Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը վերջին 1 տարում միջազգային տարբեր ծրագրեր է իրականացրել, հրավիրել լեհ մասնագետների, որոնք ուսուցանել են բեմական շարժում, պլաստիկայի, շնչառական վարժությունների հմտություններ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ կանադացի մասնագետն էլ դերասաններին պրոֆեսիոնալ գրիմի տեխնոլոգիաներ է սովորեցրել. «Վերջերս էլ շվեյցարացի բեմանկարիչ էր եկել, որ թատերական դեկորի հմտություններ սովորեցրեց մեր ուսանողներին»:

Նրա խոսքով՝ ժամանակին վավերագրական կինոյի մեծ դպրոց ունեինք՝ շնորհիվ Արտավազդ Փելեշյանի եւ Ռուբեն Գեւորգյանցի, որոնք ստեղծել են հայկական հեղինակային վավերագրության դպրոցը. «Իսկ վերջին շրջանում ջնջվել են հեռուստակինոյի եւ վավերագրական կինոյի սահմանները: Այսօրվա վավերագրական կինոն ավելի շատ հեռուստատեսային է, ոչ թե կինոարվեստին բնորոշ: Անհրաժեշտ է վավերագրական կինոյում վերականգնել արվեստ հասկացությունը»:
Որպես օրինակ ռեկտորը հիշատակեց Լաերտ Վաղարշյանի՝ Մարտիրոս Սարյանին նվիրված եւ Գրիգոր Մելիք-Ավագյանի «7 երգ Հայաստանի մասին» ֆիլմերը, որոնք սովետական տարիներին դուրս եկան ստանդարտներից եւ վավերագրական նյութը դարձրեցին արվեստի նյութ:
Կարդացեք նաև
Դավիթ Մուրադյանը նաեւ տեղեկացրեց, որ ինստիտուտը պայմանագիր է կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական կրթության հաստատությունների ասոցիացիայի հետ, որի շրջանակում ԵԹԿՊԻ-ի երիտասարդ դասախոսներից մեկը վերապատրաստվում է Բեռլինում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































