Քաշաթաղի շրջանի հարավային թևում հունիսի 1-ից սկսվել է գարու բերքահավաքը: Հացահատիկի բերքահավաքն անկորուստ իրականացնելու նպատակով մայիսի 5-ից Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործում է հրդեհային անվտանգությունն ապահովող շտաբ:
Հունիսի 5-ին տարածքի համայնքների ղեկավարների և բերքահավաքին օժանդակող պատասխանատուների մասնակցությամբ այստեղ կայացավ խորհրդակցություն, որը վարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ներկա էին նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Գորիսի ալրաղացի տնօրեն Սպարտակ Հակոբյանը, այլ պաշտոնատար անձինք:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Լևոն Սիմոնյանը ներկայացրեց շրջանում ցանված աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով հակահրդեհային միջոցառումների իրականացման համար նախատեսված և կատարված աշխատանքները: Շրջանում ընդհանուր կատարվել է 13653 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքս. որից ցորեն` 4547 հա, գարի` 7230 հա, հաճար` 1876 հա: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ տվյալ պահի դրությամբ արդեն հնձվել է 60հա գարի` 31 ց/հա բերքատվությամբ. ընդամենը` 186 տոննա: Ցանքատարածքներում աշխատում է 9 կոմբայն: Նշեց նաև, որ հակահրդեհային միջոցառումների իրականացման նպատակով գյուղնախարարություն է ներկայացվել անհրաժեշտ ծախսերի հաշիվ, որը կազմում է 8.400.000 դրամ: Ցանքատարածքներում 3-ի փոխարեն գործում են 6 հակահրդեհային 3 հենակետ (3-ը` հիմնական, 3-ը՝ շրջիկ), որտեղ բացի հրշեջներից հերթապահություն են իրականացնում կամավորականները տարածքի համայնքներից:
Կարդացեք նաև
Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ցանքատարածքների դաշտամիջյան ճանապարհների եզրերին աճել է 2-2,5 մետրանոց փշեր, որոնք ստեղծել են հրդեհավտանգ իրավիճակ: Դրանցից խուսափելու համար արտեզրերին կատարվել է մոտ 425 կմ հերկ` 4 մ լայնությամբ, ընդամենը` 170հա:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի հագեցվածությանը՝ տեղեկացրեց, որ հարավային թևում գրանցված է 85 անիվավոր, 25 թրթուրավոր տրակտոր և 18 միավոր հացահատիկահավաք կոմբայն: Նշեց նաև, որ կա պայմանավորվածություն Սյունիքի մարզի կոմբայնավարների և բեռնատարների վարորդների հետ, ովքեր կմասնակցեն բերքահավաքի աշխատանքներին: Լ. Սիմոնյանը դիմեց համայնքների ղեկավարներին՝ հորդորելով մեծ պատասխանատվություն ցուցաբերեն բերքահավաքն իրականացնելու համար:

ԼՂՀ վարչապետն անդրադարձավ հացահատիկի գներին՝ կարևորելով հատկապես գարու խնդիրը: Տեղեկացնելով, որ ՀՀ-ում գարու պահանջարկը քիչ է, մթերողները փորձում են հնարավորին էժան գներով մթերել գարի: Բայց ԼՂՀ կառավարությունը ձգտում է գների անկումը հասցնել նվազագույնի և որոշվել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործողները պարտքերը մարեն գարի հանձնելով՝ կիլոգրամը 105 դրամով:
Տեղեկացրեց նաև, որ կա պայմանավորվածություն երևանյան հացահատիկ մթերող կազմակերպություններից մեկի հետ, որը համաձայնվել է 115 դրամով կատարել գարու մթերումը: Ինչ վերաբերում է ցորենի գներին՝ Ա. Հարությունյանը ասաց՝ Արցախում արտադրված ամբողջ ցորենը կբավականացնի պահանջվող ալյուրի համար, ուստի ցորենի մթերման հարցը հեշտ է լինելու: Այնուամենայնիվ հորդորեց՝ չշտապել հացահատիկն էժան վաճառել, առաջարկեց նաև պահեստավորել:
Խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարները տարբեր հարցերով՝ ջրատարների մաքրում, ճանապարհների բարեկարգում, գյուղտեխնիկայի համալրում, կորնգանի սերմացուի հատկացում և այլն, դիմեցին կառավարության ղեկավարին: Կարևորվեց նաև մկնանման կրծողների դեմ պայքարի խնդիրը:
Խորհրդակցությունից հետո վարչապետը գյուղնախարարի, շրջվարչակազմի ղեկավարի, ոլորտի պատասխանատուների հետ եղավ Թովմասարում, տեղեկացավ հակահրդեհային հենակետի պայմանների մասին, զրուցեց հրշեջների և կամավորականների հետ: Շրջելով ցանքատարածքներում՝ ծանոթացավ վիճակին, ոլորտի պատասխանատուներին տվեց հանձնարարականներ:
ԼՂՀ գյուղնախարար Ա. Խաչատրյանը նշեց, որ տարին նպաստավոր է հացահատիկի արտադրության համար, սպասվում է բարձր բերքատվություն: Կարևորեց գնապահպանման խնդիրը, հսկողությունը, որ անկորուստ իրականացվի բերքահավաքը:
Քիչ առաջ եմ վերադարձել Իշխանաձորից, հակահրդեհային շտաբի հերթապահներ Վահե Դավթյանի և Նարեկ Դավթյանի հետ ևս մեկ անգամ շրջեցինք Թովմասարում, համոզվելու՝ արդյոք չկա հրդեհավտանգ օջախ: Հուսանք հաց արտադրող մեր հայրենակիցները գոհ կմնան բերքի արդյունքից:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


















































