Լրահոս
Օրվա լրահոսը

«Վա տո…», դիվանագիտությո՞ւն, թե՞ «ախպերություն»

Մայիս 07,2015 11:30

Մեզ միայն պակասում էր Հայաստան-Վրաստան հարաբերություններում լարում

Ամեն ինչ սկսվեց օսական ԶԼՄ-ների տարածած մի տեղեկատվությունից, որը, վստահաբար, պատահաբար չէր հրապարակվել, եւ որը օրեր անց հայ-վրացական հարաբերություններում իսկական սկանդալային մի պատմության սկիզբ էր դառնալու:
Անցյալ շաբաթվա վերջին Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի գլխավորած հարավօսական պատվիրակությունը, որը դիտորդական առաքելությամբ Ղարաբաղում էր, Ստեփանակերտում հանդիպել է Ղարաբաղի խորհրդարանի նախագահին: Բայց պարզվեց` ոչ միայն ԼՂ-ի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ է եղել հանդիպում, Բիբիլովին հանդիպել էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն օրերս ճեպազրույցում նշեց, որ եթե հաստատվի Հայաստանի խորհրդարանի նախագահի եւ «Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը, ապա պաշտոնական Թբիլիսին համարժեք արձագանք կտա: Պաշտոնական Երեւանն այսպես արձագանքեց Թբիլիսիի մտահոգությանը. ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպման մասին ԱԺ-ի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Արմենպրես»-ին ասել էր. «Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ: Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձանց միջեւ մասնավոր հանդիպումները որեւէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ»:

Կիրակի օրը Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններին Ստեփանակերտը դիտորդներ էր հրավիրել նաեւ Հարավային Օսիայից: Ըստ «Նովոստի-Արմենիա»-ի` կիրակի օրը Բիբիլովի գլխավորած հարավօսական պատվիրակությունը, որը դիտորդական առաքելությամբ Ղարաբաղում էր, Ստեփանակերտում հանդիպել է Ղարաբաղի խորհրդարանի նախագահին: Աշոտ Ղուլյանն ասել է, որ Հարավային Օսիայի խորհրդարանի եւ դիտորդական առաքելության հետ համագործակցությունը կարեւոր է պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման տեսանկյունից, իսկ Բիբիլովն ընդգծել է ընտրությունների եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարեւորությունը:

Եթե Ղուլյանի ու Բիբիլովի հանդիպումը դեռ ինչ-որ կերպ կարելի էր ընկալել, ապա ուղղակի անհասկանալի է, թե ՀՀ ԱԺ նախագահը կամ նրա աշխատակազմն ի՞նչ են մտածել, երբ թեկուզ «մասնավոր բնույթի» հանդիպում են ունեցել Բիբիլովի հետ եւ չեն հաշվել այդ հանդիպման հիմքում հնարավոր հետեւանքները հայ-վրացական հարաբերությունների վրա:

Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Աբրահամյանը Ղարիբաշվիլիին փոխանցել է, որ Սահակյանի եւ Բիբիլովի հանդիպումը բացառապես մասնավոր բնույթ է կրել, եւ դրա ժամանակ գործնական հարցեր չեն քննարկվել։ Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի վարչապետը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ կարեւորելով Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրի հետ։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ: Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն վրացական կողմի խորին մտահոգությունն է հայտնել ՀՀ դեսպանին, ընդգծել է, որ տվյալ փաստը հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջեւ ավանդական բարեկամական միասնությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին: Գիգիաձեն նաեւ զարմանք է հայտնել տարածված տեղեկատվության կապակցությամբ, թե հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, եւ ընդգծել է, որ վրացական կողմի համար բացարձակապես անընդունելի է բարեկամական երկրի պաշտոնյաների կողմից օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ամեն բնույթի շփում ունենալը: Հայաստանի դեսպանն իր հերթին ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ հայտարարել է, որ Երեւանն անհապաղ կիրազեկվի Վրաստանի տվյալ դիրքորոշման մասին:

«Грузия Онлайн»-ի փոխանցմամբ` Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին, որի հետ հանդիպումից հետո հայտնել է, թե հայկական կողմին փոխանցել է Վրաստանի ծայրահեղ մտահոգությունը՝ կապված հանդիպման հետ, Թբիլիսիի դժգոհությունն ու մտահոգությունը հայտնի տեղեկատվության կապակցությամբ` բացատրություն պահանջելով Երեւանից: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը իր աջակցությունը, եւ ցավ է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Սերգեյ Մանասերյանը, ըստ վրացական կողմի, ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ:

