Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեկցե՞լ, թե՞ չկարեկցել

Նոյեմբեր 17,2015 10:00

Կիրակի օրը Երեւանում մարդիկ սգում էին Փարիզում կատարված ահաբեկչության զոհերի համար: Ինձ թվում է՝ դա մարդկային նորմալ դրսեւորում է: Բայց, դատելով որոշ մեկնաբանություններից, դա ցուցամոլություն է եւ երեսպաշտություն: Որպես «սխալ սգալու» ապացույց բերվում են տարբեր փաստարկներ: Օրինակ` որ այդ ահաբեկչությունը կազմակերպել է ոչ թե «Իսլամական պետությունը», այլ Ռուսաստանը: Կամ` Միացյալ Նահանգները: Կամ` որ «Իսլամական պետությունն» իրականում ԱՄՆ ծնունդ է: Կամ՝ եթե Արեւմուտքը մի քանի տարի առաջ չսկսեր խառնել Եգիպտոսը, Սիրիան, Լիբիան եւ Իրաքը, եթե այնտեղ մնային «նորմալ» բռնապետական ռեժիմներ, ապա այդ բոլոր դեպքերը տեղի չէին ունենա:

Չգիտեմ, թե որքանով են այդ բոլոր պնդումները ճիշտ կամ սխալ, բայց լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն այդ բոլոր նկատառումները անմեղ զոհերի համար վշտակցելու հետ: Եթե, ենթադրենք, Ֆրանսիան իրեն սխալ է պահել նապոլեոնական պատերազմների ժամանակ, Ալժիրի հարցում կամ նույնիսկ նույն Սիրիայի հակամարտության պարագայում, ապա արդյո՞ք դա բավարար հիմք է ֆուտբոլային հանդիպման կամ համերգի եկած մարդկանց սպանելու համար:

Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ այդ մշտական «ռեւերսի» հոգեբանությունը: «Ինչո՞ւ եք դուք ցավում փարիզյան ահաբեկչության զոհերի համար: Իսկ երբ…», եւ դրանից հետո գնում է որեւէ այլ չարագործության նկարագրություն: Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Այդ տրամաբանությամբ մենք՝ հայերս, ընդհանրապես չպիտի կիսենք որեւէ մեկի ցավը՝ պատճառաբանելով, որ 100 տարի առաջ մեր ցավը ոչ մի պետություն չի կիսել: Դա «հավերժական աբիժնիկի» հոգեբանություն է:

Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ իրար կոտորում էին՝ հազարներով, միլիոններով: Դա խելահեղություն է, որին տարբեր ժամանակահատվածներում այս կամ այն կերպ մասնակցում էին բոլոր ազգերը, բոլոր պետությունները: Ներկայիս որեւէ կոտորած հնարավոր չէ արդարացնել նախորդ կոտորածներով, եթե զոհերն անմեղ, որեւէ հանցագործություն չկատարած մարդիկ են: Ինչպե՞ս կարելի է անմեղ մարդկանց սպանությունը ներկայացնել որպես «Աստծո պատիժ» կամ «արդար հատուցում» այն մեղքերի համար, որոնք տվյալ մարդիկ չեն գործել: Կամ՝ ավելի վատ. եթե ես տառապել եմ եւ ինձ ոչ ոք չի կարեկցել, ապա «արդար» կլինի, որ բոլորը տառապեն:

Մարդկային վերաբերմունք պետք է դրսեւորել բոլոր դեպքերում, նեղության կամ վշտի մեջ գտնվող բոլոր ազգերի եւ պետությունների ներկայացուցիչների նկատմամբ, անկախ նրանից՝ այդ ազգերը քեզ կամ քո բարեկամներին երբեւէ նեղացրե՞լ են, թե՞ ոչ: Հակառակ դեպքում այդ «հետադարձ հայացքների» մեջ ես տեսնում եմ չարության երանգներ՝ «տեղն է ձեզ, հասնում էր ձեզ, բա որ…»: Այդպես մտածողները ինչո՞վ են ահաբեկիչներից ավելի լավը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Ահաբեկչությունը թույլի պատասխանն է ուժեղին իր կրած իրական կամ երևակայական վնասի դիմաց: Եվ դրա դեմ անհնար է պայքարել ուժ գործադրելով: Պետք է վերածնել ահաբեկչությունն առաջացնող պատճառը:

  2. Ալեքսանդր says:

    Նկատի ունեի՝ վերացնել

  3. Karen says:

    Այդպես մտածողները ինչո՞վ են ահաբեկիչներից ավելի լավը:

    Այնքանով, որ սեփական ձեռքերով չեն իրականացրել ահաբեկչությունը

    • Ալեքսանդր says:

