Լրահոս
Օրվա լրահոսը

Կիոկուշին կարատեում էլ ունենք  հաջողություններ

Օգոստոս 14,2015 12:31

Կիոկուշին կարատե մարզաձեւը այդքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը, սակայն հայ մարզիկները բավականին հաջողություններ են գրանցում այստեղ: Հայաստանում մարզաձեւը ներկայացնում են մի քանի ֆեդերացիաներ, որոնցից մեկի՝ Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի սաները վերջերս են Ռումինիայի Բուզեու քաղաքում մասնակցել պատանիների եւ երիտասարդների Աշխարհի գավաթին, որտեղից վերադարձել են հարուստ ավարով: Հաղթանակների, ինչպես նաեւ ընդհանրապես ֆեդերացիայի գործունեության մասին խնդրեցինք պատմել պարոն Գասպարյանին:

-Պարոն Գասպարյան, կարատեի բազմաթիվ տեսակներ կան, ի՞նչ է իրենից ներկայացնում կիոկուշին ոճը, որո՞նք են դրա առանձնահատկությունները:

-Կիոկուշին կարատեն հիմնադրվել է դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին՝ ճապոնացի Մասուտացու Օյամայի կողմից: Հայաստանում դրանով սկսել են զբաղվել 80-ականներից: Ի տարբերություն կարատեի մյուս ձեւերի, որոնցում կարեւորվում է արագությունը՝ այս մարզաձեւում շեշտը դրվում է հիմնականում հարվածի ուժի եւ ֆիզիկական պատրաստվածության վրա:

– Մեր հայրենակից Արթուր Հովհաննիսյանն այս մարզաձեւում լուրջ հաջողություններ է ունեցել՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր. նա հասել է համաշխարհային ճանաչման, ներկայումս նրա մակարդակի մարզիկներ ունե՞նք:

– Արսեն Խաչատրյանն էլ է հասել մեծ հաջողությունների: Հիմա մենք էլ մեր հավաքականում ունենք ուժեղ մարզիկներ, ովքեր արդեն մեծ համբավ են ձեռք բերել՝ Գրիշա Թորոսյան, Արթուր Առուշանյան, Նարեկ Գաբրիելյան: Իհարկե, մենք մեծահասակների աշխարհի չեմպիոն դեռեւս չենք ունեցել, բայց ես հուսով եմ, որ գալիք սերունդը կլրացնի այդ բացը:

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը:

-Առաջին հերթին դա կապում եմ այն հանգամանքի հետ, որ հիմա պատանիներին ավելի շատ է հնարավորություն ընձեռվում մասնակցելու միջազգային մրցաշարերի, ինչը չկար առաջ: Ֆեդերացիան այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում: 2013 եւ 2014 թվականներին մասնակցել ենք Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, որտեղ երիտասարդների պայքարում ունեցանք երկու աշխարհի չեմպիոն, իսկ մեծահասակների պայքարում Գրիշա Թորոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Այս տարի շեշտը դրեցինք հուլիսին Ռումինիայում տեղի ունեցած պատանիների եւ երիտասարդների Աշխարհի գավաթի խաղարկության վրա, այնտեղ ունեցանք 9 չեմպիոն, 4 երկրորդ եւ 9 երրորդ մրցանակակիր, ընդ որում, 9 չեմպիոններից 6-ը մարզերի ներկայացուցիչներ են: 2015-ին դեռ մասնակցելու ենք Կովկասյան երկրների մրցաշարին եւ մանկապատանեկան աշխարհի առաջնությանը, իսկ մեր մարզիկներից Արթուր Առուշանյանը հոկտեմբերին կմասնակցի Խաբարովսկում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը: Լրջորեն պատրաստվում ենք նաեւ 2016 թվականի մայիսին Ստամբուլում կայանալիք եվրոպական ստուգատեսին:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզաձեւը Հայաստանում ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ:

– Մեր ֆեդերացիան իր գործունեությունը իրականացնում է հանրապետության 7 մարզերում, ինչպես նաեւ՝ Երեւանում եւ Արցախում: Պարապմունքները անցկացնում ենք հիմնական դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճներում, բայց սեպտեմբերին նախատեսվում է, որ հանրապետության տարբեր քաղաքների 20 սպորտդպրոցներում կսկսեն գործել մեր խմբակները: Հանդիպումներ ենք կազմակերպում պետական այրերի հետ՝ մարզաձեւն ավելի պոպուլյար դարձնելու համար: Կիոկուշին կարատեն Արցախում արդեն ունի պետական կարգավիճակ, իսկ Հայաստանում՝ ոչ, դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն օլիմպիական մարզաձեւ չի համարվում, սակայն խոսակցություններ կան, որ ՄՕԿ-ը պատրաստվում է կարատեն ընդգրկել 2020 թվականի Օլիմպիական խաղերի ցանկում: Եթե դա տեղի ունենա, մենք կանդամագրվեք ՀԱՕԿ-ին, եւ ուշադրությունը մարզաձեւի նկատմամբ, բնականաբար, կավելանա:

-Այդ դեպքում մենք ի՞նչ նպատակներով ենք մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Պայքարելու ենք մեդալների համար. չեմ կարող միանշանակ ասել, որ ոսկի ենք բերելու, բայց որ ձեռնոց ենք նետելու մարզաձեւում գերտերություններ համարվող Ճապոնիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ Հունգարիայի հավաքականներին, դա երաշխավորում եմ:

-Հայտնի է, որ Ձեր կառույցից բացի, հանրապետությունում գործում են նաեւ Կիոկուշին կարատեն ներկայացնող այլ ֆեդերացիաներ: Դուք համագործակցո՞ւմ եք նրանց հետ:

-Գրեթե բոլորի հետ ունենք լավ հարաբերություններ եւ արդյունավետ համագործակցում ենք: Հաճախ միասնական թիմով ենք հանդես գալիս միջազգային ասպարեզում: Նոյեմբերին տեղի է ունենալու Հայաստանի առաջնությունը, մենք հրավիրում ենք բոլոր ֆեդերացիաներին, եւ թող տատամին ցույց տա՝ ով է ամենաուժեղը:

Զրուցեց ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31