Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզեք նաեւ արժանապատվություն

Հոկտեմբեր 20,2015 10:15

Երեկ վերջապես ձեւավորվեցին «այո»-ների եւ «ոչ»-երի շտաբները: Ընդ որում, այստեղ տեղին է օգտագործել հոգնակի թիվը, որովհետեւ «այո»-ներն ու «ոչ»-երը տարբեր են, ինչպես տարբեր են նաեւ քաղաքացիների՝ Սահմանադրության նոր նախագծին «այո» կամ «ոչ» ասելու դրդապատճառները: Հետեւաբար, ամեն մեկն իր ձեւով է կազմակերպելու քարոզչությունը եւ իր փաստարկներն է գտնելու «այո՞» կամ «ոչ» ասելու օգտին:

Բայց կարելի է վստահաբար ասել, որ «ժողովրդի հետ հանդիպումների» ժամանակ այդ հանդիպման «օբյեկտ» հանդիսացող քաղաքացիները Սահմանադրությունից չեն խոսի: Նրանց այդ թեման բացարձակապես չի հետաքրքրում: Խոսակցությունը կընթանա բողոքների շուրջ՝ «աշխատանք չունեմ», «էս աշխատավարձով ո՞նց ընտանիք պահեմ», «էս թոշակով կոմունալ վարձերս ո՞նց մուծեմ», «թոռներս վաղուց ռուսաստաններում են», «հեսա ես էլ կթողեմ կգնամ»:

Դրան ի պատասխան «այո»-ականների մի մասը կասի՝ «հլը բեր տեսնեմ ձեր խանութի «նիսյայի» ցուցակը ու կոմունալ վարձերիդ թուղթը, տեսնենք՝ ինչ կարանք անենք»: Իսկ «ոչ»-ականները կասեն՝ «այ, դրա համար մենք ասում ենք՝ «ոչ» ասա սահմանադրական փոփոխություններին, էդ դեպքում Սերժ Սարգսյանը չի վերարտադրվի, ու դու կսկսես լավ ապրել»: Բայց քարոզիչներից ոչ մեկը չի ասի՝ «մի րոպե կանգ առ, իսկ դո՛ւ ի՞նչ ես արել, որպեսզի այս վիճակում չհայտնվես»: Ոչ ոք չի համարձակվի նման բան ասել:

Ղարաբաղյան շարժմանը նվիրված շատ հետաքրքիր կայքում Լիզա Ճաղարյանը մի կարեւոր մանրամասն է հիշում 88-ի ցույցերից. «Հիշում եմ, այս («Ղարաբաղ» կոմիտեի – Ա. Ա.) «դասերից» հետո Բաքվի բանտում անմարդկային տանջանքներ կրած մի մարդու տվեցին խոսափողը, ու նա սկսեց պատմել, թե ինչպես են իրեն խոշտանգել ու նվաստացրել, եւ մի զարմանալի բան կատարվեց Ազատության հրապարակում: Դժգոհության մի սարսռեցնող գվվոց անցավ մարդկային օվկիանոսի միջով, ու ողջ հրապարակը մի մարդու պես սկսեց գոչել. «Մի՛ պատմիիիիիր, մի՛ պատմիիիիիր, մի՛ պատմիիիիր»:

Իսկապես արժանապատվության հսկայական պաշար ունեինք, որը, բնականաբար, մեզ շատ է օգնել ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Սակայն ինձ համար դեռեւս անհասկանալի պատճառով թե՛ այդ պատերազմի ընթացքում եւ թե՛ հատկապես դրանից հետո այդ գեղեցիկ արժանապատիվ կեցվածքը փոխարինվեց համատարած «ինքնախղճահարությամբ», երբ շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բերանը բացելիս սկսում է պատմել իր տառապանքների մասին:

Այնպես որ՝ սիրելի կուսակցականներ, քարոզեք ինչ ուզում եք` «այո», «ոչ», իշխանափոխություն, «իշխանապահպանություն», «Պողոս, հեռացիր», «Պետրոս, մոտեցիր», ընդդեմ «ներկա հանցավոր ռեժիմի», ընդդեմ «նախորդ հանցավոր ռեժիմի» եւ այլն: Բայց, խնդրում եմ, խեղճությանը, հուսահատությանը տուրք մի տվեք, մի ձայնակցեք «տառապալից» պատմություններին:

