Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոուն ԶԼՄ-ներն են այդպես մատուցում». Պատգամավորները՝ սիրիահայերի համար շոու սարքելու մասին. (Տեսանյութ)

Հունիս 09,2015 15:18

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամները վերադարձել են Սիրիայից եւ այսօր հրավիրած ասուլիսում պատմեցին, թե ինչ խնդիրներ են լուծել սիրիահայերի համար՝ հունիսի 1-5-ը այցելելով այնտեղ:

Պատվիրակության անդամ Տաճատ Վարդապետյանն ասաց. «Այցելության նպատակն էր, որ տեսնեինք, թե ինչ հնարավորություն կարող էինք քննարկել, որ ծանր վիճակը նրանց ինչ-որ չափով մեղմեինք: Մենք չունեինք այն կախարդական փայտիկը, որ գնայինք Սիրիա, որ մեր հայրենակիցների մասով բոլոր խնդիրները լուծեինք ու վերադառնայինք: Բանակցությունները բավականին ջերմ եւ փոխըմբռնման ոլորտում էին: Նրանք անչափ կարեւորում էին հայ համայնքի դերը: Այսօր թիվ 1 խնդիրը Սիրիայում ստեղծված հայ համայնքի ծանր վիճակն է: Նրանք հեշտությամբ չեն համակերպվում իրենց տուն ու տեղը թողնել եւ հայրենիք գալ, բայց մենք պետք է արագ կազմակերպենք, որ տարհանենք նրանց, եթե դրա անհրաժեշտությունը կա:

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքերով՝ բոլորը բարձր գոհունակությամբ էին խոսում հայ համայնքի մասին, եւ իշխանությունները ցանկանում էին, որ հայ համայնքը մնա Սիրիայում:

Մի մասը ցանկություն հայտնեցին, որ գան, բայց նրանց համար պետք է պայմաններ ստեղծել: ՀՀ իշխանություններն ամեն օր նոր տարբերակներ են մտածում, որ հնարավորինս թեթեւացնեն սիրիահայության խնդիրները:

Հարցին, դուք ճշտե՞լ եք, այստեղ եկած սիրիահայերի՝ այնտեղ մնացած գույքն ինչպես է պահպանվում, «Ժառանգություն» խմբակցությունից պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ այն մասերում, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում, պահպանվելու մասին խոսք չկա: Բայց կա մի ծրագիր, որով հնարավոր է փոխհատուցեն որոշ չափով: Կառավարությունն այդ հարցով կփորձի օգտակար լինել, երբ մարդիկ վերադառնան իրենց տները: Կա ծրագիր, բայց դրանով ասել, որ գույքն ամբողջությամբ կպահպանվի՝ դժվար թե:

Հարցին՝ Սփյուռքի նախարարությունն ասել էր, որ սիրիահայերի երեխաները հնարավոր է գան այստեղ՝ ամառային հանգստի, արդեն պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, նրանք գալո՞ւ են՝ Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Միայն ամառային հանգստով չի, պետք է նրանց համար ապահովել ապրելու տարրական պայմանները, որի համար կառավարությունն աշխատում է: Այսօր մեր հնարավորություններն այնքան չեն, որ հնարավորություն տան բոլորին Հայաստանի կենտրոնական թաղամասերում բնակվելու»:

Տաճատ Վարդապետյան ասաց, որ ցանկալի գործընթաց կլիներ, եթե այդ գաղթով կարողանային Արցախը վերաբնակեցնել. «Իրենք ըմբռնումով էին մոտենում այդ տարբերակին: Նրանց հետաքրքրում էր հարկային օրենսդրության ներդաշնակեցումը, իրենց արտոնյալ պայմաններ տալու հեռանկարը»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ասում եք, որ իշխանություններն ու կառավարությունն ամեն ինչ անում են սիրիահայերի համար, բայց կա կարծիք, որ այն ամենն, ինչ անում է Սփյուռքի նախարարությունն ու կառավարությունը՝ ընդամենը շոու է, հրավառություն ու «ֆանտաններ», մեջը բան չկա, ի՞նչ կարծիք ունեք այս մասին, արդյոք կոնկրետ քայլեր արվո՞ւմ են, թե՞ չէ:

Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Չեմ կիսում այդ կարծիքը, շոուի խնդիր չկա: Շոուն ավելի շատ այդպես են մատուցում լրատվամիջոցները: Կառավարությունն անում է իր հնարավորությունների շրջանակում, չի կարող իդեալական պայմաններ ապահովել: Եթե նրանք որոշում են գալ ՀՀ, պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ ինչ-որ մարզում են ապրելու կամ Արցախում են ապրելու, կամ սահմանամերձ ինչ-որ մի շրջանում»:

Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ հայ համայնքի հետ խոսել են այն մասին, թե ինչ արտոնություններ են այստեղ տալիս սիրիահայերին. «Եթե նրանք գան Հայաստան, անվճար կրթություն, անվճար փաստաթղթերի տրամադրում եւ այլն, մարզերում հարկային արտոնությունների տրամադրում կլինի՝ բիզնես ծրագրերին մասնակցելու առումով: Դա բավականին ոգեւորեց մեծ մասին»:

Իսկ Թեւան Պողոսյանի խոսքերով՝ «Շոուի գնահատականների խնդիրը ընկալման հարց է: Սիրիայից մի մարդ, որը եկել էր ՀՀ, հետո վերադարձել էր, ասեց՝ նա, ով մնալու է ՀՀ-ում, կմնա, ով ՀՀ-ից գնալու է, գնալու է՝ ինչքան էլ իր համար լավ բաներ դուք անեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930