Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը չի կողմնորոշվում, թե ինչ հիմքով է ընդդեմ Տարոն Սիրադեղյանի հայց ներկայացրել

Դեկտեմբեր 04,2015 19:55 Share

ՀՀ Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ Տարոն Սիրադեղյանի գործով հերթական դատական նիստը: ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Տարոն Սիրադեղյանի հայց է ներկայացրել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, իսկ Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Այսօր կողմերը հանդես եկան եզրափակիչ ճառերով:

Ոստիկանության ներկայացուցիչը պահանջեց բավարարել հայցը: Նա ամփոփիչ ճառում հիմնավորումներ ներկայացրեց, որ Տարոն Սիրադեղյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը դատարանում հայտարարեց, որ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել ողջ հավաքի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի ընթացքում Տարոն Սիրադեղյանը ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ ոստիկանություն Երևան քաղաքի Կենտրոնական բաժին, որտեղ կազմվել էր վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու և ոստիկանության շղթան ճեղքելու համար: Մինչդեռ Տաթևիկ Սիրադեղյանը պնդում է, որ ոստիկանությունն անօրինական կարգով սահմանափակել է Տարոն Սիրադեղյանի  անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և հավաքների ազատության իրավունքը:

Տաթևիկ Սիրադեղյանը պնդում է, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ սահմանափակել է հավաքը, թույլ չի տվել, որ հավաքի մասնակիցներն իրենց հավաքը իրականացնեն առանց որևէ հիմքի, քանի որ օրենքով նման լիազորություններ չունի սահմանափակելու հավաքը. «Ամբողջ հավաքի ընթացքում ոստիկանությունը օրենքի պահանջների խախտմամբ ֆիզիկական ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ոստիկանները թույլ չեն տվել, որ հավաքի մասնակիցներն իրենց հավաքն իրականացնեն»:

Տաթևիկ Սիրադեղյանը նկատում է, որ ոստիկանության արձանագրությունում նշված է, որ Տարոն Սիրադեղյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը և ճեղքել ոստիկանական շղթան: Մինչդեռ նշում է, թե ողջ դատավարության ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը հիմնավորում էր, որ Տարոն Սիրադեղյանը փակել է փողոցը և խախտել ճանապարհային երթևեկության կանոնները՝ խոչընդոտելով երթևեկությանը:

Ուստի Տաթևիկ Սիրադեղյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչն է եղել Տարոն Սիրադեղյանի դեմ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով հայց ներկայացնելու հիմքը՝ ոստիկանության շղթան ճեղքե՞լը, թե՞ երթևեկության կանոնների խախտումը:

Նշենք, որ այս գործով դատարանը վճիռ կհրապարակի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17.15-ին: Ոստիկանության հայցը բավարարելու դեպքում Տարոն Սիրադեղյանը պետք է վճարի 50.000 դրամ տուգանք: Սակայն Տաթևիկ Սիրադեղյանը հավաստիացրեց, որ ոստիկանության հայցը բավարարելու դեպքում իրենք վճիռը բողոքարկելու են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Տաթևիկ Սիրադեղյանը պնդում է, որ ոստիկանությունը ոչ իրավաչափ սահմանափակել է հավաքը, թույլ չի տվել, որ հավաքի մասնակիցներն իրենց հավաքը իրականացնեն առանց որևէ հիմքի, քանի որ օրենքով նման լիազորություններ չունի սահմանափակելու հավաքը

    Փորձեք Ձեր գրածը նորից կարդալ…

Պատասխանել