Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարը

Դեկտեմբեր 24,2015 17:19

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ «սահմանային լարված իրավիճակ», «հրադադարի խախտումներ» տերմիններին այլեւս պետք է փոխարինի «պատերազմ» տերմինը, ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանի, ոչ Հայաստանի, ոչ էլ տարածաշրջանի համար նոր իրավիճակ չի ստեղծում: «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ընդամենն արձանագրեց այն, ինչ վաղուց արդեն կար. ուղղակի բարձրաձայնվեց այդ մասին եւ հստակ ձեւակերպում տրվեց`մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ «սառեցված հակամարտություն» չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ Յարալյանը:

Ի՞ նչ վտանգներ է տեսնում Հայաստանի համար մեր զրուցակիցը`տարածաշրջանի այս խառը ժամանակներում: Վիեննայում, Իրանի միջուկային խնդրի շուրջ, հունիսի 14-ին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, իրանագետի կարծիքով, էականորեն նպաստել է ռուս-իրանական կոորդինացված գործողություններին, ինչի ականատեսն ենք լինում: «Դա նաեւ որոշակիորեն պատասխան է տալիս այն հարցին, թե ինչո՞ւ էր Իրանի հարցի շուրջ ընթացող 5+1 բանակցություններում, ՌԴ-ն հետաքրքրված հարցի շուտափույթ հանգուցալուծմամբ: Ըստ էության, ՌԴ-ին պետք էր կաշկանդումներից դուրս եւ ազատ գործողությունների ունակ Իրան, որի հետ կկարողանար տարածաշրջանում համագործակցել`հակառակ թուրքական եւ սաուդական նկրտումներին: Վերջիններս էլ, իմ կարծիքով, անհաջող փորձեր են իրականացնում`ռուս-իրանական կոալիցիային հակազդելու»,- ասաց իրանագետը:

Անցնող տարվա կարեւորագույն իրադարձությունների շարքում, մեր զրուցակիցն առանձնացնում է Իրանի առաջին փոխնախագահի՝ Էսհաբ Ջահանգիրի այցը Հայաստան, որի ընթացքում հնչեց շատ կարեւոր հայտարարություն`Իրանը Հայաստանը դիտարկում է որպես հիմնական տարանցիկ երկիր: «Հաշվի առնելով Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունների լարվածությունն ու սրացման հետագա միտումները, կարելի է արձանագրել, որ Հայաստանն իսկապես հնարավորություն է ստանում վերածվելու Իրանի համար հիմնական գործընկերոջ»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ Իրան-Հայաստան-Վրաստան-ՌԴ ձեւաչափով ընթացող էներգետիկ ոլորտին վերաբերվող հանդիպումներն ու պայմանավորվածությունները էական դերակատարում են ունենալու ապագայում:

Դիտարկմանը, որ զուգահեռաբար նման բանակցություններ նաեւ Ադրբեջանի հետ են ընթանում, իրանագետը պատասխանեց, որ Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում տնտեսական գործոնն իբրեւ քաղաքական ճնշման լծակ ամբողջությամբ չի օգտագործում, քանզի Իրանի նկատմամբ սանկցիաներն առայժմ ամբողջապես չեն հանվել եւ ժամանակ առ ժամանակ ավելի էժան նախագծերից է օգտվում: Իսկ Ադրբեջանը, իբրեւ Իրանի համար տարանցիկ երկիր, ավելի քիչ ծախս է ենթադրում: Այնուհանդերձ, պատժամիջոցների ամբողջական վերացումից հետո, ըստ իրանագետի, Հայաստանը կկարողանա կապիտալի վերածել Իրանի հետ հարաբերություններում տարիների ընթացքում կուտակած քաղաքական վստահության պաշարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031