«Մեր հանդիպումն այսօր կարող էր տեւել առավելագույնը 40 րոպե, այնպես որ՝ ոչ մի արդարացում չկա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ԱԻՄ անդամների հանդիպման հետաձգմանն, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եւ ԱԻՄ անդամները պետք է հանդիպեին: Այդ հանդիպման պատճառով ԱԻՄ-ը չեղյալ հայտարարեց հուլիսի 30-ին հայտարարած հավաքը եւ երթը: Պարույր Հայրիկյանին տեղեկացրել էին, որ Սահմանադրական դատարանը շատ կարեւոր նյութեր է ստացել Վենետիկի հանձնաժողովից, եւ բոլոր աշխատակիցները պետք է զբաղվեն այդ նյութերի ուսումնասիրությամբ: ԱԻՄ առաջնորդին առաջարկել են հանդիպումը 1 շաբաթով հետաձգել:

Ըստ նրա՝ այստեղ կա 1 մտահոգություն՝ մի բան իրականացնել, որն առողջ չէ. «Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն առողջ նպատակ չեն հետապնդում, այլապես նրանք այս տեսակ քայլերի չէին դիմի»:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ հանձնաժողովին սարսափեցրել է այն, որ հրապարակային քննարկում է տեղի ունենալու. «Խավարի եւ լույսի տարբերությունն ակնհայտ պիտի երեւար: Մի կողմում՝ նրանք ներկայացրել են խավարը մարմնավորող նախագիծ, այստեղ լույս է երեւում՝ քաղաքացի դու երկրի տերն ես»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































