ աշխարհահռչակ ֆրանսիացի խոհարարար Ալեն Դյուկասի նախագահած մասնագիտական բարձրագույն քոլեջի օժանդակությամբ, մարտի 19-ին աշխարհով մեկ կազմակերպվեց մեծ ընթրիք ֆրանսիական ոճով՝ ֆրանսիական գաստրոնոմիային հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
Աշխարհի 147 քաղաքներում տեղակայված ֆրանսիական դեսպանությունների, գլխավոր հյուպատոսությունների թվում նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մարտի 19-ին շուրջ 60 հյուրերի համար մատուցվեց ֆրանսիական գաստրոնոմիական հրավառությունը՝ «էպիկուրյան ընթրիքների» ոգով: Goût de France / Good France (որը թարգմանաբար նշանակում է Ֆրանսիայի համը) անունով միջոցառումը բացեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Նորին գերազանցություն Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Նա պատմեց միջոցառման ծագման եւ նպատակների մասին, այն է՝ արժանին մատուցել հավասարը չունեցող ֆրանսիական խոհանոցին, նրա նորարարական հնարավորություններին եւ այն արժեքներին, որ նա տարածում է՝ միասին կիսել պահը, համեղ ուտեստները վայելելու հաճույքը, «միասին ապրելը»:
Կարդացեք նաև
Ընթրիքը, որ տեւեց գրեթե չորս ժամ, յուրօրինակ էր նրանով, որ նույն օրը եւ նույն ճաշացանկի շուրջ համախմբել էր ավելի քան 10 000 հյուրի՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նույն ճաշացանկով ընթրիք է մատուցել նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Վերսալի պալատում՝ հյուրընկալելով Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագետներին: Գաստրոնոմիական (խորտկագիտական) այս ընթրիքը կազմված էր ութ ճաշատեսակից. 1. հանրահայտ ֆրանսիական ֆուա-գրա՝ տապակված նշապատ խմորի մեջ՝ հատիկեղենի եւ կարմիր բազուկի թանձրուկով, 2. շոգեխաշած գույնզգույն բանջարեղենով նախուտեստ՝ սմբուկի պյուրեով եւ կանաչ թանձրուկով, 3. տրյուֆելի եւ սաղմոնի կտորներով հարած ձու՝ սաղմոնի ձկնկիթով, 4. հայտնի «Սեն Ժակ» ծովախեցիներ՝ մատուցված բանջարեղենով եւ բաստուրմայով, 5. լայմով սորբե՝ օղու մեջ, 6. տավարի ֆիլե՝ մատուցված կարտոֆիլի եւ շամպինյոնի պյուրեով, 7. ֆրանսիական ընտիր պանիրների տեսականի՝ մատուցված լոլիկի կոնֆիտյուրով, ընկույզի քաղցրահամ թանձրուկով եւ կարմիր գինուց պատրաստված թանձրուկով եւ ընթրիքի գագաթնակետը՝ 8. երեք տեսակի շոկոլադով պատրաստված աղանդերը: Այս ամենն ուղեկցվում էին համապատասխան խմիչքների հետ՝ որպես ապերիտիվ մատուցվեց ֆրանսիական կոնյակ, ապա սպիտակ գինի, հետո՝ կարմիր, վերջում՝ շամպայն:


ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»
21.03.2015























































