Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Դուրյանը բացահայտեց՝ ով է իր կնքահայրը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2015 23:03

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր հյուրընկալվել էր դերասան Նարեկ Դուրյանը: Նա  նախ խոսեց այն մասին, թե որն է իր տունը: «Երեւանն իմ մայրն է, նա ինձ մեծացրել է, ոտքի կանգնեցրել, իսկ Փարիզն իմ հայրն է, որն ինձ սովորեցրել է աշխատել եւ պունկտուալ լինել: Որքան որ հորս եմ սիրում, այդքան էլ մորս եմ սիրում: Երկու քաղաքում էլ ինձ տանն եմ զգում, բայց մորս եմ ընտրում: Թե չէ որ տեսնում ես՝ երեք ամսով գնում են «Լոս», գալիս հայերենը մոռցած… Իսկ ես 36 տարի եմ ապրել Փարիզում»,-ասաց դերասանը:

Նրա խոսքով՝ Երեւանում չար մարդիկ շատացել են. «Ասում են՝ գնացիր Փարիզ՝ չհաջողեցիր: Ինչպես կարելի է այդպես ասել… ես շատ լավ ապրում եմ Փարիզում, բայց իմ տունը Սարյանի վրա է»:

Նարեկ Դուրյանն անկեղծացավ, որ ցուցամոլություն չի սիրում, հատկապես երբ խոսքը վերաբերում է թանկարժեք ավտոմեքենաներին եւ հագուստին. «Միայն ասեմ, որ 100 փողկապ ունեմ, մեկն եմ հագել… մտնում եմ խանութ՝ մի բանը երկար է վրաս, մյուսը՝ կարճ: Պետք չէ ամեն ինչ իմաստավորել: Իմիջիայլոց, կանայք էլ ամեն ինչ չեն իմաստավորում: Երբ կնոջ հետ հանդիպումը «էքսպրոմտ» է ստացվում, զարմանում ես, մինչդեռ առավոտ մտածում էիր՝ երեկոյան ինչ ես հագնելու կամ նվիրելու»:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք անհավատ է Դուրյանը. «Կնքահայրս Վազգեն Առաջինն էր, իմիջիայլոց, նա միայն ինձ է կնքել, այդ մասին շատ մարդ չգիտի: Ես չեմ կարող անհավատ ապրել, արտիստն այդպես չի կարող, բայց չգիտեմ հավատացյալ եմ թե ոչ: Գուցե ես մոլորված գառնուկ եմ եւ ինձ հետ պետք է աշխատանք տանել: Ասեմ, որ ֆանատիկ քրիստոնյա եմ, մանավանդ Փարիզում, որտեղ վախենում ես ասել, որ քրիստոնյա ես: Որ ասում ենք քրիստոնյա, ռասիստ են հասկանում»,-ասաց Նարեկ Դուրյանը:

Նա նշեց, որ հավատում է երաժշտությանը, առանց որի չի կարող ապրել. «Ժամանակին թատրոնի եւ երաժշտության միջեւ ընտրության առաջ եմ կանգնել: Մորս համակուրսեցիներից էին Ներսիկ Հովհաննիսյանը, Արմեն Ջիգարխանյանը: Մեր տանը միշտ հյուրընկալվել են Պարույր Սեւակը, Ֆրունզիկ ձյաձյան, Խորիկ ձյաձյան…Հայրս ասում էր՝ երաժիշտ դարձիր, երաժշտությունը լեզու չունի: Սկսեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ: Հետո թատրոնն ինձ ավելի գայթակղեց: Երաժշտությունը լսում ես, նկարները՝ տեսնում, գիրքը՝ կարդում, մտածում: Այս ամենը թատրոնում մեկտեղվում է»:

Դերասանը նաեւ ասաց, որ մտադիր է բեմադրել «Մորաքույր 2»-ը, որի համար յոթ դերասան է անհրաժեշտ, սակայն գումարի հարցով համաձայնության չեն գալիս. «Ինչու են ասում՝ կոմերցիոն թատրոնի ներկայացումները թանկ են, որովհետեւ ծախս ենք անում, տարածք ենք վարձակալում, անգամ մեխն ենք խանութից գնում»:

Թատրոնը զիջում է կինոյին եւ հեռուստատեսությանը, սակայն դերասանը հույս հայտնեց, որ թատրոնն ապրեցնողներ միշտ կլինեն: Համեմատելով Երեւանի եւ Փարիզի թատերական կյանքը՝ նշեց, որ Փարիզում օրական 380 ներկայացում է ցուցադրվում, իսկ տարեկան թատրոն է հաճախում 46 հազար մարդ:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031