Հոչանց գետի աջափնյա լանջերին է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Շրվականը, որտեղ Սիսիանի Աղիտու գյուղից 1999 թ․ բնակություն հաստատեց Միքայել Թունյանի ընտանիքը՝ նորածին առաջնեկ Սարո որդու հետ։ Սարոն ընդամենը իրենից 1 տարի փոքր Հարություն եղբոր հետ հասակ առավ այստեղ։ Այստեղ ծնվեց նաև փոքր եղբայրը՝ Սարգիսը։ 1993 թ․ ազատագրվեց պատմական Քաշաթաղ գավառի Հոչանց և Աղավնո գետերի ավազանը, որտեղ դարեր շարունակ հայն էր ապրել։
Վերահայացած հայրենիքում այլ ոգով էին հասակ առնում երեխաները, կրթություն առնում։ Մեծ դպրոց էր նաև հայրենի բնաշխարհը՝ անտառապատ սար ու ձորեր, հորդառատ գետեր, շառաչուն ջրվեժներ։ Եվ նույն բնաշխարհում շատ էին հայկական պատմամշակութային հուշարձանները, որոնց մի մասի տեղը ցույց էին տալիս մեր երեխաները, ովքեր պատահաբար գտնում էին դրանք։ Սարոն դեռ պատանի էր, որ առաջին անգամ հանդիպեցի իրենց գյուղում՝ Շրվականում։ Մի քանի հուշարձանի տեղ էլ ցույց տվեց Սարոն ընկերների՝ Ավոյի և Արմանի հետ։ Իրենց գյուղում չէր հանրակրթական դպրոցը, այլ մոտ 7 կմ հեռու գտնվող Լեռնահովիտում։ Մեքենայով էին դպրոց հաճախում Շրվական և Սպիտակաջուր գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները։ Դժվար էր ճանապարհը, իսկ ձմռանը՝ հաճախ անանցանելի։ Սակայն դասերը միշտ ընթանում էին։ Երբեմն ձիով, երբեմն ոտքով էին աշակերտները դպրոց հասնում։ Իսկ դպրոցը տեղակայված էր ոչ հարմար շենքում։
Սարոն դպրոցական էր, որ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից հիմնանորոգվում էր Լեռնահովիտում գործող իրենց համայնքային դպրոցը։ Ընկերների հետ շատ էր օգնում շինարարներին, մեծ էր երեխաների ցանկությունը՝ սովորել բարեկարգ դպրոցում։ Մեծ խանդավառությամբ դպրոցականները, նաև Սարոն ու Հարութը, մասնակցեցին դպրոցի բացման տոնական միջոցառմանը, որին ներկա էր նաև ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Կարդացեք նաև
Ու ավարտեց միջնակարգը, և եկավ ժամանակը՝ տղերքը դարձան զինվորը հայրենիքի, մեկնեցին Հայոց բանակ։ 2 տարի առաջ Սարոյի Հարություն եղբայրը հոր՝ Միքայելի հետ Բերձորում էր՝ շրջանային զինկոմիսարիատում։ Ինձ համար միշտ էլ հաճելի էր՝ լուսաբանել տղերքի զորակոչը, զրուցել նրանց հետ, իմանալ ծնողների ու հարազատների վերաբերմունքը Հայոց բանակի մասին։ Բոլորի համար էլ հպարտություն էր՝ դառնալ հայրենիքի զինվոր, զինվորի ծնող, եղբայր ու քույր։
Հարությունի մասին գրել էի․ «Շրջանի հյուսիս-արևելյան ամենահեռավոր Լեռնահովիտի գյուղական համայնքի Շրվական գյուղից է Հարություն Թունյանը։ Եկել է հոր՝ Միքայելի, համայնքի ղեկավարի, ընկերոջ ուղեկցությամբ։ Ավագ եղբայր Սարոն արդեն 1 տարի է՝ ծառայում է հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում։ Հարությունը ցանկանում է ծառայել եղբոր հետ։ Տրամադրությունը բարձր է»։