Օրինակ վերցնելով 88-ի ժողովրդից, ասեք` «մի պատմիր»: Օրինակ վերցնելով «Ղարաբաղ» կոմիտեից՝ քարոզեք նաեւ արժանապատվություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ ժողովուրդը կարիք ունի լսելու հարգված հայտնի մարդկանց՝ մտավորականության հստակ խոսքը քաղաքական այս կամ այն հարցի վերաբերյալ: Բնական է, այդ հարգված մարդկանց մեծամասնությունը մասնագետ չի քաղաքականության ու օրենսդրության մեջ, բայց ի տարբերություն մնացյալ ժողովրդի նրանք կապեր ու ծանոթություններ ունեն իրենց կողմից հարգված մասնագետ քաղաքագետների ու իրավաբանների շրջանակներում եւ կարող են նրանց խոսքը ներկայացնել եւ ամենագլխավորը՝ իրենք իրենց խոսքի դիմաց պատասխանատվություն են կրում ի տարբերություն կառավարության ու ընդդիմության:

  2. Արսեն says:

    Իսկ չէիք ասի՝ «Ղարաբաղ» կոմիտեի հատկապես որ անդամից պետք է օրինակ վերցնենք?
    Վանո Սիրադեղյանից?
    Աշոտ Մանուչարյանից?
    Բաբկեն Արարքցյանից?
    Վազգեն Մանուկյանից?
    Թե, Լևոն Տեր-Պետրոսյանից?
    (Թե դրանցից՝ յուրաքանչյուրը՝ իրեն ինչխես դրսևորեց հետագայում, առանձին-առանձին չանրադառնամ… հեսա գնալու եմ ընդմիջում, հաց ուտելուց առաջ՝ զզվել չի կարելի, մարսողությանը վնաս է..))).. )
    Ընդանրապես, ոմն Ա. Ապրամյանի կողմից՝ իր նախկին տերերի (չի բացառվում՝ նաև ներկա) թաքնված գովազդը զավեշտի է հասնում։ Մեկ՝ ապագա սերունդներից պահանջում է՝ Լևոնի արձան, մել օրինակ վերցնել՝ «Ղարաբաղ» կոմիտեից… Սպասենք հիվանդության հետագա դրսևորումներին..))).. (Ես ձեզ առաջարկում եմ՝ ասենք Հրապարակուձ, Լենինի արձանի տեղը, կանգնեցնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամների արձաններից կոմպոզիցիա։ Մեջտեղում՝ Լևոնը, ձեռքը տնկած ղեպի լուսավոր ապագա… Կոմպոզիցիայի վերնագիրը՝ «Հիմնադիր բորժուա-դեմոկրատական չջղաձգվողները»..))))..)
    Ես էլ եմ եղել էդ «հսկայական արժանապատվություն» ունեցող ամբոխի մեջ, որ ոռնում էր՝ «Ղարաբաղը մերն է» (ինչի համար՝ հիմա ամաչում եմ, որովհետև՝ ստրուկը նաև և առաջ պետք է ստրկությունից ազատվելու մասին մտածի… չունես ազատեւթյուն՝ չունես ոչինչ)։ Ւնչպես կոմունիզմի օրոք էինք՝ ստրուկ, այնպես էլ ՀՀՇ-ի։ Ստրուկին ինչ «արժանապատվություն»?
    Ւսկ ընդհաբրապես, փոխանակ պատասխանի հարցին՝ իսկ հիմնավոր են արդյոք բողոքները? Հոմո-սովետիկուսը ասում է՝ չբողոքեք..)))..
    Ստրուկի համար տիպիկ է «արժանապատիվ կեցվածք» արտահայտությունը։ Խոսքը արժանապատվություն ունենալում մասին չէ՝ այլ «արժանապատիվ կեցվածք» ունելալում մասին..))).. Ւնչ կեցվածք ուզում ես ընդունի, այ ստրուկ, դա ընդհամենը կեցվածք է… Վովա Գասպարյանը՝ վկա..)))..

    • Լավատես says:

      Չգիտեմ ումից ու երբ, բայց լսել եմ, որ եթե ուզում ես մեկին խաբես, պետք է առաջին ինը ճիշտ ասես, որ լսողը համաձայնվի ու վերջին տասներորդը՝պետք է ասես ուզածդ սուտը՝ մարդ ինքնաբերաբար վերջին սուտին նույնպես համաձայնվում է, պարզվում է դա մարդու հոգեբանությունն է: Նման ձեւով ես կարդում եմ թշնամիների հոդվածները: Բայց ոչ մի հայի ես թշնամի չեմ ընկալում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031