«Մենք երկրում ունենք երկու ուղիղ ընտրություններով ընտրված մանդատ՝ նախագահ եւ Ազգային ժողով, որը ցանկացած պահին կարող է ստեղծել հակասություն՝ վարչապետ, նախագահ եւ Ազգային ժողով: Մենք Սահմանադրությունը փոխելով առաջարկում ենք այս նորմերի վերանայում, որպեսզի հասարակության համար այլեւս անհայտ չմնա, թե ով է պատասխանատու՝ Ազգային ժողովը, թե նախագահը»,- այս մասին, «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց ԱԺ պատգամավոր ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ «այո»-ի բոլոր կողմնակիցները նշում են, որ հասարակության զարգացում չի եղել այնպես, ինչպես չի ակնկալվել, որովհետեւ Սահմանադրությունն է մեղավոր. «Այսինքն, որ Սահմանադրությունը փոխենք, ուրեմն հասարակության զարգացումը կապահովե՞նք: Այս հարցը հնչում է ամենուրեք, միայն ես չեմ ասում»:
Նա նշեց, որ թե գործող Սահմանադրությունում, թե Նոր Սահմանադրության նախագծում կան նույն նախադասությունները, որ բոլոր քաղաքացիները օրենքի առջեւ հավասար են: «Գործող Սահմանադրությունում այս դրույթը յուրաքանչյուր քայլափոխին փշրվում է: Հետեւաբար, նույն իշխանությունը, որ սկսել է այս գործընթացն, ինչպե՞ս պետք է Նոր Սահմանադրությամբ այդ նորմն իրականություն դարձնի, եթե նույն մարդիկ են»:
Կարդացեք նաև

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ վստահեցրեց, որ իրենք հենց վարորդին են փոխում:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ


















































