Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւէ այսքան շատ «դրսից տղա» չէին բերել․ հետընտրական բախումների մտավախությունները

Հունիս 05,2026 16:51 Share

«Ինչի՞ եք որոշել, որ ամեն ինչ հանգիստ է լինելու վերջին երկու օրը։ Ռեպրեսիաները ավելի են խստանալու, բարդանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու․․․ Հասկանում եք, երբ կան կարմիր գծեր, որոնք հատում են, դրանից հետո կանխատեսել՝ ի՞նչ կարող է լինել կամ օրենքին համապատասխան, հանդարտ ընտրություններ ենք ունենալու, խիստ կասկածում եմ»․ «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը երկու առանձնահատկություն է առանձնացրել․ «Նոր առաջնորդություն առաջ եկավ եւ երկրորդը, ցավոք, բացասական առանձնահատկությունն է՝ անընդունելի բառապաշարը, ազգային արժեքներից ետ կանգնելը, անձնական դաշտերի տրորումը, ռեպրեսիաները։ Եթե համեմատենք, քարոզարշավների ժամանակ այս տեսակ՝ շատ վատ, ներազդեցության խնդիր չկար»։ «Առավոտի» հետ զրույցում Թեւան Պողոսյանը եւս մեկ առանձնահատկություն է նշում, որը, իր դիտարկմամբ, կրկնվել է՝ բավական հետաքրքիր ձեւով ու ավելի բաց տեքստով․ «Եթե նախկինում ընդդիմադիրներն էին ավելի շատ դիմում արեւմտյան երկրներին՝ օգնեք, նայեք կամ մեր մասին մի լավ բան ասեք, իսկ գործող իշխանությունները միայն դեպի Հյուսիս էին նայում եւ այդ ժամանակ մեղադրվում էին, որ «մարդ են բերում դրսից մեզ վրա», որ մենք պետք է որոշենք մեր ճակատագիրը, ապա այս անգամ ավելի բացասական ձեւով եղավ անդրադարձը․ գործող իշխանությունները, ինչքան հնարավոր է՝ «դրսից տղա բերեցին» իրենց օգնելու համար, շատ ցուցադրամոլական բաներ արեցին։ Երեւույթը նախկինում էլ կար, բայց այս անգամ շատ-շատ էր՝ էլ ԱՄՆ նախագահ, էլ փոխնախագահներ, էլ ԱԳ նախարարներ, ԵՄ պաշտոնյաներ, եվրոպական երկրների ղեկավարներ․․․վերջում նույնիսկ թշնամի երկրի ղեկավարին փորձեցին ներգրավել, ինչը բացառիկ նորություն էր։ Աստված գիտի, թե առաջիկա օրերին էլ ինչեր կլինեն»։

Այս իրավիճակում, մեր զրուցակիցը հայ ընտրողներին, Հայաստանի Հանրապետությամբ իրապես մտահոգ մարդկանց կոչ-հորդոր է ուղղում՝ հունիսի 7-ին առաջնորդվել ոչ թե այսօրեական նախընտրական խոստումներով՝ աշխատավարձ, թոշակ, պարգեւավճար, այլ ավելի լայն մտածեն, վերլուծեն՝ թե ի՞նչ են ժառանգելու իրենց երեխաներին, գալիք սերունդներին, քանի որ այս ընտրություններում այդ տարրը կա։ Նաեւ․ «Հույսը դնեն իրենց գիտակցության վրա, ոչ թե «դրսից բերածների»։

