Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ծառայողները հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

Նոյեմբեր 12,2015 11:51

Քաղաքացի Մերուժան Պ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները իրեն և որդուն տարել են հիշյալ վարչություն, որտեղ հոգեբանական ճնշում գործադրելու և որդու հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջոցով պահանջել են հաղորդում, ապա բացատրություն տալ՝ որդու վերաբերյալ քրեական գործով քննիչին կաշառք տալու վերաբերյալ, ինչից վախեցել է և նրանց թելադրանքով տվել հանցագործության մասին հաղորդում:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մերուժան Պ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ծառայողները նրա նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքները անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել և չէին կարող լինել:

Հիշեցնենք, որ Մերուժան Պ.-ի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տված նույն հաղորդման հիման վրա` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության էին առնվել նրա հաղորդման մեջ նշված բոլոր հանգամանքները, կատարվել էին բազմաթիվ քննչական գործողություններ: Արդյունքում կաշառք ստանալու համար քննիչին, իսկ կաշառք տալու համար` Մերուժան Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել:

Այնուհետև մեղադրական եզրակացության կազմմամբ դատարան ուղարկված հիշյալ քրեական գործի դատաքննության ընթացքում Մերուժան Պ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքի համար և որևէ հայտարարություն չի կատարել այն մասին, թե սպառնալիքի և վախի մթնոլորտում ոստիկանության ծառայողներն իրեն, իբր, ստիպել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել քննիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու արարքում և դատապարտվել ազատազրկման, իսկ Մերուժան Պ.-ն մեղավոր է ճանաչվել կաշառք տալու արարքում` դատապարտվելով տուգանքի:

Այսինքն` Մերուժան Պ.-ն գիտակցելով, որ քննիչին կաշառք տալու վերաբերյալ իր հայտնած տեղեկություններն իրականում համապատասխանում են իրականությանը` անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:

Մերուժան Պ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Էս մեր Հայաստանի, հատկապես Սյունիքի ժողովուրդ լրիվ պարապ ա մնացել, հաղորդում ա՝ որ ոստիկանների վերաբերյալ տալիս են. էլ բռնաբարության, էլ բռնությունների, էլ շորթումների…
    Տո՛, դուք չգիտե՞ք, որ ապահով Հայաստանում եք ապրում, արա՛, / ոնց որ, իսկականից չգիտեն, հա՛ /, ո՞նց կարան ոստիկանները, էն էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները տենց բաներ անեն, բա ամոթ չի՞…

Պատասխանել Մարգար Մախսուդյան

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30