Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են քննիչները ֆիքսված ու բջջային կապը լսելու, առանց բանալու՝ կողպող սարքերը բացելու ու ռադիոտեղորոշում անելու

Մարտ 16,2022 14:30

Ծպտյալ ինչ գործողություններ են անելու քննչական մարմինները. ԱԱԾ-ի նախագիծը հանրային քննարկման է դրված:

Բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի՝ ծպտյալ տեսահսկման եւ գաղտնալսման, դրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման ու ձայնագրման համար կառավարությունը մի ամբողջ ցանկ է մշակել: Այն ներառված է «Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատելու մասին» նախագծում:

Այս օրերին նախագիծը դրված է հանրային քննարկման: Նախագիծը շրջանառում է Ազգային անվտանգության ծառայությունը, որն էլ ցանկի անհրաժեշտությունը պայմանավորում է քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների փոփոխությամբ եւ դրանց պահանջով:

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները տեղի են ունեցել 2021 թվականին: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գաղտնի քննչական գործողություններ են ներքին դիտումը, արտաքին դիտումը, նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը եւ կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը: Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է կառավարությունը:

Ցանկով նախատեսված են նաեւ տեխնիկական՝ այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր եւ համակարգեր անհետք ներթափանցելու, դրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու՝ փոփոխելու, ոչնչացնելու եւ ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաեւ ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված են այդ նպատակների համար:

Կառավարության ցանկը բաղկացած է 9 կետից: Երրորդ կետով էլ նախատեսված են տեխնիկական՝ այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային եւ այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու՝ փակելու համար:

Տեխնիկական միջոցներից են լինելու նաեւ հատուկ նախատեսված հեռախոսային՝ ֆիքսված, բջջային եւ այլ տեսակի կապի խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների եւ այլնի, ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի՝ ծպտյալ վերահսկման, գաղտնալսման եւ ձայնագրառման համար, ինչպես նաեւ ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված են այդ նպատակների համար:

Տեխնիկական միջոցներ են նախատեսվելու նաեւ նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնի վերահսկման համար, ծրարի, փաթեթի՝ արտաքին թաղանթի անհետք բացմամբ եւ վերականգնմամբ կամ առանց բացելու, ինչպես նաեւ ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված են այդ նպատակների համար:

Ցանկը սահմանում է նաեւ առարկաները նույնացնող՝ թղթադրամների, իրերի, փաթեթների, փաստաթղթերի անտեսանելի նշանների տեղադրման համար, ինչպես նաեւ ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ:

Մեկ այլ կետով էլ տեխնիկական միջոցներ կնախատեսվեն շարժական եւ ոչ շարժական ռադիոտեղորոշման համար: Տեխնիկական միջոցներ են լինելու նաեւ իրերի եւ փաստաթղթերի գաղտնի հետազոտման համար:

Ցանկի վերջին կետով էլ, որը նույնպես ուշագրավ է, տեխնիկական միջոցներ կնախատեսվեն անձանց, տրանսպորտային միջոցների եւ այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի՝ ծպտյալ հսկման համար, ինչպես նաեւ ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաեւ ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված են այդ նպատակների համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2022

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031