Քաշաթաղի շրջանում, հատկապես Թովմասարի սարահարթում, հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մտել են եռուն շրջան: Հունձն անվնաս և բերքն անկորուստ ամբարելու նպատակով տարածքում գործում է ուժեղացված հերթապահություն: Հոնիս ամսվա ընթացքում շրջանի հարավային թևի համայնքների տարածքներում բռնկվել են տեղային հրդեհներ, որոնք շուտ մարվել են, և ցանքատարածքները չեն վնասվել: Հունիսի 13-ին Հադրութի տարածաշրջանում բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասար, մեծ վտանգ էր ներկայացնում արդեն հասունացած ցանքատարածքների համար:


Տեղում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ` տնօրեն Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: ԱԻ ծառայության տնօրենը տեղեկացրեց, որ հրդեհաշիջման աշխատանքներում մեծ աշխատանք կատարեցին համայնքների բնակիչները: Կարևորեց շրջվարչակազմի ղեկավարի և աշխատակիցների դերը:
Կարդացեք նաև
-Անձնազոհությամբ պայքարեցին կրակի դեմ և թույլ չտվեցին, որ կրակը հասնի ցանքատարածքներ,- ասաց Արթուր Հարությունյանը:
Բացի ցանքատարածքներից, կրակն սպառնում էր նաև Արաքսավան և Եղեգն բնակավայրերին: Ընթացքում ցանքատարածքների մոտ ստեղծվել են պաշտպանական շերտեր հերկի միջոցով. աշխատանքները շարունակվում են: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ այս ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում հրդեհներ բռնկվել են, բարեբախտաբար ցանքատարածքները քիչ են վնասվել: Սակայն պետք է մշտապես զգոնություն ցուցաբերել:

Հնձի աշխատանքները Թովմասարում շարունակվում են և կավարտվեն մոտ 20 օրից: Այժմ հունձ են կատարում 34 կոմբայն, իսկ բեռնատարները բերքը տեղափոխում են պահեստներ:
Զոհրաբ Ըռքոյան. Թովմասարից



















