      Տարօրինակ մեկնություն է: Կարծես հայերեն էի գրել: Ասածս ահաբեկչության արդարացում չէր: Խոսքը այն բանի մասին էր, որ ահաբեկչությունը հնարավոր է վերացնել լոկ պատճառը վերացնելով, այլ ոչ թե ռմբակոծելով, թեև հիմա դա էլ է պետք: Ալ Քաիդան վերացավ, եկավ Իսլամական պետությունը, սա կվերացնեն՝ դժբախտաբար կգա երրորդը և այլն:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Ակեքսանդր ջան, Կարենի մեկնաբանությունն իմ հոդվածին էր վերաբերում, ոչ թե պատասխան էր քո մեկնաբանությանը: Ի դեպ, համաձայն եմ թե՛ քո եւ թե Կարենի հետ:

        • Հ.Շ. says:

          Սիրելի Արամ, պարզ է թէ դու կը ջանաս միշտ ամէն մարդի հետ համաձայն լինել: Իրոք իւրայատուկ մի յատկանիշ, որու համար յաճախ երանի կու տամ քեզ, չասելու համար թէ նոյնիսկ երբեմն կարող են հիանալ: Ամէն դէպքում, իմաստութեան մակարդակ մըն է, որու տակաւին չեմ հասած… (Լուրջ եմ ասում… )

  4. henri says:

    Ես կը համարիմ որ դիւանագիտութիւն-քաղաքականութիւն -վերլուծաբանութիւն այնքան հասառրակ բաներ դարձած են մետիաներու միջոցով որ սկսած ենք կամաց-կամաց կորսնցնել արգահատանքի-ցաւի- մարդկային առողջ արժէքներու – նոյնիսկ մարդկային մէկ ընտանիքի պատկանելիութեան բնական զգացումները , “ռոպոթներու” վերածուելու աստիճան։ Երբ աննշան ծառահատում մը կրնայ երեք երիտասարդ կեանքեր խլել,որքան երկար ճամբայ ունինք տակաւին կատարելիք homo sapiensի
    մակարդակին հասնելու։ Կացութիւնը իսկապէս մտահոգիչ է։

  5. Հ.Շ. says:

    Թերեւս պէտք է նաեւ մտածել թէ արդեօք «ահաբեկչութիւն» բառը իսկապէս վերաբերում է Փարիզում տեղի ունեցած դէպքերին: Աշխարհի Պատմութեան մէջ տեղի են ունեցել բազմաթիւ տեսակի ահաբեկչութիւններ, սակայն անոնցմէ ոչ մէկը կարելի չէ բաղդատել Նոյեմբեր 1Յ ՁՕ15-ին Փարիզում կատարուածի հետ:

    Գալով այս խմբագրականի հիմնական նիւթին, վերեւ Կարենի ասածը կարող է մի քիչ չափազանցեալ լինի:

    Փարիզի ջարդի նկատմամբ կայ մի առարկութիւն, զորս կարելի է գոնէ ընդունելի նկատել – առ ի յարգանք ուրիշ անմեղ զոհերի եւ անոնց սգաւոր ընտանինքներին -՝ ինչո՞ւ այսքան խտրականութիւն, նոյնանման արարքների զոհերի հանդէպ վշտակցութեան մէջ, այսօր իսկ, ներկայ օրերին, եւ նոյն խնդրի կապակցութեամբ:

    Այսինքն, օրինակի համար, մի շաբաթ առաջ Լիբանանում եւս նոյն ճիհատիսդները մասսական սպանդ գործեցին, ռումբի պայթումով: Աշխարհի կարեկցութեան հակազդեցութիւնը, այդ ջարդի նկատմամբ, գրեթէ աննշան է, բաղդատելով Փարիզի դէպքից յետոյ համաշխարհային իրարանցումին հետ:

    Ուրեմն, մարդկային կեանքը տարբեր արժէքնե՞ր ունի, ըստ աշխարհագրական չափանիշների: Մարդկային կորուստի ծանրութիւնը կախեալ է մեռնողի քաղաքացիութենէ՞ն, ապրած երկրէ՞ն…

    Երեւի, լիովին անիմաստ հարցադրանք չէ: Եւ վստահաբար ոչ՝ արիւնարբու բարբարոսութեան հեղինակը լինելու համազօր կեցուածք…

  6. ominac says:

    Որեւէ կոտորած կարելի է արդարացնել կամ չարդարացնել։ Երկրի շահէն կախուած է։ Որպէս մարդ կրնաս կարեկցիլ որեւէ ողբերգութեան։ Այդ պէտք չէ շփոթել երկրի դիրքի հետ։ Հեղինակը շատ ճիշտ կըսէ, որ ոչ մէկ կոտորած պէտք է նախորդ կոտորածով արդարացնել։ Այլ միայն ներկայ շահերով։ Եթէ երկրի մը շահերը ներէ կոտորելը, կրնայ կոտորել։ Վկայ է 1915-ի ջարդը։ Ոչ մէկ ազգ բաժնեց մեր ցաւը։ Իսկ Թուրքիան ամէնուն կողմէ յարգուած պետութիւն է։ Յայտարարութիւնները մի շփոթէք իրենց գործնական դիրքերուն հետ։

Պատասխանել ominac

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30