Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը: Նա ասաց, որ այդ երկաթգծի կառուցման հետ դժվար է հույս կապել, որովհետեւ այդ հարցը 1992-93-ին քննարկվել է, տեխնիկական խնդիրներ կան Մեղրի-Քաջարան հատվածում. «Շատ ծախսատար, գերծախսատար կլինի այդ հատվածում երկաթգծի կառուցումը»:

Արա Պապյանի դիտարկմամբ՝ «Մենք պետք է առաջարկենք, որ Նախիջեւանով անցնի, թող ներգրավեն ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, թող Ադրբեջանը մերժի, վատ տղեն ինքը լինի, բայց միգուցե եւ համաձայնի: Համենայնդեպս, մենք պետք է առաջարկներ ներկայացնենք»:

Կարդացեք նաև
Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այդ տեխնիկական խնդիրների մասին մանրամասն տեղյակ է, բայց դա ավելի շատ քաղաքականության նախագիծ է: Դրանով ավելի շատ քաղաքականություն է հոսելու, տեղափոխվելու, քան ապրանքներ. «Բաքվում եւ ՌԴ-ում այս նախագծերն ուղղակի արդեն նեւրոզի են բերում: Իրանը շարունակում է առաջ տանել այդ թեման, եւ ասել, որ այդ նախագծով հետաքրքրված են էլի երկրներ՝ Չինաստանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