2021 թվականի ընտրությունների արդյունքները մեր զրուցակիցը լավագույն դրսեւորումն է համարում՝ ընտրության չգնալու վարքագծի․ «Դեպրեսիայից էր, պարտությունից էր, 22 մասնակիցների ցանկում չգտան ինչ-որ մեկին, ում կուզեին ձայն տալ եւ այլն, բայց, ի վերջո, ընտրության չգնացողները արդյունք ձեւավորեցին, որով ուրախացել են 80 միլիոն թուրքերը, 10-12 միլիոն ադրբեջանցիները եւ մի երկու հազար հայեր, ովքեր որ պաշտոններ ստացան։ Ինձ շատ են մեղադրել այս գնահատականի համար։ Բայց հիմա նորից եմ ասում՝ հիմա կարելի է գիտակցել՝ ոչ թե թշնամիներին է պետք ուրախացնել, այլ սեփական, գալիք սերնդին։ Կցանկանամ, որ կրկին չունենանք արդյունք, որտեղ վերջում կպարզվի, որ թշնամիները կուրախանան, այլք կուրախանան՝ իրենց շահերից ելնելով, այլ ոչ թե հայ ազգը։ Հուսամ, որ այս անգամ ընտրողներն այս մոտեցմամբ կառաջնորդվեն եւ կգիտակցեն։ Այո, ցավոք, այնպիսի օրենք է գրված, որ՝ ընտրողն ազնվորեն ցանկանում է բողոք արտահայտել՝ չմասնակցելով, քանի որ որեւէ մեկին արժանի չի համարում, բայց դրանով նպաստում է գործող իշխանությանը։ Դա օրենքի բացն է եւ դրա դեմ միակ հակաքայլը՝ գնալ եւ ընտրության մասնակցելն է։ Թե քվեարկության ժամանակ ի՞նչ կանեն, դա էլ այլ խնդիր է՝ յուրաքանչյուրն ինքը թող որոշի, որովհետեւ որեւէ մեկն իրավունք չունի բռնանալ մեկ այլի կամքի վրա»։

Մեր զրուցակիցը օրենքի երկրորդ բացն էլ է մատնանշում՝ հիշեցնելով, որ 1991-ին, երբ ձեւավորվել էր ՀՀ-ն, օրենսդրական նորմ կար, որ ընտրությունները համարվում են կայացած, եթե «50+1» տոկոս մասնակցություն կար, բայց հիմա դա էլ է բաց, քանի որ այժմ, ասենք՝ ընտրողների ¼-ը կարող է քվեարկել եւ համարվի՝ մեծամասնությունն է մասնակցել․ «Հայերը չեն սիրում, որ բիզնեսում իրենց համար ուրիշներն են որոշումներ կայացնում, հայերը չեն սիրում, որ իրենց կյանքի հետ կապված որոշումներն այլք են կայացնում, բայց չգիտեմ ինչո՞ւ, ընտրությունների օրը նախընտրում են նստել եւ սպասել՝ մինչեւ ուրիշներն իրենց համար ընտրություն անեն։ Հուսամ, որ վարքագիծը, որը կյանքի ամեն օրն է պլանավորում՝ «ես ինքս կորոշեմ, դա իմ գործն է», այս դեպքում էլ կկիրառեն։ Ընտրություններն էլ կասեն՝ «իմ գործն է, ես կորոշեմ»։

Դիտարկմանը՝ բուն ընտրական գործընթացին նախորդող մեկնարկային այս բացասական ֆոնը ի՞նչ կանխատեսումների տեղիք է տալիս․ որոշ վերլուծաբաններ, օրինակ, խոսում են այն մասին, որ իշխանությունը որեւէ բանի առաջ չի կանգնի եւ կհասնի իր հաղթանակին, ինչի ապացույցը վերջին օրերի սաստկացող ռեպրեսիաներն են, որոշները ասում են երկրորդ փուլի հնարավորության մասին, Թեւան Պողոսյանն արձագանքեց՝ նկատելով, որ ԸՕ-ն ԱԺ ընտրություններում երկրորդ փուլի հնարավորություն չի սահմանում․ «Պետք է ինչ-որ կերպ ԱԺ ձեւավորվի եւ եթե ԱԺ-ում արդեն կառավարություն ձեւավորելու խնդիր լինի՝ նոր երկրորդ փուլի հնարավորություն է առաջանում։ Բայց ես կարծում եմ, որ ռեպրեսիաներն են ավելի ուժեղանալու։ Ինչի՞ եք որոշել, որ ամեն ինչ հանգիստ է լինելու վերջին երկու օրը։ Ռեպրեսիաները ավելի են խստանալու, բարդանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու․․․ Հասկանում եք, երբ կան կարմիր գծեր, որոնք հատում են, դրանից հետո կանխատեսել՝ ի՞նչ կարող է լինել կամ օրենքին համապատասխան, հանդարտ ընտրություններ ենք ունենալու, խիստ կասկածում եմ»։

