Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները»

Մայիս 25,2015 13:38

Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ահազանգեց, թե ամենօրյա ահաբեկումներ են իրականացվում իրենց շարժման անդամների և իրենց հետ շփվել ցանկացող քաղաքացիների նկատմամբ: Ըստ նրա՝ նրանք փորձեցին դիմել քայլի, որ խափանեն մոբիլիզացիան:

Դառնալով իրենց ձերբակալման փաստին՝ պարոն Սեֆիլյանը նկատեց. «Այդ քայլին գնացին ստիպված՝ հույս ունենալով, որ մեզ օգտագործելով որպես պատանդ՝ կկարողանան ազդել մեր ընկերների վրա: Այն սարսափը, որ նրանց մեջ էր, թե ոնց հնարավոր է թեկուզ քաղաքի ծայրամասերում հավաքվեն այս մարդիկ՝ նրանց հաջողվեց դա խափանել: Ազդեցություն ունեցավ նաև մեր բացակա լինելը: Դրան հասան շատերին վախեցնելով»:

Մայիսի 30-ի՝ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին անդրադառնալով՝ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ կիրառելու են նաև հակագրոհի մարտավարությունը. «Բոլոր քաղաքացիական անհնազանդության քայլերը, լինի դա լույսը անջատելու ակցիան, լինեն այլ ակցիաներ, մնացած զինանոցը պետք է ընդարձակվի: Մարդիկ պետք է գիտակցեն, որ քաղաքացիական անհնազանդությունն իրենց սահմանադրական իրավունքն է: Քաղաքացիական անհնազանդությունը հակաօրինական չէ: Ռեժիմն ամենից շատ վախենում է քաղաքացիական անհնազանդությունից»:

Պարոն Չուգասզյանն ահազանգեց, թե իրենց դեմ հետապնդում է իրականացվում, խոչընդոտում են, հյուրանոցներին արգելել են որևէ դահլիճ իրենց հատկացնելը:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե իրենց մարտավարությունը փոխում են, գնում են քաղաքական կոնսոլիդացիայի ու մանրամասնեց, որ եթե նախկինում հայտարարում էին, թե մյուս քաղաքական ուժերը ռեժիմի ծիրից դուրս պետք է գան, ապա հիմա ասում են, թե կարող են պայքարել և ռեժիմի ծիրից ներս և ռեժիմի ծիրից դուրս:

Aravot.am-ի հարցին՝ կհամագործակցե՞ն նորաստեղծ քաղաքական ուժերի հետ, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության, Տիգրան Ուրիխանյանի՝ ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց. «Մենք չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք մեղսակից են մարտի 1-ին: Դրանից դուրս գտնվող բոլոր ուժերի հետ համագործակցություն պատկերացնում ենք: Նիկոլ Փաշինյանի հետ, անշուշտ, բայց Տիգրան Ուրիխանյանի հետ, կարծում ենք, որ չի ստացվի, քանի որ նա այդ նշածս ուժերի մեջ էր»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն իրենց և իրենց համակիրների դեմ կատարվածը համարեց ստալինիզմին բնորոշ գործողություններ:

Լիպարիտ Պետրոսյանի հացադուլի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողի նրան հետ կանգնել համոզել:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ 48 ազատամարտիկներ գտնվում են ազատազրկման մեջ:

Դառնալով այն փաստին, որ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, Պավլիկ Մանուկյանը զուգահեռ տանելով՝ հայտարարեց. «100-ամյակն այն չէ, որ մեր իշխանությունները գրկեցին Քիմ Քարդաշյանի տառապած բարեմասնությունները կամ մեր եռագույնը Կոնչիտայով ցայեցին»:

Այնուհետև շնորհակալություն հայտնեց քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ իրենց նկատմամբ վայելուչ վերաբերմունքի համար:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը վստահեցրեց, թե «ԿԳԲ-ական մեթոդներով մեր պայքարը կանխել չեն կարող՝ մեզ աշխատանքից ազատելով, մահափորձ անելով, մեր մեքենաներն այրելով»:

Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին մանրամասներ ներկայացնել չցանկացան:

Իսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին Ժիրայր Սեֆիլյանն ամփոփ ասաց. «Հանրաքվեն տապալված է, Սերժը ինքը տապալված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Հիմնադիր խորհրդարանի նավարկությունը ռեժիմի դեմ հանրային պայքարի ալիքն ունի Հայաստանում ընթացող հասարակական գիտակցության հեղափոխության հերթական արդյունավետ հանգրվանը լինելու հնարավորությունը:
    Հայաստանում հասունանում է հասարակական բողոքներն:
    Հասունանում է մի նոր հասարակական շարժում, որտեղ միավորվել են տարբեր քաղաքական հայացքների, գաղափարների կրողներ: Միավորել է ընդհանուր շահը՝ մարդիկ չեն ցանկանում վճարել ռեժիմի եվ ինչ որ այլ մարդկանց կատարած գողության համար:Հանրային տարբեր խմբեր պատրաստվում են բողոքի մի շարք ակցիաների, նաեւ համատեղ գործողությոններով: Հայաստանում ծավալվում են խոսակցություններ այս կամ այն անունով հեղափոխության մասին:ՀՊԿ-ը ներկայիս իրավիճակում շատ անգամ է խոսել էներգետիկ հեղափոխության մասին:
    Իրավիճակն իհարկե հեղափոխական է իր ազդող ուժերի մեջ, կամ կարող է լինել հեղափոխական: Խնդիրն այն է, թե ինչ է հասկացվում հեղափոխություն անվան տակ: Հայաստանում տեղի է ունենում հասարակական մտածողության, գիտակցության հեղափոխություն: Քաղաքացին աստիճանաբար գալիս է եզրահանգման, որ հասարակական-պետական որեւէ խնդրի լուծման գործում՝ էական չէ՝ մեծ է խնդիրը, թե փոքր, մեթոդական ելակետը պետք է լինի ոչ թե իր ներկայությունը,այլ մասնակցությունը:
    Առանցքային հարցն իրականում հանդիսանում է այն, թե որքանով է հանրությունն ունակ հստակ, կոնկրետ ձեւակերպել եւ լուծել որեւէ մասշտաբի խնդիր, թեկուզ եթե այդ խնդիրը ոչ միայն իշխանություն չի փոխում, այլ անգամ մոտ չէ իշխանություն փոխելուն: Փոխարենը անգամ այդ փոքր թվացող խնդիրների լուծումները մոտեցնում են հասարակության լայն փոփոխությունը: Եթե փոխվի հասարակությունը, իշխանությունը ոչ թե կփոխվի, այլ պարզապես կմնա դուրս: Որովհետեւ հասարակությունն ինքն է իշխանությունը, պարզապես Հայաստանի հասարակության մոտ հասունացած չէ դրա գիտակցումն ու հավատը սեփական ուժի, սեփական իշխանության հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031