«Մեզ ներկայացվեց մի շատ տպավորիչ կլիպ, իբր որեւէ խնդիր ընդհանրապես գոյություն չունի ծրագրի իրականացման գործում: Մինչդեռ իրականությունը բավականին հեռու է այդ վիրտուալ, գլամուրային պատկերից, որը մեզ ներկայացվեց»,- այսօր խորհրդարանում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ այսպիսի դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հարց ուղղեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ մեջբերելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ մամուլում արված գնահատականներից եւ հայտարարություններից. «Իշխան Զաքարյանն ասել է՝ «Շինարարության այն ձեւը, որ ընտրվել է՝ խայտառակություն է»: ՎՊ-ն, օրինակ, հայտնաբերել է, որ 3 սմ-անոց հաստության քարերի փոխարեն օգտագործվել է 30 սմ-անոց քարաբեկորներ: ՎՊ-ն արձանագրել է, որ ջրահեռացման համար ինչ սարքել են, ջրագոյացման հետեւանքներ են տալիս: Նրանք արձանագրել են, որ բետոնն անորակ է, դադարեցրել են աշխատանքները: ՎՊ գնահատականներով՝ այնպիսի ուռճացված բյուջեներ են ներկայացված, որ շինարարության գինն ավելացված է 83 տոկոսով: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ գումարներ են: Եթե սա ճիշտ է, այդ գումարը համեմատելի է այն պարտքի հետ, որը կուտակվել է ՀԷՑ-ում՝ էլի թալանի հետեւանքով: Միայն այդ գումարների շնորհիվ հնարավոր է այնպես անել, որ էլեկտրաէներգիայի գինն ընդհանրապես չբարձրանա»:
Լեւոն Զուրաբյանն ուսումնասիրել է նախարարության տրամադրած տեղեկանքը եւ կասկածներն ամրապնդվել են, որ բավականին բարձր տոկոսներ են նախատեսվել չնախատեսված ծախսերի համար՝ Տրանշ 1-ի համար՝ 21.6 տոկոս, Տրանշ 2՝ 17 տոկոս: Սրանք շատ բարձր տոկոսներ են: Ուրեմն սա քիչ էր, որ ՎՊ գնահատականներում ներկայացված է, հիմա էլ չնախատեսված ծախսերի միջոցով ենք այս ամենին մի բան էլ ավելացնում: Խոսքը գնում է աննախադեպ ծավալի թալանի, յուրացումների մասին»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ է եղել այն հատվածների հետ, որտեղ ՎՊ-ն արձանագրել էր անորակ շինարարությունը, քանդվել է, նորի՞ց է սարքվել. «Ի՞նչ եք արել այն ուղղությամբ, որ այս թալանի դեմն առնեք, եթե իհարկե, դա հնարավոր է եւ եթե այն չի իրականացվում ամենաբարձր կենտրոնների կողմից»:

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր չի, որ նախագծող կազմակերպությունը այլ տոկոս ներառի՝ չնախատեսված ծախսերի տակ. «Բոլոր նախագծային աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթներով ընտրված ընկերությունների կողմից: Նախագծային աշխատանքները եւս կամայական բնույթ չեն կարող կրել»: Ավելին, փոխնախարարն ասաց, որ Տրանշ 1-ում նույնիսկ խնայողություններ են ունեցել, շինաշխատանքներում հնարավոր է ինչպես հավելյալ ծախսեր, այնպես էլ խնայողություն:
Ինչ վերաբերում է 83 տոկոս շինաշխատանքների ուռճացված գումարներին՝ Արթուր Առաքելյանը վստահեցրեց. «Չարաշահումներ չէին, խնդիրներ են եղել, որոնք վերացված են ամբողջությամբ եւ դրանց դիմաց գումարներ վճարված չեն: Դրա համար մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այդ խնդիրներին: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված է թափանցիկ եւս մի մեխանիզմ, որը ենթադրում է, որ նախագծի բոլոր լուծումները դրվում են հանրային քննարկման: Դա բացարձակ չի կրել ձեւական բնույթ: Շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել: Չի կարող գնահատական հնչի, որ 83 տոկոս տարբերություն է: Բոլոր նախագծերն առկա են, եւ եթե կգտնվեն այնպիսի փորձագետներ, որոնք նման գնահատականներ կտան, մենք մեր ինժեներական թիմով շատ լուրջ վեճ կունենանք նրանց հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































