Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալ ուրիշի ցավը

Սեպտեմբեր 05,2015 10:00

Երեկ ինձ փողոցում «բռնացրեց» մի քաղաքացի եւ իր բողոքը հայտնեց հետեւյալ առիթով: Նորությունների թողարկման ժամանակ գործընկերներիցս մեկը, պատմելով այն մասին, որ ինչ-որ տեղ առյուծը կամ վագրը հարձակվել է մի աղջկա վրա, այդ լուրը սկսել էր հետեւյալ նախաբանով՝ «այժմ մի ցավալի միջադեպի մասին»: «Դա ի՞նչ մի ցավալի միջադեպ ա, եթե զոհը հայ չի,- դժգոհում էր իմ զրուցակիցը,- պետք է մի քիչ ազգասեր լինել»:

Այսպիսով, ազգասիրությունն, ըստ իմ զրուցակցի, ուրիշ ազգի մարդկանց ցավը չզգալն է՝ առանձնացնելով ամբողջ մարդկությունից ինչ-որ մի հատված, որի համար պետք է ցավ ապրել եւ անտարբեր լինելով մնացածի նկատմամբ: Կարելի է որպես չափանիշ ընդունել ոչ միայն ազգային տարբերությունները, այլեւ կրոնական, սոցիալական, կուսակցական, անձնական նախասիրությունները՝ իմ հավատակիցները, իմ քաղաքական թիմը, իմ հայրենակցական կամ սոցիալական խումբը: Ընդհուպ մինչեւ՝ «ես ընդունակ եմ զգալ միայն ի՛մ ցավը, իսկ մնացածն ինձ չեն հետաքրքրում»: Աշխարհից մեկուսանալու ամենակարճ ճանապարհն է:

Հիմա, երբ Եվրոպա են ներթափանցել հարյուր հազարավոր փախստականներ Միջին Արեւելքից, տեղացիների վերաբերմունքը նույնպես երկակի է: Մի կողմից՝ օգնել, ապաստան տալ, կերակրել, փրկել մարդկանց կյանքը, մյուս կողմից՝ «եկան, լցվեցին՝ իրենց խորթ բարքերով, նրանցից կեսը հաստատ ահաբեկիչ է» եւ այլն: «Ժամանակակից զանգվածները,- դեռեւս նախորդ դարի կեսերին գրում էր Ալբերտ Շվեյցերը,- պահանջում են սահմանազատել ազգային հայացքները բանականության եւ բարոյականության ազդեցություններից՝ համարելով դա նվիրական զգացմունքները չաղճատելու ամենաճիշտ միջոցը»: Հիրավի, փակուղային ճանապարհ է:
Անցած ամռանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավ հայտնեց նաեւ հակառակորդի զոհերի կապակցությամբ: Ինձ թվում է, դա ճիշտ մոտեցում է՝ այդպես պետք է վարվի ուժեղն ու ինքնավստահը:

Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ եւ զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը եւ ոչնչացնելով նրանց զինվորներին: Պատերազմն իրենց ղեկավարությանն է պետք՝ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից ելնելով, մեզ պատերազմ պետք չի: Բայց ես կիսում եմ նաեւ ադրբեջանցի գյուղացու վիշտը, որի տունն այդ պատերազմի պատճառով քանդվում է, կիսում եմ ադրբեջանցի մոր վիշտը, ում որդին զոհվում է՝ իր երկրի ղեկավարության խելահեղ քաղաքականության պատճառով:

Հայաստանում ոչ բոլորն են այդպես մտածում, ոմանց գուցե իմ այդ մտքերը «սրբապիղծ» թվան: Բայց ես կարող եմ հանգիստ արտահայտել իմ այդ մտքերը՝ չվախենալով «անարգանքի սյունին գամվելուց»: Դրանում է մեր եւ նրանց տարբերությունը: Հենց այդ տարբերության պատճառով էլ մենք միշտ հաղթելու ենք նրանց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ընդհանուր առմամբ՝ վատ չի…
    Չնայած էլի չես կարողացել խուսափել «ստոր» քաղաքացուն «ազնիվ և առաքինի» պաշպանության նախարի (իմա՝ իշխանության) հետ հակադրելուց։
    (Մոտավորապես՝… Համակենտրոնացման ճամբարի կեղտոտ և գարշելի ռազմագերին, գիշերը խլեց իր խորշի հարևանի ոջլոտ, զոլավոր շալվարի մեջ պահված հացի փոքրիկ կտորը… մինչ այդ նույն ժամանակ՝ անթերի մաքրությամբ և կոկիկ հագնված, բարի և մարդասեր էսէսական համակենտրոնացման ճամբարի պետը անձամբ ավլում էր դիահրկիզման վառարանի կողքին թափված մարդկային մոխիրը՝ հոգալով ճամբարի մաքրության և բոլորի առողջության համար։ Ստոր կալանավորներ օրինակ վերցրեք առաքինի ճամբարի պետից, մտածեք ոչ թե ձեր անձնական, այլ ընդհանուր բարօրության մասին! ..)))..)։
    Կա նաև ՎԱԽԿՈՏԻ պարբերություն… «…կիսում եմ ադրբեջանցի մոր վիշտը, ում որդին զոհվում է՝ իր երկրի ղեկավարության խելահեղ քաղաքականության պատճառով։»…
    .. և «հայրենասերի» ինքնափառաբանման պարբերություն… «Բայց ես կարող եմ հանգիստ արտահայտել իմ այդ մտքերը՝ չվախենալով «անարգանքի սյունին գամվելուց»: Դրանում է մեր եւ նրանց տարբերությունը: Հենց այդ տարբերության պատճառով էլ մենք միշտ հաղթելու ենք նրանց:»… Խոսքի ազատություն՝ դու չունես։ Խոսքի ազատություն կունենաս այն ժամանակ, երբ իշխանությանը վերահսկելու իրավունք (և հնարավորություն) կունենաս… Հիմիկվա քո «իրավունքը»՝ միկրոտպաքանակով թերթի էջերում՝ փննփնթալու իրավունքն է։ Որից՝ դու օգտվում ես, (իսկ ինքդ՝ մերժում ես այդ նույն իրավունքը, օրինակ «էս երկիրը՝ երկիր չի» ասող քո հայրենակիցներին) և կօգտվես այնքան ժամանակ, քանի դեռ դա վտանգ չի ներկայացնում օրվա իշխանության համար։
    Ւհարկե՝ դա ավելի լավ է, քան հարևան երկրում (այնտեղ փնփնթալու իրավունքն էլ սահմանափակված) բայց քո ունեցածը համարել «խոսքի ազատություն», մեղմ ասած՝ մարդկանց աչքերին թոզ փչել է։

  2. Maga says:

    Պարոն Աբրահամյան, չհոգնեցի՞ք էդ ոճից՝ ,,Երեկ ինձ փողոցում մեկը հարցրեց,, կամ՝ ,, փողոցում մեկը բռնացրեց ու հարցրեց,,…
    Տարիներ շարունակ Ձեր խմբագրականներն հիմանակում այդպես եք սկսում: Դուք ինչ է, փողոցում եք աշխատո՞ւմ: Ճիշտն ասած, Սադոյանի 4-րդ խոսափողին է նմանվում այդ ոճը ))

Պատասխանել Maga

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930