Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ խոսում եք երիտասարդացման ծրագրերի մասին, ինձ թվում է՝ ձեր հոգին ծախել եք Մեֆիստոֆելին, որ միշտ երիտասարդ մնաք»․ ավագանու անդամը՝ Արմեն Բեգոյանին

Նոյեմբեր 22,2023 16:23

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Գյոթեի «Ֆաուստի» հերոսներից՝ չար ոգի Մեֆիստոֆելին հիշեցին։ «Էդ ո՞վ ա»,- դահլիճում մեկը հարցրեց, երբ լսեց Մեֆիստոֆել անունը։

Երեկվա աղմկահարույց ու բռնության տարրերով նիստից հետո այսօր շարունակվող նիստում հարցուպատասխանը շատ խաղաղ անցավ, եւ թեթեւակի համեմված գեղարվեստական գրականությամբ ու միմյանց հարգալից դիմելաձեւերով։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սեդա Տեր-Մինասյանը Երեւանի կանաչապատման մասին հարց ուղղեց «Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանին։

Տեր-Մինասյանը նախ հետաքրքրվեց, թե ինչու ՀՈԱԿ-ից որեւէ մեկը չի մասնակցել խմբակցության հրավիրած մեծ հանրային լսումներին՝ կանաչապատման մասին, այն դեպքում, երբ խմբակցությունից հրավեր է եղել։

Այս առնչությամբ Բեգոյանը վստահեցրեց, որ հրավեր չեն ստացել։

«Գրագիտությունը հացենիներն ու թեղիները սակուրաներով փոխարինելու մեջ չէ, խորը էտի մեջ չէ, եւ քաղաքապետարանին կից այս անճաշակ բոստանի մեջ չէ։ Չասեք, որ սա ճաշակի հարց է։ Կանաչապատումը գիտություն է եւ ընդունում է խիստ գիտական չափորոշիչներ, ոչ թե՝ ճաշակ։ Եթե ճաշակի մասին ենք ուզում խոսել, խորհուրդ կտամ աշխարհի փորձը ուսումնասիրել եւ տեսնել, թե որքան առաջ է գնացել աշխարհը, իսկ մենք տեղում ենք դոփում»,-ասաց Տեր-Մինասյանը։

Ապա ավագանու անդամը դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին․ «Խորը էտը արգելված պրակտիկա է աշխարհում, ՀՈԱԿ-ն էլ դա ընդունել է եւ արգելել։ Պարոն Ավինյան, գիտեմ, որ դուք ունեք երեք աղջիկ, խնդրում եմ ամենափոքրին խնդրեք նկարել ծառ։ Ի՞նչ եք կարծում, նման կլինի՞ ձեր փոքրիկ բալիկի նկարած ծառը պարոն Բեգոյանի խորը էտած ծառին։ Հետո՝ Ուլնեցու փողոցում ծառահատման տոմսերը փակցված են քսան տարեկան երիտասարդ ծառերի վրա, նույնը Մերգելյան այգում է։ Այդ պրակտիկան, որ կարելի է տոմսը փակցնել, հետո մարդիկ գալիս, նայում են, ասում՝ չէ, այս ծառը կարելի է չհատել, տոմսը կարող է հանվել, ծառը կարող է կտրվի, չկտրվի, դրա տակ որեւէ գիտական հետազոտություններ կա՞ն։ Դուք ձեր երեխային կուղարկե՞ք մի դպրոց, որտեղ մաթեմատիկայի ուսուցիչն այսօր ասում է 2+2+4, իսկ վաղը կասի՝ 2+2+5»։

Արմեն Բեգոյանն էլ ի պատասխան ավագանու անդամի հարցի, ասաց՝ ՀՈԱԿ-ին կից գիտատեխնիկական խորհրդում ներգրավված են հանրապետության մասնագիտական կառույցների ամենաբարձրաստիճան մասնագետները, որոնք հաստատում կամ չեն հաստատում այս կամ այն ծրագրերը․ «Ձեր որակած քաղաքապետարանի դիմաց անճաշակ․․․ դա ձեր ճաշակի խնդիրն է։ Հավելեմ՝ այնտեղ հիմնականում մշտադալար թփերով է կատարվել աշխատանքը՝ մասնագիտական հանրության հաստատմամբ ծաղկային գեղեցիկ ձեւավորումը»։

Ինչ վերաբերում է խորը էտին, ապա Բեգոյանն ասաց՝ նման տերմին կանաչապատման մեջ չկա․ «Մենք Երեւանում խորը էտ չենք իրականացնում։ Երեւանում իրականացվում են սանիտարական էտի աշխատանքներ։ Ձեր նշած խորը էտը արվում է թեղիների նկատմամբ, դա խորը էտ չէ, այստեղ մենք թեղիների երիտասարդացման աշխատանքներ ենք անում»։

Բեգոյանը վստահեցրեց, որ այս տարվա դեկտեմբերին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովի արդյունքներ կան, ՀՈԱԿ-ը գիտնականների, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների, բուսաբանական այգու գիտական տնօրենի, տարբեր բաժինների գիտնականների ցուցումներ կան, որ Երեւան քաղաքում թեղիները կորցրել են իրենց կենսունակությունը եւ գտնվում են դրանց ավարտի եզրին․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միանգամից այդ բոլոր ծառերը հնարավոր չի լինի փոխել, քանի որ դրանք 100 հազարի են հասնում, առայժմ այն հատվածները, որտեղ նախատեսված չէ թեղիների փոխարինում արժեքավոր ծառատեսակով, մենք ստիպված ծառի երիտասարդացման աշխատանքներ ենք անում, իջեցնում ենք առանց այդ էլ չեղած սաղարթի մակերեսը, որպեսզի հիվանդ, կենսունակության ավարտին մոտ ծառը կարողանա մի քանի տարի էլ գոյատեւել»։

Բեգոյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ու, ոչ էլ գիտատեխնիկական խորհրդի գիտնակաները չեն ստացել խմբակցությունից հրավեր․ «Խմբակցությունից եկող նամակները, հրավերները տեղի են ունենում համապատասխան ստորաբաժանման միջոցով, Արմինե Վարդանյանն է կանոնակարգում աշխատանքները»։

«Այստեղ անդունդ է լինելու՝ ոնց հասկանում եմ»,-ռեպլիկ արեց Տիգրան Ավինյանը։

«Երբ խոսում եք երիտասարդացման ծրագրերի մասին, ինձ թվում է դուք ձեր հոգին ծախել եք Մեֆիստոֆելին, որ միշտ երիտասարդ մնաք»,-կարճ արձագանքեք Սեդա Տեր-Մինասյանը։

«Էդ ով ա»,-հարց հնչեց դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930