Թեւան Պողոսյանը հիշում է՝ 2021-ից հետո, երբ մասնակցում էր տարբեր ընդդիմադիր շարժումների հավաքներին, շատերը զարմանում էին՝ նկատելով, որ գաղափարապես տվյալ ուժի հետ ինքը խնդիր ունի։ Իր պատասխանը մեկն էր․ «Որքան շատ մարդ լինի ցույցին, այնքան բարդ կլինի կողքի հային վնաս տալը։ Երբ ցույցերը բազմահազարանոց են, դժվար ուժ կիրառեն, երբ սակավամարդ են՝ ուժ են կիրառում․ 1,5 տարի առաջ, Բաղրամյան պողոտայում հունիսյան դեպքերը հենց դրա վկայությունն է»։ Այս տեսանկյունից նաեւ վստահ է՝ նույնը ընտրական գործընթացում է լինելու․ որքան շատ մարդ մասնակցի, այնքան մեծ է հավանականությունը, որ «կողքի հային չեն վնասի» եւ հնարավոր կլինի արդյունքում ստանալ իրական պատկերը։ Այս սցենարին նա կոչ է անում մասնակից լինել, բայց մտքում ունենալով հեռանկարը, որ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի։

Հարցին՝ հետընտրական բախումները, որի մասով ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը, անխուսափելի՞ են, մանավանդ որ, քարոզարշավի ժամանակ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ եթե իշխանությունը գնա կեղծիքների եւ ռեպրեսիաների ճանապարհով՝ հեղափոխություն կստանա, Թեւան Պողոսյանը պատասխանեց․ «Հայ ազգի վարքագիծը այսպիսին է եղել․ ամեն անգամ, երբ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանել, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ ժողովուրդն ասում է՝ ես ուզում եմ իմ ճիշտ արդյունքը։ Այնպես որ, առաջին նախագահի շատ մոտեցումների հետ կարելի է չհամաձայնել, բայց այն, որ ինքը կարողանում է նաեւ ազնվորեն բարձրաձայնել իր մոտեցումները, դրան պետք է հարգանքով վերաբերվել։ Այո, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն է այդ կասկածը հայտնում, մենք ո՞վ ենք, որ մտածենք, որ չի լինի։ Ես հիշում եմ, որ մյուս մասնակից ուժերն էլ են ասել՝ եթե չլինեն արդար ընտրություններ, ապա փողոցն իր կարծիքը պետք է ասի։ «Փողոցն ասի»-ն նա չէ, որ պետք է բռնել, ջարդել եւ այլն։ Նույնիսկ լինել փողոցում, դուրս գալ եւ պարզապես կանգնել փողոցում կամ այլոց կողքին, արդեն նշան է, որ հազարավոր բաներ պետք է անեն։ Էլ չասեմ՝ որքան ինստիտուտներ կան, որ իրենց պարտականությունները պետք է ազնվորեն կատարեն։ Պատկերացնո՞ւմ եք, թե իրավակահ համակարգն ինչքան պետք է ազնվորեն օրենքին հետեւի։ Ես մեծ կասկածներ ունեմ՝ հաշվի առնելով այս պահի դրությամբ իրավիճակը, երբ մարդկանց ձերբակալում են, ինչ-որ դատական գործեր են սկսում, հետո պարզվում է, որ ոչ մի փաստ չեն ունեցել։ Մենք ապրում ենք մի տեղ, որ ամեն ինչ կա, այնպես որ՝ հիմնավոր կասկածներ ունենալ, որ խնդիրներ են լինելու, բոլորի մոտ էլ կան։ Բայց բոլորն էլ պետք է հասկանան՝ դրա դեմն առնելու միակ տարբերակը՝ ընտրություններին մասնակցելն է, որ հաջորդ օրը բարդություններ չլինեն։ Ընդ որում, այնքան արդյունքային պետք է լինի, որ կասկածի տեղիք չթողնի։ Օրինակ, 48, 1 տոկոս եւ 48,3 տոկոսի պարագայում՝ ինչ ասես կարող են մտածել։ Բայց եթե լինի լուրջ տարբերություն, շատ բան ավելի բարդ է լինելու»։

Ի դեպ, մեր զրուցակիցը նաեւ արձանագրում է, որ իրազեկման իմաստով, թե ընտրության չգնալն ի՞նչ հետեւանքներ կունենա, գնալ՝ քվեաթերթիկն անվավեր անելն ի՞նչ հետեւանքներ կունենա, լավագույնս օգտագործվել են բոլոր հարթակները եւ մարդիկ լավ տեղեկացված են։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930