Ուշագրավ է, որ Թենգիզ Շարմանաշվիլին, ըստ «Грузия Онлайн»-ի` վստահեցրել է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահին հրավեր չի եղել. «Մեր տեղեկություններով՝ նա հրավիրվել է Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության խորհրդարանի ղեկավարի կողմից»,- ասել է Շարմանաշվիլին ու հավելել, թե ինչպես իրեն է ասվել` Հայաստանի ԱԳՆ-ն այս հանդիպման մասին պոստֆակտում է տեղեկացել:

Պարզ է, որ պաշտոնական Երեւանը հիմա փորձում է փրկել իրավիճակը, շտկել թույլ տված կոպիտ դիվանագիտական սխալը՝ անկախ այն բանից, թե ՀՀ ԱԳՆ-ն իսկապե՞ս պոստֆակտում է տեղեկացել Գալուստ Սահակյան-Անատոլի Բիբիլով հանդիպման մասին, թե՞ ստիպված է այժմ այդպես հայտարարել: Երկու դեպքում էլ իրավիճակը հայկական դիվանագիտության օգտին չէ: Մի դեպքում՝ իշխանության ներսում անտեղյակությունն է տարբեր գերատեսչությունների գործունեության վերաբերյալ, մյուս դեպքում՝ Հայաստան պետության` հարեւան երկրի հետ հարաբերություններում առաջնահերթությունների ու շահի մասին իշխանական վերնախավում պատկերացումների բացակայությունը:

ՀՀ երկրորդ պաշտոնյան տեղյակ չէ՞, որ Վրաստանը եւ Արեւմուտքը չեն ճանաչում Հարավային Օսիան, ինչպես նաեւ Աբխազիայի անկախությունը՝ այդ տարածքները համարելով Վրաստանի անքակտելի մաս, կամ որ 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան կարճատեւ պատերազմի արդյունքում Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից, ապա ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը:

Եվ հիմա ինչո՞ւ ենք նեղսրտում, որ հայ-վրացական սկանդալի տեղեկատվական հոսքի մեջ անմիջապես հայտնվեց պաշտոնական Թբիլիսիի կոշտ դիրքորոշումը` ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների առնչությամբ: Վրաստանի ԱԳՆ-ն մայիսի 4-ին հայտարարեց, որ «վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում 2015թ. մայիսի 3-ին Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանում անցկացված, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները»:

Նույնպես վարվեց նաեւ պաշտոնական Կիեւը` հայտարարելով, որ «չի ճանաչում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված ընտրությունները եւ դրանք ոչ լեգիտիմ է համարում»: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող իրավական հետեւանքներ ունենալ», – ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Իսկ գուցե Հայաստանի կողմից ավելի նրբանկատ դիվանագիտություն վարելու դեպքում Թբիլիսին ու Կիեւը անտեսեի՞ն ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները: Բայց ինչպես՞ անտեսեն, երբ Հայաստանն է առիթներ տալիս, որպեսզի չմոռանան Ղարաբաղը:
Վերհիշենք, օրինակ, անցյալ տարի մարտին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությունը: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ուկրաինայի հարցով բանաձեւին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Ընդունված փաստաթուղթը ճանաչում էր Ուկրաինայի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը՝ միջազգային ճանաչված սահմաններով, կոչ էր անում չընդունել Ղրիմի եւ Սեւաստոպոլի կարգավիճակի որեւէ փոփոխություն եւ իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով: Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։ Չնայած ավելի վաղ տարածված տեղեկատվության, թե Հայաստանը ձեռնպահ կմնա քվեարկելիս, բայց Հայաստանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց բանաձեւին: Հայաստանից բացի՝ բանաձեւին դեմ են քվեարկել նաեւ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։ Իսկ ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը ընդհանրապես չէին քվեարկել, ինչպես նաեւ Թուրքմենստանը: Այս քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, թե արդյունքը ՌԴ-ի համար դրական է. «Մենք բարոյական եւ քաղաքական հաղթանակ տարանք: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանը մեկուսացված չէ»:

Առանց այն էլ պարբերաբար Հայաստան-Վրաստան հարաբերությունները լարելու շահագրգիռ կողմերը չեն թաքցնում իրենց ձգտումները: Մի՞թե ՀՀ իշխանությունները հարեւան Վրաստանի հետ կենսական նշանակության հարաբերությունների իմաստն այնքան չեն ընկալում, որ կարող են նման սայթաքումներ թույլ տալ:
Գալուստ Սահակյան-Անատոլի Բիբիլով հանդիպման տեղեկությունն ի՞նչ նպատակով հրապարակեցին օսական ԶԼՄ-ները, եւ ո՞ւմ է ձեռնտու Հայաստան-Վրաստան հարաբերություններում անհարկի սրումը: Հայկական իշխանական վերնախավում այս հարցերի պատասխանը, հուսանք, չեն դժվարանում գտնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031