Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ ճրագով էին ման գալիս, որ միլիցիայում գեներալ գտնեին, իսկ էսօր գեներալներին մեր ոստիկանությունում տեղ ու դադար չկա

Մայիս 07,2015 16:30

Ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանի մտահոգությունները

Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանին՝ «Լյովապետին», հարցրինք, թե նրա դիտարկմամբ` բարեփոխվե՞լ է արդյոք Հայաստանի ոստիկանական համակարգը: Նրան հիշեցրինք, որ ՀՀ ոստիկանապետն ու մարզային որոշ ոստիկանապետեր, խոսելով բարեփոխումներից, միշտ շեշտում են, թե ոստիկանությունը առաջվանը չէ, ծեծուջարդի մեթոդները չկան, ավելի քաղաքակիրթ են նորօրյա ոստիկանները: «Ուրեմն ես լրիվ համաձայն եմ իրենց ասածին, որ ոստիկանությունն այլեւս առաջվանը չէ ու չի էլ կարող լինել, չի կարող լինել իր նվիրվածությամբ, իր հայրենասիրությամբ, իր անձնազոհությամբ… Առաջվանը չի կարող լինել, որովհետեւ մինչեւ ջոկատների կազմավորումը՝ սահմաններում միլիցիայի տղերքն էին կանգնած, սահմաններում միլիցիայի ջոկատներն էին, միլիցիայի տղերքն էին զոհվում: Իրոք, նրանք չեն կարող լինել առաջվանը, եթե ձգտեն էլ, չեն կարող էդքան անձնազոհ ու հայրենասեր լինել, ինչքան որ առաջվա միլիցիան էր: Դա բացառվում է, իսկ որոնք որ ուզում են հակառակն ապացուցել, կարող են ինձ հետ բանավեճի մեջ մտնել, ու ապացուցենք՝ առաջվա միլիցիան ինչպիսին էր, էսօրվա ոստիկանությունը ինչպիսին է:

Անունը փոխելով, համազգեստը փոխելով՝ էությունը չի փոխվում, հանցագործությունների բացահայտումը համազգեստի ու անվան փոփոխության մեջ չէ, մարդու նվիրվածության մեջ է: Հլը էդ նվիրվածներին ասեք, թե էդ ձեր շքեղ մեքենաները որտեղի՞ց, ներողություն, էդ ձեր համեստ աշխատավարձով ընտանիք եք պահում, «Մերսեդես», «Տոյոտա» եք գնում, էդ որտեղի՞ց եք գնում… Եթե առաջ անցնեիք միլիցիայի բաժինների, վարչությունների կողքով, կտեսնեիք «խլամ» «Մոսկվիչներ» կանգնած կամ «01», «06», իսկ հիմա է՛լ «Լեքսուս», է՛լ «Տոյոտա», է՛լ «Վոլվո»: Եվ իրոք առաջվանը չի կարող լինել, որովհետեւ առաջ ճրագով էին ման գալիս, որ միլիցիայում գեներալ գտնեին, իսկ էսօր գեներալներին մեր ոստիկանությունում տեղ ու դադար չկա: Առաջ գնդապետ ստանալը համարում էին փառք ու պատիվ, իսկ էսօր նայեք մեր գնդապետներին, բայց չէ՞ որ դա գումար է, մեր հարկատուների վզին նստած գումար է: Ո՞ւմ են պետք էդ աստիճանները էդքան, եթե առաջ միլիցիայում, իրենք ճիշտ են ասում՝ գեներալ էին նախարարն ու միայն նրա առաջին տեղակալը, էսօր գնացեք հաշվեք մեր գեներալներին: Հիմա էլ նոր բան են ընտրել՝ գլխավոր վարչություն, չհասկացա՞նք, ուրեմն ոստիկանությունում կա նաեւ երկրորդակա՞ն վարչություն: Էլի գումար է, էդքան գումարները, որ տրամադրում են ոստիկանությանը, ոստիկանությունը պիտի հասկանա, որ ժողովուրդն է տալիս, չէ՞, իրանք ժողովրդի տված հարկերով, փողերով են ապրում, հո իրենք արտադրանք չունե՞ն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա անդրադարձավ նաեւ Շիրակի մարզում դրսից ոստիկանապետեր բերելու ու հաճախակի փոխելու փաստին՝ Վլադիմիր Գասպարյանին կոչ անելով Շիրակի մարզի ոստիկանապետ գտնել Շիրակի մարզում: Նախկին միլպետի համոզմամբ՝ սա կբացառի կոռուպցիան. դրսից եկածները մեծ մասամբ հարստանալու ախորժակով են Շիրակի մարզ գալիս: «Ես զարմացա, երբ Լենինական քաղաքի որոշ ոստիկանապետերի թոշակի գնալուց, տեղափոխվելուց հետո պարզվեց, որ նրանց վարորդը Լենինական քաղաքում կարող է խանութ ունենան, կամ մի օպեր խանութ ունենա Լենինականում, բայց ես էդքան բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո մի կրպակ էլ չունեցա, էդ ո՞նց են ունենում, արդար քրտինքո՞վ»,- հարցնում է Լեւոն Գալստյանը: Ըստ նրա՝ տեղի կադրը եթե վատ աշխատի, հարեւաններից ու բարեկամներից կազդվի: Լեւոն Գալստյանի ասելով՝ վարչության պետը պիտի իմանա տվյալ տեղանքի ժողովրդի հոգսերը, դարդերը, հասկանա նրանց լեզուն, ճանաչի մարդկանց, որպեսզի հանկարծ չհոխորտա աշխարհի չեմպիոնի վրա, ինչպես եղավ Արթուր Ալեքսանյանի դեպքում:

