Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ շտամպների մասին

Սեպտեմբեր 29,2015 10:10

Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք լրագրողական (քաղաքական, քարոզչական) կարծրատիպերի, շտամպների, որոնք, իհարկե, մտածողության կարծրատիպերի արտացոլումն են: Դրանց մի մասը «ազգային-հայրենասիրական» բնույթի է. որոշները վերաբերում են բուն պատերազմին: Հակառակորդի զինվորներին, իհարկե, պետք է ոչնչացնել՝ այլ լեզու հարեւան երկրի ղեկավարությունը, ցավոք, չի հասկանում: Բայց ես դեմ եմ նրանց սպանված զինվորներին բնութագրել «սատկած լեշեր» եւ նման արտահայտություններով: Ինձ թվում է՝ մարդկային կյանքի նսեմացումը, անկախ այդ մարդու ազգությունից ու կատարած արարքներից, ի վերջո տարածվում է ամբողջ մարդկության վրա, այդ թվում՝ նրանց վրա, ովքեր քո տեսանկյունից ճիշտ են, կամ՝ նրանց, ովքեր քեզ համար թանկ են:

Ինչ խոսք, հանցագործին պետք է սահմանափակել: Նրանք, ովքեր սպանում են մեր զինվորներին եւ խաղաղ բնակիչներին, հանցագործներ են: Իդեալական կլիներ, իհարկե, նրանց ձերբակալել եւ ազատազրկել: Սակայն դա տեխնիկապես հնարավոր չէ, հետեւաբար նրանց պետք է սպանել: Բայց ատել այդ մարդկանց… Հանցագործությունն, անշուշտ, ատելի է, իսկ մարդը, որեւէ մարդ չպետք է ատելի լինի: Որեւէ մարդու մահ չպետք է հրճվանքի առարկա դառնա՝ նույնիսկ այն դեպքում, եթե այդ մահով դու վաստակում ես քո ապրելու իրավունքը: Ուստի ես առաջարկում եմ հրաժարվել այդ «լեշային» հռետորաբանությունից, եւ հակառակորդի կորուստների մասին խոսել զուսպ՝ չմոռանալով, որ խոսքը բոլոր դեպքերում մարդկային զոհերի մասին է:

Հաջորդ լրագրողական շտամպը փոքր-ինչ այլ ոլորտից է՝ դա զուտ քարոզչական հնարք է, որը մեկ անգամ կամ գուցե 10 անգամ կարող է ազդել հասարակական կարծիքի վրա, բայց 100-րդ կրկնությունն այդ հնարքն արժեզրկում է: Հենց որ հայաստանցի որեւէ պաշտոնյա՝ նախագահ, վարչապետ, արտգործնախարար պաշտոնական այցով մեկնում է արտասահման, կարող եք չկասկածել, որ հաջորդ օրը մի քանի լրատվամիջոցներում կհայտնվեն վերնագրեր, որոնց մեջ կլինի «խայտառակություն» բառը: Օրինակ՝ «Հայաստանի խայտառակությունը», որից հետո գալիս է այս կամ այն աշխարհագրական կետի անունը: Իհարկե, մեր արտաքին քաղաքականությունը հեռու է կատարյալ լինելուց: Բայց երբ քննադատների երեւակայությունը չի հերիքում որեւէ այլ վերնագիր ու տեքստ գրել պաշտոնական այցերի վերաբերյալ, տպավորություն է ստեղծվում, որ նրանք այնքան էլ բարեխիղճ չեն եւ իրենց քարոզչական գործն անում են, այսպես ասած, «ձախ ձեռքով»:

Վերջապես, եւս մի չափազանց տարածված շտամպի մասին, որը կիրառվում է ամեն քայլափոխի: Մենք չափից դուրս հեշտ ենք մարդկանց երեսին նետում «գիժ», «խելառ», «խփնված», «հոգեկան հիվանդ» բնորոշումները: Դա հաճախ պիտակ է, որով մենք փորձում ենք անտեսել մարդու փաստարկները: Լավագույն դեպքում դա ախտորոշում է, որը կարող է եւ սխալ լինել: «Խփնված» դեռ չի նշանակում սխալ: Համոզվելու համար խորհուրդ եմ տալիս կարդալ Չեխովի «Սեւ վանականը» պատմվածքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    պ,Խմբագիր; Ճիշտ չի լի՞նի ձեր լրագրողների թրենինգները կատարեք հատուկ լրագրողների համար նախատեսված լսարանում

  2. Աշոտ says:

    զինվորներին ատելու մասով լիովին համաձայն եմ; թշմանու դեմ կռվել է պետք թարմ, սառը ուղեղով ու հնաչավորինս առանց զգացմունքների;
    իսկ ընդանրապես մարդ ատելու հարցում համակարծիք չենք; ատելությունը անզորության հետ է առաջանում, իսկ անզորություն, հատկապես անարդարության հանդեպ աշխարհում անսահմանափակ քանակի է; լրիվ մարդկային զգացմունք է

  3. Հրանտ Պապիկյան says:

    Հավատացնում եմ Ձեզ, որ լեշեր փռելու մասին խոսում են բացառապես մարդիկ, որոնց երբեք չի վիճակվել անել ԱՅԴ ԲԱՆԸ:
    Իսկ ԳԻԺԸ իմ բառապաշարում վատ իմաստ չունի: Գժերը աշխարհի առաջ շարժող ուժն են, և աղը: Գժերի ցավը տանեմ))))))))

  4. Ruben says:

    Նրանք, ովքեր սպանում են մեր զինվորներին եւ խաղաղ բնակիչներին, հանցագործներ են:
    Հանցագործին պետք է սահմանափակել, ձերբակալել եւ ազատազրկել:
    Դա տեխնիկապես հնարավոր է:
    Մեխանիզմը կա, ցավոք չկան կատարողները:
    Ներքին թշնամին (հանցագործը) ավելի վտանգավոր է քան ագրեսորը:
    Արծվաշենն ու մի քանի տասնյակ կյանք թուրքերին նվիրաբերելը հանցագործություն չէ՞: Արդարադատությունը ե՞րբ պիտի դատի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, Խաչատուրովին…
    Դիվանագիտական ապուշություն չէ՞ր Քոչարյանի հանդիպումը Ալիեւի հետ Նախիջեւանում: Թող հրավիրեր Ստեփանակերտ:
    Ո՞վ կարող է բացատրել, թե ինչպես Ղարաբաղ կոմիտեականները, Հհշ-ականները (Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ այլոք) առգրավեցին անկախական Աշոտ Նավասարդյանի ստեղծած փոքրիկ Հանրապետական կուսակցությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930