Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենցի փողոցի վրա անցկացնում էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում էին հանձնել իրենց նամակ-պահանջագիրը:
Սակայն դեսպան Ռայներ Մորելը դուրս չեկավ, երիտասարդների հետ հանդիպման չներկայացավ նույնիսկ հաղորդակցության որևէ պատասխանատու: Միայն անվտանգության աշխատակիցը պատրաստակամություն հայտնեց նամակ-պահանջագիրը փոխանցել դեսպանին:

Դեսպանն այդպես էլ չարձագանքեց դաշնակցական երիտասարդներին ու դուրս չեկավ դեսպանատնից: Սա վրդովեցրեց նրանց: Aravot.am-ի հետ զրույցում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը նկատեց. «Կատարվածը բոլոր առումներով դուրս է ոչ միայն բարոյականության, այլև դիվանագիտական սահմաններից: Դիվանագիտական պրակտիկայում սա անընդունելի քայլ է: Իրոք տարօրինակ է, տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
Կարդացեք նաև

Նշենք, որ կատարվածից վրդովված ՀՅԴ երիտասարդները «ամոթ, ամոթ» գոչելով հեռացան դեսպանատան մոտից: Րոպեներ անց դուրս եկավ դեսպանը: Իսկ թե ինչու չէր ցանկացել հանդիպել ցուցարար- երիտասարդներին, պարոն դեսպանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, « թե «սովորություն չունեմ զրուցելու ցուցարարների հետ»:
Նշենք, որ մյուս հինգշաբթի` ապրիլի 16-ին, դաշնակցական երիտասարդները նամակ- պահանջագրով ցույց կանեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































