Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության կորչող երանգը

Մայիս 28,2015 10:20

Վերջերս Аravot.am-ում տպագրվեց ակնարկ Ռուբեն Ֆիլյանի մասին՝ տաղանդավոր գրող, որը վաղուց իր կյանքի ճանապարհն ավարտել է Հնդկաստանում, Գոա նահանգում: Անձամբ չեմ ճանաչել նրան, որովհետեւ չեմ պատկանում այդ սերնդին եւ այդ շրջապատին: «Բոհեմային կյանքն» ընդհանրապես եւ այն, ինչ 70-ականների Երեւանում այդ պայմանական անունն էր կրում, ինձնից չափազանց հեռու է: Բայց լսել եմ նրա մասին դեռ «այն ժամանակ», կարդացել եմ նրա հրաշալի արձակը, ինչպես նաեւ Արմեն Շեկոյանի հուշերը գրողի մասին: Վստահ եմ՝ նման մարդիկ կարեւոր երանգ են կազմել մեր հասարակական կյանքում՝ երանգ, որը, ցավոք, աստիճանաբար կորում է:

70-ականների սկզբին, բոլոր գաղափարախոսական եւ «գրաքննական» պատնեշները հաղթահարելով, Խորհրդային Միություն, այդ թվում նաեւ Հայաստան հասավ 60-ականների վերջին Արեւմուտքում ծավալված երիտասարդական շարժումների ոգին: Ռոք-երաժշտությունը, «հիփիները», նոնկոնֆորմիզմը, արեւելյան, հատկապես հնդկական փիլիսոփայական եւ կրոնական ուսմունքները, ի հեճուկս խորհրդային պաշտոնական մշակույթի, դառնում էին մեր երիտասարդության որոշակի շերտի արժեքները: Իհարկե, այն ժամանակ էլ մեծամասնություն էին կազմում «քյարթուները», «ռաբիսները»՝ մի կողմից, եւ կրծքանշանով կարիերիստները՝ մյուս (այսօր պարզապես կրծքանշանի «անվանումն» է փոխվել), բայց 70-ականներին մայրաքաղաքային միջավայրում կային երիտասարդական օղակներ, որոնք կրում էին «ազատության գաղափարախոսության» դրոշմը: Դրա մեջ կար որոշակի ծայրահեղականություն, բայց նաեւ մեծ չափով՝ առողջ մոտեցում, հակադրում խաղի ընդունված կանոններին:

Այսօրվա մեր երիտասարդությունը, նրա առողջ մասը («քյարթուներին» եւ «կոմսոմոլներին» մի կողմ դրած) շատ ավելի պրագմատիկ է: Դա ունի իր լավ եւ վատ կողմերը: Լավ է, որ մարդիկ իրենց առաջ իրական նպատակներ են դնում եւ փորձում են դրանք իրականացնել, վատ է, որ մտածողությունը դարձել է ավելի ստանդարտ, «կոմպյուտերիզացված»: Այո, նրանք երկրպագում են «System of a Down»-ին, սակայն` զուտ որպես մշակութային երեւույթի, ռոքի նոնկոնֆորմիզմի գաղափարախոսությունը նրանց առանձնապես չի հետաքրքրում:

Իսկ որտե՞ղ են 70-ականների մայրաքաղաքային «բոհեմային» երիտասարդները, որոնք հիմա 60-ն անց մարդիկ են: Վախենամ, նրանց մեծ մասը հիմա Հայաստանում չէ՝ 25 տարում արտագաղթել են մեր հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ մտավորական: Իսկ նրանք, ովքեր մնացել են, թերեւս չեն կարողանում իրենց ասելիքը ձեւակերպել: Այդպես է ոչ միայն Հայաստանում. «Rolling stones»-ը, այո, շարունակում է երգել, հրաշալի ելույթներ է ունենում, բայց ինչի դեմ են նրանք հիմա բողոքում, ինչի հետ համաձայն չեն, ում են լեզու ցույց տալիս՝ այնքան էլ պարզ չէ:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում ստեղծվեն «հիփիական համայնքներ»՝ նման բաները հակասում են մեր մշակութային ավանդույթներին: Բայց, կրկնեմ, 70-ականներին երիտասարդական որոշ շրջանակներում կար «ընդվզման ոգին»: Ո՞ւմ մոտ է այն այսօր մնացել: Թերեւս՝ միայն Շանթ Հարությունյանի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արևհատ says:

