Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-Սիթի»-ներում անձնագրեր եւ սոցիալական քարտե՞ր են գրավ դրվում

Դեկտեմբեր 21,2015 14:42

«Երեւան-սիթի» խանութների ցանցի մարկետինգի բաժնի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը հերքում է այն լուրերը, որ Ամանորի նախաշեմին «Երեւան-սիթի» խանութներում անձնագրերի եւ սոցիալական քարտի գրավի դիմաց մարդկանց 200 հազար դրամ գումար կամ այդ գումարին համարժեք մթերք է տրամադրվում:

Հիշեցնենք, անցյալ տարի նմանատիպ ակցիա եղավ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավորին պատկանող սուպերմարկետների ցանցում. 21%-ով վարկեր էին տրամադրվում բնակչությանը`«Երեւան-սիթիներից» ամանորյա առեւտրի համար: Այդ ակցիան գործում է նաեւ այս տարվա նոյեմբերի կեսերից:

Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ այդ վարկերը ոչ թե իրենք են տրամադրում, այլ «Ինեկո» բանկը: Տոկոսները պայմանավորված են բանկի քաղաքականությամբ. «Դա իրենց ստանդարտ տոկոսն է, որը տալիս են Հայաստանի բոլոր բնակիչներին: Տվել են վարկային քարտեր, որոնք կարող են օգտագործել եւ «Երեւան-սիթիներում» եւ մնացած խանութներում: Հաճախորդներից հայտերը ընդունել է բանկը, բանկը որոշել է, թե որքան գումար կարող է տրամադրել տվյալ հաճախորդին եւ եթե հաճախորդը նպատակահարմար է գտել պայմանագիր է կնքել`վերցրել է»:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ տվյալ պարագայում, «Երեւան-սիթի» խանութների ցանցը եւ «Ինեկո» բանկն`օգտվելով առիթից, փորձել են կարճ ժամանակում մեծ գումար աշխատել`մարդկանց բարձր տոկոսով վարկեր տրամադրելով եւ այդ գումարը «Երեւան-սիթիներում» սպառելուն շեշտադրելով: «Ի՞նչ է նշանակում`բարձր տոկոս: Դուք որ ապառիկով տեխնիկա կամ այլ բան եք գնում, ի՞նչ տոկոսով եք գնում: Ինչ վերաբերվում է մեզ մոտ առեւտուր անելուն`այդ ակցիան «աշխատում» է միայն նրանց համար, ովքեր ունեն մեր խանութների բոնուս-քարտեր»,- իր պարզաբանումները ներկայացրեց Դավիթ Մարտիրոսյանը`հավելելով, որ որեւէ մեկին իրենք չեն ստիպում վարկ վերցնել, յուրաքանչյուր հաճախորդ ինքն է որոշում, թե ինչն է իրեն հարմար` կանխիկո՞վ, թե՞ ապառիկով առեւտուրը. «Մենք կարծում ենք, որ դա եւս մեկ հնարավորություն է, մեր հաճախորդների առեւտուրն ավելի մատչելի ու հարմար դարձնելու համար, ինչպես ամբողջ աշխարհում»:

Բանկից մեզ վստահեցրին, որ սուպերմարկետի քարտապաններին վարկային քարտ է տրամադրում անձնագրի, սոցիալական քարտի տվյալներով, բայց անձնագիրը եւ սոցիալական քարտը մնում է քաղաքացու մոտ:

Վարկային քարտը տրամադրվում է 100 հազար դրամից սկսած: Թե որքա՞ն վարկ կարող է ստանալ տվյալ քաղաքացին` կախված է նրա վարկային պատմությունից, եկամուտներից: Վճարումներն ուշացնելու դեպքում ամեն օր գումարվում է վարկի 0.4 տոկոսի չափով գումար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031