Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատումը` քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում

Հունիս 11,2015 15:22

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների ղեկավարների հետ: Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ, թեև ոլորտում իրականացվող աշխատանքները ծավալուն են ու իրականացվում են անգամ ոչ աշխատանքային օրերին, այդուհանդերձ, կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի թեժ տարեշրջանով պայմանավորված, անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, որպեսզի որևէ թերացում չլինի: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև հունիսի 15- ը վարչական շրջաններում  ավարտել  ծաղկապատման աշխատանքները, ծաղիկներով համալրել նաև ոռոգման ցանց ունեցող ճանապարհներին հարակից ծաղկային տարածքները:

Անդրադառնալով խոտհնձին` Կամո Արեյանը  նշել է, որ պետք է համակարգված աշխատանքներ տանել, որպեսզի գործընթացն իրականացվի  ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ մասնավոր կամ վարձակալության հանձնված այգիներում, պուրակներում, բակերում և այլ տարածքներում: Միաժամանակ ընդգծվել է, որ հնձված տարածքներն անհրաժեշտ է անմիջապես ոռոգել՝ կանաչ զանգվածի հետագա փարթամ աճն ապահովելու համար: Ինչ վերաբերում է ոռոգման աշխատանքներին ընդհանրապես, ապա հանձնարարվել է, շոգ եղանակով պայմանավորված, կանաչ տարածքների ոռոգումը հնարավորին պարբերական դարձնել: Առանձին հատվածներում ոռոգման համար անհրաժեշտ ջրածավալին առնչվող հարցերը քննարկվել են խորհրդակցությանը ներկա «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցչի հետ:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծառերի սրսկման և բուժման աշխատանքները շարունակելու նպատակով ստացվել է նոր բուժանյութ, որը կբաշխվի վարչական շրջաններին: Խորհրդակցության ավարտին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանատուներին հանձնարարել է տեղերում խիստ վերահսկողություն սահմանել կանաչապատման, կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման և այլ բաղադրիչների պատշաճ իրականացման նկատմամբ և պարբերաբար ներկայացնել արդյունքները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930