    Ավելի պարգմատիկ, քան Արամ Աբրահամյանն է, երկրորդը չկա Հայաստանում: Ավելի կոմֆորմիստ, քան Արամ Աբրահամյանը, էլի դժվար է նրա նման գունեղ հարմարվողին գտնել: Ճիշտ է, նա պրոֆեսիոնալ է հարմարվում, բայց ուշադիր դիտելու դեպքում պարզ է դառնում, որ Արամ Աբրահամյանն իրականում արհարմարհում է ազատությունը: Չարժե ձևեր թափել և քողարկվել Շանթ Հարությյունյանի անվամբ. իրականում դուք նրան էլ եք արհամարհում այնպես, ինչպես մյուս բոլոր՝ ազատության հանդեպ սկզբունքային տրամադրված մարդկանց: Նրանց ներկայությունը հասարակական կյանքում ձեզ հիշեցնում է ձեր սեփական պրագմատիզմը և կոմֆորմիզմը, որոնցով վոփաթեթավորված արհամարհում եք ազատություն ձգտողներին: Դրա համար էլ չնկատելու եք տալիս նրանց և չհասկանալու եք տալիս, թե ինչի դեմ են նրանք բողոքում:

  2. gib.gibindus says:

    Սովետահայ հիպիների անունից պահանջում եմ`ձեռքերդ հեռու Շանթից:

  3. Հ.Շ. says:

    Եթէ Հայաստանում երիտասարդների մեծամասնութիւնը շատ չի գանգատում, ընդվզում , ըմբոստանում, գոռում-գոչում, յեղափոխութիւն հռչակում, եւայլն., թերեւս պատճառը այն է թէ, իրենց ծնողների եւ մեծ ծնողների տարիքի սերունդներն են որ լայնօրէն ստանձնել են այսօր այդ կեցուածքը (հիմնականօրէն՝խօսքերով, լոկ աղմուկով, եւ ոչ արարքներով) : Տեսնելով «մեծերի» այդ տեւապէս դժգոհ, ընդմիշտ խռով եւ յոռետես վիճակը, երեւի երիտասարդները ջանք են թափում որ իրենք մի քիչ աւելի հասուն եւ պատասխանատու լինեն… Այս իմաստով, յուսադրիչ է իրենց մօտեցումը: Հիմա մնում է միայն որ անոնցմէ ոմանք դարմանեն նաեւ Արեւմուտքի նկատմամբ իրենց ստորակայութեան բարդոյթը:

    Ամէն դէպքում, նոր սերունդների նիւթով (եւ ոչ միայն հայերի պարագային), վստահ եղէք որ կացութիւնը շատ, շա՜տ աւելի մտահոգիչ է, Սփիւռքում…

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    .

  4. Գալուստ Ենոքյան says:

