Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին

Հուլիս 17,2015 11:54

Երեւան, 17 հուլիսի, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթեւան կարիքավոր ընտանիքներին:

2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով:

Բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով: Նախաձեռնության շրջանակներում բնակարաններ են նվիրաբերել անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո Ջորդանը, Հայկ Քելեջյանը, Սամվել Բալասանյանը եւ ARTN Shant ընկերությունը: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի նախաձեռնությամբ ծրագրին միացել է նաեւ գերմանահայ համայնքը, որի հանգանակություններով բնակարաններ է նվիրաբերվել միայնակ մայրեր Աննա Սարգսյանի եւ Ռուզաննա Եղոյանի ընտանիքներին:

1

Բոլոր այս ընտանիքներն ապրում էին ծայրահեղ անբարենպաստ պայմաններում` նկուղներում կամ խարխուլ տնակներում ու հանրակացարանի սենյակներում` զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Տարագիր ճակատագրերով այս ընտանիքներն արդեն իսկ ունեն սեփական կացարան եւ կարող են հարմարավետ պայմաններում մեծացնել իրենց երեխաներին:

«Ամեն կերպ ջանում էի, որ երեխաներս սոված չմնան, բայց տուն ունենալու մասին նույնիսկ չէի կարող երազել», հուզմունքը չթաքցնելով` պատմում էր միայնակ մայրերից Ռուզաննան:

Հունիսի 28-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ երկրորդ հեռուստամարաթոնը, որի հանգանակած գումարներով առաջիկա ամիսների ընթացքում կգնվեն նոր բնակարաններ: «Ծրագիրը շարունակական է լինելու», – տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031