Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած խայտառակ, հակահայկական զեկույցի մանրամասները

Նոյեմբեր 05,2015 19:00

Արդեն հրապարակվել է երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը: Ներկայացնում ենք զեկույցում ամրագրված մի շարք խնդրահարույց և մտահոգիչ դրույթներ:

Մասնավորապես բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում ամրագրված է, որ «Վեհաժողովը մտահոգված է և դատապարտում է 2014-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի այլ օկուպացված տարածքների շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ միջազգային սահմանին ռազմական գործողությունների իրականացումը»:

Նաև ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում շփման գծին մոտ ապրող խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման հարցով և կոչ անում երկու կողմերին պահպանել նրանց անվտանգությունը ու հավատարիմ մնալ ժնևյան կոնվենցիային համապատասխան իրենց ստանձնած պարտավորություններին: Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում սահմանին ծանր զինտեխնիկայի կիրառման հարցում: Ամրագրված է, որ ղարաբաղյան հակամարտությունը, այլ հակամարտությունների և մարդկային ողբերգությունների ֆոնին ստվերվել է, և Վեհաժողովը կարծում է, որ «հակամարտության կարգավորման հետագա ձգձգումը ավելի կխճճի այսպես կոչված «սառեցված հակամարտությունը» և կարող է վերածվել իրական պատերազմի ԵԽ երկու անդամ երկրների միջև»:

Վեհաժողովն այս հակահայկական զեկույցում անդրադառնում է 1990-ականների իրադարձություններին ու ամրագրում. «1990-ականներից սկսած ռազմական գործողությունների բռնկումը և ղարաբաղյան հակամարտությունը պատճառ են դարձել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի և առաջացրել անկայունություն ողջ Հարավային Կովկասում»:

Քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած զեկույցում ամրագրված է, որ վեհաժողովը մտահոգություն է հայտնում, թե «ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և Լեռնային Ղարաբաղը գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»:

Անդրադառնալով Մինսկի խմբի որդեգրած ձևաչափին`զեկույցում ամրագրված է, որ «հարգելով համանախագահների ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ պետք է նկատել, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջընթացի գրանցման սղություն է նկատվում, որը թերագնահատում է միջազգային կառույցների վստահելիությունը»: Ուստի վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբին վերանայել իր մոտեցումները հակամարտության կարգավորման հարցում:

Մտահոգիչ է նաև այն, որ փաստաթղթում խոսվում է ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին, քանի որ այն «վերջին հաշվով բխում է մեկ կողմի շահերից»: Զեկույցի ամփոփիչ հատվածում վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբին քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում այն է` «դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»: Նաև կոչ է անում Ռուսաստանին հավաստիացնել, որ Հայաստանին վաճառված ցանկացած զինատեսակ չի հայտնվի ԼՂ զինված ուժերի ձեռքին: Զեկույցում խոսվում է նաև դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին բաց թողնելու մասին:

Զեկույցում ամրագրված է նաև, որ վեհաժողովը խստորեն դատապարտում է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը և Հայաստանի Հանրապետությունը չեն համագործակցել զեկույցի պատրաստման աշխատանքներին: Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քայլերի ձեռնարկման շարունակականության մասին դրույթով:

Նշենք, որ փաստաթուղթն արդեն ներառված է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում և հունվարին հրավիրված լիագումար նիստին այն ամենայն հավանականությամբ կընդունվի վեհաժողովի կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    մեր Երիրը պետք է դուրս դա էտ խայտառակ “վեհաժողովից”, որտեղից հաթաթաներից ու շանտաժից բացի այլ բան մենք չենք ստացել:
    հերիք ա վիզ ծռել ու ստրուկի պես ծառայել անգլիացիների առաջ: ու պետք է պետականացնել անգլիացիներին պատկանող Հայաստանում գտնվող ամբողջ գույքը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30