Անդրադառնալով Գյումրու Թատերական հրապարակում Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին ոստիկանների քթի տակ դանակահարելու փաստին՝ Լեւոն Գալստյանն ասաց. «Ես Ժիրայր Սեֆիլյանին շատ լավ եմ ճանաչում, շատ լավ, նա հայրենասեր տղա է: Ոչ ոք դա չի կարող ժխտել, եթե հայրենասերների ցուցակ կազմվի, նա իր տեղը կունենա էդ ցուցակում: Իր հետ եկած մյուս ընկերներին ես չեմ ճանաչում, իսկ թե ինչու ոստիկանների աչքի առջեւ մարդ են դանակահարում, դանակահարվողը ներկայանում է ոստիկանություն՝ դա թողնենք ոստիկանների խղճին: Գիտե՞ք ինչ, էդ նշանակում է, որ նրան դանակահարել է ոստիկանը, նման դեպքում ես նման ձեւով եմ մտածում: Ընդվզման տարիներին էն հսկայական ցույցերը, որ տեղի էին ունենում Թատերական հրապարակում, հավաքվում էին 100 հազարից ավելի մարդ, ո՛չ դանակահարություն եղավ, ո՛չ մեկի քթից արյուն եկավ, ո՛չ մեկի աչքի վերեւի ունքը ցավեց: Ինչպե՞ս կարողացավ միլիցիան էդ ամենը կազմակերպել, որ ոչ մի ցնցում չեղավ Լենինական քաղաքում, երբ որ մեզ ուղարկել էին ռուսական ներքին գործերի նախարարության աշխատակիցների՝ մի ամբողջ գումարտակ, եւ ոչ մի լենինականցի էդ գումարտակի զինվորների ու սպաների նույնիսկ սապոգները, երկարաճիտ կոշիկները չտեսավ: Ես կարգադրել էի, որ նրանք քաղաք դուրս չգան, մնան զորանոցում: Ասել էի՝ ի՛մ ժողովուրդն է, մենք ենք մեր հարցերը լուծելու, դուք մնացեք զորանոցում, եթե պետք լինեք, մենք ձեզ կասենք: Էդպես էլ նրանք պետք չեղան: Օմսկի գումարտակը իմ տրամադրության տակ Լենինականում նստած էր, ինչպես որ ասենք՝ Երեւանում, երբ ես էդ բարձր պաշտոնին եղա, ինչպես ասում են՝ ոչ բարով լինեի, քանի դեռ ես բարձր պաշտոնի էի՝ ռուսական ոչ մի զորամաս Երեւան քաղաք չմտավ, ռուսական ոչ մի զինվորի երեւանցիք չտեսան: Ես արգելել էի՝ ասելով՝ եթե մի բան լինում է, մեզ հետ է լինելու, դուք հանգիստ մնացեք»:

Մեր հարցին՝ համամի՞տ է երբեմն հնչող այն քննադատություններին, թե կրիմինալն ինչ-որ չափով սերտաճում է ոստիկանության հետ, Լեւոն Գալստյանը դժվարացավ այդ հարցին պատասխանել, թեեւ ասաց՝ կարդացել է, որ ոստիկանության աշխատակիցները փորձել էին թալանել ոսկու խանութը: «Ինչպես ասում են՝ րպՎՖÿ ոպջ ցՐՏՊՏՉ վպ ոօՉՈպՑ, հիմա բոլոր ոստիկաններին դնենք մի շարքով մեղադրենք՝ դա էլ ճիշտ չի լինի, շատ կան հայրենասեր, նվիրված ոստիկաններ, որոնք պայքարում են հանցագործության դեմ, որոնք երբեմն գնում են ինքնազոհության, անձնազոհության օրինակներ են ցուցաբերում: Բայց ոստիկանները չպետք է խառնվեն քաղաքականությանը: Ոստիկանությունը չպետք է քաղաքական պատվեր կատարի, ոստիկանությունը պետք է մնա հասարակական կարգուկանոնի պաշտպան. հանցագործությունների բացահայտում, հանցագործությունների կանխարգելում՝ սրանք ոստիկանության հիմնական ցուցանիշներն են, իսկ թե ում կընտրեն, ինչպես կընտրեն՝ դա ոստիկանության գործը չէ: Նա պետք է լինի սովորական ընտրող, ոչ թե կարգավորի ընտրության ընթացքը. ես նման ձեւ եմ պատկերացնում: Որ կրիմինալի հետ աճում է, ես չեմ կարող նման բան ասել, բայց որ ոստիկանության մի մասը՝ ոչ լրիվ, ոչ էն մասը, որը չարաչար տանջվում է ամբողջ օրերով, գիշերներով, հանցագործության դեմ պայքարելով, էն մասը, որն ունի խանութներ, սեփական բիզնես, որոնք զբաղվում են չգիտեմ ինչ առեւտրով, նրանց ի՞նչ պետքն է՝ հանցագործությունը կբացահայտվի, թե չի բացահայտվի… Նրանք ամենից շատ մտածում են իրենց ռեստորանների մասին, թե շուկայում սուջուխն ինչ արժե, բաստուրման ինչ արժե, ինչ գնով վերցնեն, ինչ գնով վաճառեն, որ օգուտ ունենան: Կան նաեւ ոստիկանության նման ղեկավարներ. դա հո չե՞նք կարող ժխտել»,- ասում է նախկին նախարարը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031