Դրանից 1 տարի առաջ էր զորակոչվել Սարոն։ Դարձյալ զինկոմիսարիատում էի ու հանդիպեցի Սարոյին։ «Մերան» թերթում գրել էի․ «Հմայակ Քարամյանը Լեռնահովիտի գյուղական համայնքի Սպիտակաջուր գյուղից է, Սարո Թունյանը նույն համայնքի Շրվական գյուղից, Սերգեյ Մխիթարյանը՝ Մոշաթաղից, Լևոն Սարգսյանը՝ Միջնավանից»։ 6 ամիս դիպուկահարի ուսումնական դասընթացներ էր անցել Սարոն ՀՀ զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել էր Արցախ և ծառայության անցել Մարտունի-2 զորամասում։ Լավ ծառայությունների համար արժանացել է «Գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» մեդալներով, պատվոգրերով և շնորհակալական նամակներով։ Կարգապահ ծառայության համար արժանացել է սերժանտի կոչման։ Նույն զորամաս ծառայելու մեկնեց նաև Հարությունը, և 2 եղբայր դարձան հայրենիքի զինվորն ու պաշտպանը։
2020-ի սկզբին զորացրվեց Սարոն, տուն եկավ և դարձյալ իր հայրենի բնաշխարհում էր՝ թիկունք հորը՝ շենացնելու հայրենի տունը։ Սակայն երկար չտևեց խաղաղ կյանքն Արցախում։ 2016-ի պատերազմի ժամանակ շատ քաշաթաղցիներ մեկնեցին առաջնագիծ, սակայն այն ժամանակ այլ էր պատերազմը, կարճ տևեց, կար միասնություն։ 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ երեկոյան, Բերձորից՝ շրջանային զինկոմիսարիատից առաջին պահեստազորայիններն ու կամավորականները մեկնեցին։
Շուտով առաջնագծում կռվող եղբորը՝ Հարութին, հասավ Սարոն՝ հորեղբոր որդու՝ Նարեկի հետ։ Ու արդեն փորձառու դիպուկահար, իր գործն էր կատարում Սարոն։ Հորեղբայրը՝ Մասիսը, ասում է․ «Մեկ-մեկ հեռախոսով կապվում էի տղերքի հետ։ Սարոն ասում էր՝ կգամ, կպատմեմ՝ ինչքան թուրք եմ սատկացրել»։ Մոտ 1 ամիս քաջաբար կռվում էր Սարոն ու պաշտպանում հայրենիքը։ Իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, առավել թեժ մարտերի էր մասնակցել և, կատարելով իր աշխատանքը, ինքն իրեն նվեր էր արել։
Հոկտեմբերի 26-ը ճակատագրական եղավ քաջի համար․ շատ մոտիկ պայթեց թշնամու նռնականետից արձակած արկը ու սպանեց մեր Սարոյին։ Նրա հետ նույն պայթյունից զոհվեցին նաև քաշաթաղցիներ Հունանը, Մանվելը, Նարեկը և մի ժամկետային զինծառայող։ Նույն օրը ծանր վիրավորվեց նաև եղբայրը՝ Հարությունը։ Այդ օրերին եղբայրներն իրար չեն հանդիպել, չնայած կռվել են նույն ճակատներում՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ․․․
Ծանր վիրավորում ստացած Հարությունը բուժվեց։ Զրույցի ընթացքում ցավով նշեց, որ մարտադաշտում չհանդիպեց հերոս եղբորը, չնայած նույն տարածքում էին։ Այսօր դատարկվել են Սարոյի ու Հարությունի Շրվականը, մոտակա անտառներն ու ձորերը, թուրքին մնացին նրանց մանկության հայրենիքն ու ձորապռնկի տունը՝ փոքրիկ ջրավազանը դիմաց՝ լիքը կարմրախայտերով, շառաչում Սպիտակաջուր ջրվեժը։ Թշնամին նորից տիրացավ Հայոց այն պատմական հուշարձաններին, որոնք գտել էին Սարոն ու Հարութը, նրանց ընկերները։
Այս պատերազմում Լեռնահովիտ համայնքին հերոսաբար զոհվեց նաև 2001 թ․ հոկտեմբերի 28-ին այստեղ ծնված Կարեն Գեղամի Սահակյանը։ Սարոյի հետ սովորել է Ազնիվ և Միսաք Տատրեանների անվան միջնակարգ դպրոցում, որի շենքի շինարարությանը նաև ինքն էր մասնակցում սիրով։ Ավարտելուց հետո 2020-ի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ՝ Մարտունի-2-ում։ Ծառայել է եղբոր՝ Կարլենի հետ որպես գնդացրորդ։ Զոհվել է նոյեմբերի 8-ին Մարտունի-2-ում՝ եղբոր աչքի առաջ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից Արիության մեդալով։
Զոհրաբ Ըռքոյան


























































