Սամվել Կարապետյանն անցած տարվա հունիսին իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, ինչին ի պատասխան Փաշինյանը սպառնաց՝ «Հիմա դու կտեսնես, ստահակ, պետության համը»: Դրանից անմիջապես հետո գրպանային քննիչները, դատախազությունը, դատարանները վազեցին կատարելու վարչապետի հրամանը, եւ այդ գործարարը մինչ օրս անազատության մեջ է:
Արդյոք դա բավարա՞ր եղավ՝ Կարապետյանի շուրջ ձեւավորվող ընդդիմադիր շարժումը սահմանափակելու համար: Ինչպես տեսնում ենք՝ ոչ: Եվ հիմա Փաշինյանը, տեսնելով, որ զուտ քաղաքական միջոցները, այդ թվում՝ քարոզչությունը, չեն ապահովում իր իշխանության սահուն վերարտադրությունը, ընտրություններից երկու ամիս առաջ փոխում է Ընտրական օրենսգիրքը, որպեսզի ընտրական ցուցակում չգրվի Սամվել Կարապետյանի անունը:
Դրանից հետո էլ սպառնում է նույն գործարարին սնանկացնել, «բոմժ սարքել»: Սա, անշուշտ, նոր հրահանգ է վերոհիշյալ գրպանային կառույցներին: Այստեղից պարզ է, որ իշխանությունը չի պատրաստվում ազնիվ նախընտրական պայքար վարել, որովհետեւ գիտի՝ այդ դեպքում պարտվելու է: Վերարտադրվելու համար Փաշինյանը, ինչպես եւ սպասվում էր, ավելի մեծ մասշտաբով է կիրառելու իրեն սպասարկող ռեպրեսիվ ապարատը: Մասնավորապես, այժմ մի քանի տասնյակ քննիչներ, դատախազներ, դատավորներ եւ մնացած «սպասարկող անձնակազմը» վազվզելու են՝ «շեֆի» հրահանգը կատարելու համար:
Երբեմն ես այսպիսի մեկնաբանություններ եմ կարդում՝ թող Փաշինյանն ինչ ուզում է, անի (այսինքն՝ դիմի ապօրինությունների), միայն թե մեր երկիրն ինքնիշխան լինի: Իբր մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ եւ ոչ թե Փաշինյանի վերարտադրությամբ: Այդ «մտահոգվածներին» ուզում եմ հիշեցնել, որ ինքնիշխան երկիրն իր սահմանադրությունը չի փոխում այլ երկրի պահանջով եւ չի հանդուրժում այլ երկրի զորքն իր տարածքում:
Կարդացեք նաև
Դա անվիճելի է, եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի: Բայց կա թերեւս ավելի նուրբ պահ, որը գուցե ոչ բոլորի համար է ակնհայտ: Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է ինքնիշխան լինել՝ միայն օրինականության եւ ժողովրդավարության պայմաններում: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե հատկապես ո՛վ է խրախուսում մեր երկրի կառավարիչների ապօրինի եւ բռնապետական դրսեւորումները՝ Պուտի՞նը, թե, ինչպես տվյալ դեպքում, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Կայա Կալասը: Բոլոր պարագաներում մեր նման երկրի պարագայում ապօրինությունները խրախուսելու համար օտար խաղացողները գին են ուզում: Իսկ դա խիստ սահմանափակում է մեր ինքնիշխանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Իմ կարծիքով, ժողովրդավարությունը՝ դա միաձայն ընտրությունն է: Բոլոր կենտրոնացված ընտրովի համակարգերում ընտրություններն անցնում են մի տեխնոլոգիայով միաձայն՝ ընտանիք, համայնք, տեղական ինքնակառավարման կառույցներ, աշխարհներ կամ նահանգներ, հանրապետություն, հայ վրացական Միացյալ Ազգերի Կազմակերպություն իր միջազգային դատարանով, միացյալ բանակով ու միացյալ տնտեսությամբ: Ընտանիքի ընտրելու ձայն ունեցողներն իրենց միջից ընտրում են, ասենք, որպես ընտանիքի պետ, ով իր ընտանիքի ընտրողների հետ քննարկում է, թե ո՞ւմ ընտրեն որպես համայնքի պետ, ով քննարկում է ընտանիքների պետերի հետ, թե ում ընտրեն նահանգապետ, նահանգապետերը քննարկում են համայնքապետերի հետ, թե ում ընտրեն որպես հանրապետության պետ, սրանք էլ իրենց միջից ընտրում են հայ վրացական վերպետական կառույցի պետին: Քննարկելուց հետո պետը միանշանակ որոշում է կայացնում, որը դառնում է պարտադիր բոլոր ընտրողների համար, իսկ պետի միանշանակ որոշումին նախորդում է բոլոր ընտրողների հավանությունը, այսինքն՝ բոլոր ընտրողներն ունեն վետոյի իրավունք: Դե գնացեք համոզեք, որ միաձայն ստացվի ընտրությունը: Ամերիկա չեմ հնարում, մենք հայերս հոյակապ ժողովուրդ ենք եւ ամեն մեկիս ձայնը բոլորիս համար ամենակարեւորն է: ԲՈԼՈՐՍ ՄԵԿԻ, ՄԵԿՍ ԲՈԼՈՐԻ 🙂