    Ես էլ կուզեի կիսվե լորպես հայ «կոմֆորմիստ հիփփիների» անունից, քանզի ես էլ հաճախ ինձ «բռնում» եմ այն մտքում որ, արտասահմանից շատ հեշտ է «ընդվզել» այսօրվա երկրում տիրող բարքերի վրա… : Իհարկե Ռուբերնի պատմությունը լավ հիշում եմ , նույնիսկ նրա «բոհէմական» տանն եմ եղել կարծեմ Մոնումենտի կողմերում, սակայն ցավոք նրա գրվածքներին ծանոթ չեմ եղել:
    Ասել որ մենք «ընդվզում» էինք մեր համոզմունքներով կամ էն երաժշտությամբ որ լսում էինք չափազանցված կլինի, եվ համեմատել Շանթի նման եզակի անհատների կարծում եմ սխալ կլինի, սակայն այսօր քաղցր հուշեր են մնացել այդ օրերից…: Իհարկե կարդում էինք բիթնիկներին, նույնիսկ նրանց նախահորը, Թոռոին, կարդում ու լսում էինք ամեն ինչ, ինչը որ մեզ մոտեցնում էր «ազատ աշխարհին» … :
    Այսօրվա երիտասարդները ավելի երջանիկ են քանի որ ապրում են իրենց անկախ (հարաբերական) Հայրենիքում, մենք էդ շռայլությունը չունեինք: Այսօր իրենք կամքը պիտի ուղղեն մեր երկիրը իսկապես Ազատ Աշխարհ դարձնելուն, եվ ոչ թե իմ նման «կոմֆորմիստներին» հետեվելուն ու երկիրը լքելուն…

  5. Մարիա Թոքմաջյան says:

    Ինչ ազատության մասին է խոսքը, ազատություն առհասարակ գոյություն չունի։ Դա ընդամենը պատրանք է, ուրվական, ուտոպիա։ Այն էլ մեր հասարակության մեջ, որտեղ սուտը դոմինանտ է, սուտը դարձել է հասարակության կառուցման ձև, մեթոդ։ Բոլոր հարաբերությունները մարդկանց միջև այսօր ստի վրա են հիմնված ու մակերեսից այն կողմ չեն էլ անցնում։ Հենց խորանում ես, հասկանում ես դա։ Ազատությունը պետք է լինի նախևառաջ ինքդ քեզանից, այն ամենից, ինչը քեզ խանգարում է երջանիկ լինել։ Ազատությունը պետք է լինի մտքի, գիտակցության ծնունդ։ Դե իսկ Տորոյի գիրքը՝ “Уолден, или Жизнь в лесу” իսկապես որ հրաշալի նմուշ է, գրված դեռևս 19-րդ դարի կեսերին։ Փախուստ հասարակությունից, որպեսզի մոտենաս ինքդ քեզ, որպեսզի գտնես ինքդ քեզ․․․

  6. Գալուստ Ենոքյան says:

    « Ազատությունը պետք է լինի նախևառաջ ինքդ քեզանից, այն ամենից, ինչը քեզ խանգարում է երջանիկ լինել»…Հենց Ձեր այս կարծիքը ասում է այն մասին որ նույնիսկ «ստի աշխարհում» հնարավոր է ապրել «ազատ», եվ ես մարդիկ գիտեմ Հայաստանում որ իրենց բարձր ինտելեկտը իրենց հնարավորություն է տալիս իսկապես լինել ազատ, զբաղվել իրենց գործով , եվ չնեղվել շրջապատի բարոյական անկումից: Սերժիկը ու Հովիկը, որին մուկ մականունն են տվել , մեղավոր չեն որ «չտես» էն ծնվել ու մեծացել իրենց գյուղերում: Նրանք ազնվության օրինակներ կյանքում քիչ են ունեցել…նորից պիտի կրկնվեմ, մեր երկիիրը Ռուսական կայսրությունից էր ոդեգրել այդ սուտը, որի մասին մեծն Գոգոլը երկու մեծ ստեղծագործություններ էր գրել «Մեռած հոգիները» ու »Ռեվիզորը»: Դե իսկ Խորհրդային կարգերն էլ իրենց »պրոլետարական դիկտատուրայով» այդ սուտը «ամրապնդեցին» մարդկանց հոգիներում: Այստեղից էլ գեղջուկ Սերժիկի ու Հովիկի երազանքը Խորհրդային կերակրատաշտից ոգտվելն էր, սակայն Ղարաբաղյան «հեղափոխությունը» նրանց կոմերիտական ծրագրերը անհամեմատ ուռճացրեց…Ազնիվ մարդիկ իրենց օրինակով պիտի օգնեն հասարակությանը սուտը ջնջելուն…սա է կարծում եմ «դիալեկտիկան»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031