Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. Ոստիկանությունը Լեւոն Բարսեղյանին ոչ մի վնաս չի պատճառել

Սեպտեմբեր 10,2015 18:11

«Եթե նստավայրը Գյումրիում է, ինչո՞ւ չի զլացել եկել է Երեւան քաղաք եւ ասում է՝ վճարեք»

Վարչական դատարանում սեպտեմբերի 10-ին դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ քննվում էր Լեւոն Բարսեղյանն հայցն ընդդեմ ոստիկանության:

Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը բացման խոսքում նշեց, որ հայցը ներկայացրել են, որպեսզի Վարչական դատարանը պարտավորեցնի ոստիկանությանը հատուցել գույքային վնասը, մասնավորապես՝ 87 հազար դրամ դատական նիստերի՝ ծախսվել է բենզինի, 470 հազար դրամ ծառայությունների դիմաց, իսկ ոչ գույքային վնասը 2000 եվրոյին համարժեք:

Լեւոն Բարսեղյանը Երեւանում Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքից ցանկացել է երթով գնալ դեպի Հանրապետության հրապարակ: Սակայն, երթի առաջին վայրկյաններից ոստիկանները նրան թեւանցուկ են արել, ուժի գործադրմամբ տարել են կենտրոնական բաժանմունք, որտեղ Լեւոն Բարսեղյանը գտնվել է փաստացի անազատության մեջ: Հայց են  ներկայացրել ընդդեմ ոստիկանության, վարչական դատարանը հայցը ընդունել է վարույթ, դատարանի վճռով Լեւոն Բարսեղյանի հայցը բավարարվել է, ոչ իրավաչափ են ճանաչել ոստիկանների գործողությունները: Արտակ Զեյնալյանը նշեց, որ Լեւոն Բարսեղյանն իրեն դատական ծախսերի փոխհատուցում ստանալու պարագայում խոստացել է վճարել Արտակ Զեյնալյանին իր մատուցած ծառայությունների դիմաց: Նա ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ իր վստահորդը Գյումրի քաղաքից հասել է Երեւան իր անձնական օգտագործման մեքենայով:

Նա հավելեց, որ իրենք դիմել են ոստիկանության վնասի հատուցման պահանջով, սակայն պատասխան են ստացել, թե դիմումում առկա հիմքերի պարագայում վնասի հատուցման պահանջը ենթակա է մերժման:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ասաց, որ տվյալ պարագայում ոստիկանությունը չի հանդիսանում պատշաճ պատասխանող: Նա հավելեց, որ Ոստիկանությունը, ըստ սահմանված կարգի, քննել էր կողմի դիմումը. «Միգուցե ՀՀ ոստիկանությունը կարողանար, եւ միգուցե կարելի էր ոստիկանությանը որպես պատասխանող կողմ ներգրավել: Եթե նստավայրը Գյումրիում է, ինչո՞ւ չի զլացել եկել է Երեւան քաղաք եւ ասում է՝ վճարեք»:

Նա ընդգծեց, որ Ոստիկանությունը եւ կենտրոնական բաժինը գտնում են, որ ոստիկանությունը պատշաճ պատասխանող կողմ չէ այդ դիմումով: Նա կոչ արեց հայցվոր կողմին դիմել Հայաստանի Հանրապետությանը կամ ՀՀ կառավարությանը, ոստիկանությունը նման լիազորություններ եւ իրավասություններ չունի: Սոնա Մելիքյանը հայտարարեց, թե ոստիկանությունը եւ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը Լեւոն Բարսեղյանին ոչ մի վնաս չեն պատճառել:

Սոնա Մելիքյանը նշեց, որ ոստիկանության կենտրոնական բաժանմունքը դիմումը քննության առարկա է դարձրել և, ըստ էության, վարչարարություն չի կատարվել, վարչարարություն կատարվել է միայն այն մասով, երբ ուսումնասիրվել է եւ հասկացել  են, որ ոստիկանության կենտրոնական բաժանմունքին այն վերաբերելի չէ:

Արտակ Զեյնալյանը նկատեց, որ ոստիկանության պատասխանում նշված չէ, որ կենտրոնական բաժանմունքը պատկան մարմին եւ պատասխանող չէ, նաեւ դիմումը հղում չի պարունակում, չկան նշված փաստաբանական եւ իրավական հիմքերը:

Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, Սոնա Մելիքյանից, թե ինչ նկատի ուներ, երբ հետաքրքրվում էր, թե Գյումրու նստավայր ինչո՞ւ չի ներկայացվել հայցը, նա պատասխանեց, թե ինքն անձամբ դեպք է ունեցել, երբ իրավախախտումը եղել է Երեւանում, իր հայցը ներկայացման ուղարկվել էր Գյումրի եւ ինքը ստիպված է եղել գնալ Գյումրի:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա  հոկտեմբերի 15-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930