Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հանքի բացումը եղել է թաքուն՝ հրավիրատոմսերով, նախօրոք դրա մասին հայտարարված չի եղել, դրա համար էլ մտահոգ քաղաքացիները ու տեղացիները դուրս չեն եկել պայքարի»․ Արման Սարգսյան

Հոկտեմբեր 17,2026 23:07 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամուլսարի հանքի բացումը բավականին թաքուն է եղել՝ չնայած որ որոշ ժամանակ իրենք հայտարարում էին, որ բացում լինելու է։ Ասեմ, որ բացման օրվա հանդիպումը եղել է հրավիրատոմսերով, և նախօրոք դրա մասին հայտարարված չի եղել, դրա համար մտահոգ քաղաքացիները ու տեղացիները դուրս չեն եկել պայքարի»,- «Ամուլսարն առանց հանքի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման որոշմանը նվիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Արման Սարգսյանը։

Նա նշեց, որ հանքի բացումից մեկ շաբաթ առաջ տեղեկություն ունեին, որ տեղում շինարարական աշխատանքներ են իրականացվում․ «Գնացինք, որ բնակիչների հետ շփվենք, ճանապարհին իմացանք, որ հանքի բացման պաշտոնական արարողությունն է»։

Բնապահպան Լևոն Գալստյանն էլ ահազանգեց․ «Ջերմուկի՝ մոտ 70 տարվա համաշխարհային համբավ ունեցող առողջարանի կողքին նոր ոսկու բաց հանք բացելը և ցիանիդով վերամշակելը չի կարող համեմատվել մի հանքի հետ, որը բացվել է 1950-ին և արդեն գործում է 76 տարի։ Ամեն անգամ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ Քաջարանի հանքի փակելու դեմ չեք պայքարում, այդ մարդիկ պետք է հասկանան, որ հանքը փակելու դեմ պայքար չի կարող լինել ոչ տեխնիկական, ոչ ֆիզիկական․ այդ հանքը վաղուց ինչ որ հնարավոր է աղոտել, վերացնել, արել է, և նման հայտարարություններ անող մարդկանցից ոչ մեկ ծնված չի եղել այդ ժամանակ։ Իսկ Ամուլսարում նման հանք բացելը նշանակում է խաչ քաշել Ջերմուկի՝ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանի վրա, խաչ քաշել այդ տարածքի մաքուր ջրերի վրա, այդտեղով հոսում են Որոտան ու Արփա գետերը, որոնք ՀՀ ջրային պաշարների 25 տոկոսն են ապահովում, այդ տարածքում է գտնվում Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարը, Կեչուտն ու Սևանը միացնող ստորերկրյա թունելը, որով ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ»։

Ակտիվիստ, Վայոց ձորի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Հայկազ Հարությունյանը վստահեցրեց՝ առողջապահական լուրջ ռիսկեր ունենք, որոնք դեռ կառավարելի չեն․ «2022-ին տեսանք, թե ինչպես են ռումբերը հասնում մինչև Կեչուտի ջրամբար, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հանկարծ հանքի գործունեության ժամանակ պայթյուններ լինեն, ի՞նչ կլինի այդ հանքի ցիանիդի թթվային դրենաժների հետ։ Ընդամենը տասը տարի՝ հանքարդյունաբերության համար և բազում խնդիրներ, որից հետո անգամ 500 տարի կարող ենք լուրջ ռիսկերի առաջ կանգնեցնել մեր սերունդներին։ Այո, ոսկու գինը մենք կարող ենք ամեն օր իմանալ շուկաներում, բայց կա մի բան, որը ոչ մի բորսայում գտնել չենք կարող․ դա հայրենիքի գինն է, մեր ապագայի, մեր սերունդների գինն է՝ ոսկի, հայրենիք, թե ի՞նչ։ Մեր ընտրությունը հայրենիքն է, առողջ ապագան։ Ընդամենը 1,5 տոկոս ՀՆԱ-ի բարձրացման համար արդյոք արժե՞ վտանգի տակ դնել ՀՀ-ի ապագան, արժե վտանգի տակ դնել ջրային, մարդկային ռեսուրսները»։

Հանրային քննարկման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Ջերմուկի բնակիչներին՝ նշելով՝ 2020 թվականի պատերազմը կոտրեց նաև նրանց մեջքը և կոչ արեցին պայքարի ուժ գտնել։

Իրավապաշտպան Մայա Բարխուդարյանն էլ տեղեկացրեց, որ COP17-ի առաջին աշխատանքային օրը՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։30-ին՝ կանաչ գոտում պաստառներով հավաքվելու են, որպեսզի խոսեն, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն կայացված կառավարության անօրինական որոշման դեմ։ Այնուհետև երթով գնալու են դեպի կապույտ գոտի՝ դեպի «Մերիդիան»։

Հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031