Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորում պուրակ հիմնվեց

Ապրիլ 02,2015 14:00

Օրերս ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ եւ ուսանողական տարբեր կառույցների ներկայացուցիչներ այցելել էին Արցախ: Շրջագայությունը կազմակերպել էին ԵՊՀ ռեկտորատը եւ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Արցախյան այցելությունն իրականացվում է տարվա մեջ մի քանի անգամ, որի շրջանակներում համալսարանականները մասնակցում են պատմական, գիտաճանաչողական ու մշակութային տարբեր միջոցառումների:

Իրականացված տարաբնույթ միջոցառումների շարքում կարեւոր մաս էր կազմում նաեւ ծառատունկը: Այս տարի, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքը, միջոցառման նախաձեռնողները ծառատունկը նվիրել էին պատմական կարեւոր իրողությանը:

Բերձորյան նորաստեղծ պուրակի եւ հուշաքարի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ինչպես նաեւ երկու համալսարանների աշխատակիցներ եւ ուսանողներ:

Մայր բուհի տարբեր ֆակուլտետների 100 ուսանողներ իրենց ծառը տնկեցին Բերձորում եւ այդ կարեւոր առաքելությամբ իրենց ներդրումն ունեցան նորաստեղծ պուրակի ստեղծման գործում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակում տնկվեցին 60 նոճիներ եւ 40 եղեւնիներ, որոնք հատուկ այս ծառատունկի համար բերվել էին Իրանի Իսլամական Հանրապետությունից:

«Արդեն ավանդույթ է, որ Մայր բուհը տարին երկու անգամ գալիս է Բերձոր կամ Արցախի այլ վայրեր` ծառատունկի: Այս տարվա ծառատունկը խորհրդանշական է, որովհետեւ այն այգին, որ հիմնվեց, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարածքում ավելի ուշ տնկվելու են նաեւ 100 ընկուզենիներ եւ կեռասենիներ: Երեւանի պետական համալսարանը, նրա ողջ ուսանողությունը, դասախոսական կազմը, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուհական ողջ աշխատողներն ու կոլեկտիվները միակամ են՝ Արցախ աշխարհում բարի գործեր անելու համար: Ծառատունկն էլ մեր փոքր ներդրումն է այդ բարի գործերի շարքում, եւ մենք Մայր բուհի անունից հավաստիացնում ենք, որ այսուհետ եւս ջանք չենք խնայելու` մեր եռանդը, նվիրումն ու հոգու ավյունը տալու Արցախում բարի գործեր անելու համար»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը համոզված է՝ բերձորյան պուրակը գեղեցիկ է լինելու, իսկ եկող սերունդը այն պարզապես վայելելու է. «Ես երջանիկ եմ, որ մասն եմ կազմում բնությունը սիրողների, այն հավերժ ու գեղեցիկ պահպանող ջոկատի: Այս գործը մենք սկսել ենք դեռեւս 1960-ականներից, բայց ահա Արցախյան շարժումից հետո կենտրոնացել ենք միայն Արցախում: Հիշում եմ` առաջին ծառերը ուսանողների հետ Մաճկալաշենում տնկեցինք: Մեզ հետ էր նաեւ լուսահոգի Խորեն Պալյանը, որը ծառատունկը զարդարում էր իր երգերով»:

Պարոն Մելիքյանը «Առավոտին» հայտնեց, որ Բերձորում տարիների ընթացքում տնկվել է ավելի քան 8.000 ընկուզենի ու սոսի, իսկ նոր տնկված նոճիներն ու եղեւնիները շատ դիմացկուն են: Դրանք կարող են դիմանալ մինչեւ 25 աստիճան ցրտին եւ մինչեւ 40 աստիճան ջերմությանը:

Այցելության ընթացքում նաեւ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված սեմինար-քննարկում էր կազմակերպվել Արցախի պետական համալսարանում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930