Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ. Սարգսի ու աղի բլիթի մասին. ո՞ւմ է ուղղված հավատքդ

Հունվար 23,2016 12:30

Երբ դու ասում ես՝ քրիստոնյա ես, բայց հույսդ դնում ես աղի բլիթի վրա, այլ ոչ թե Հիսուս Քրիստոսի, ապա ի՞նչ ես կարծում՝ Քրիստոսն ինչպե՞ս պիտի նայի քո վարքին ու հույսին: Իսկ երբ վաղը քեզ մի բան պատահի կամ հիվանդանաս, էլի՞ աղի բլիթի վրա ես հույսդ դնելու:

Միտքս երեւի հասկանում եք, բայց նախ եկեք տեսնենք, թե ինչ մարդ էր Սարգիսը, ու ինչո՞ւ է եկեղեցին նրան սրբացրել: Մեր լեզվով ասած՝ Սբ. Սարգիսը կարգին մարդ էր՝ առաքինի, հավատարիմ ու վճռական, տղամարդ: Նա կյանքում իր սկզբունքներին չէր դավաճանում ու մինչեւ մահ հավատարիմ էր մնում դրանց: Ուժեղ էր, զորք, հնարավորություն, դիրք ու պաշտոն ուներ, բայց ոչ մեկից իրավունք չէր խլում: Ասում էր՝ «ես Քրիստոսի հետեւորդ եմ», բայց իր սեփական ցանկությունները բավարարելու համար Քրիստոսին չէր դավաճանում: Նա մինչեւ վերջ մնաց Քրիստոսին հավատարիմ ու չարեց մի բան, որ կվնասեր իր հարաբերությանը Հիսուս Քրիստոսի հետ: Սիրտը մաքուր պահեց ու իր կյանքով վճարեց այդ մաքրության համար:

Սբ. Սարգսի տոնը տոնում ենք նրա համար, որ հիշենք, քաջալերվենք նրա օրինակից ու մենք էլ այդպես վարվենք, այլ ոչ թե կռապաշտորեն դավաճանենք Քրիստոսին ու մեր հույսը սնոտիաբար դնենք աղի բլիթների վրա:

Sb_Sargis

Սիրելի երիտասարդներ, ծնողներ ու բարեկամներ, խոսե՛ք այս մասին ձեր տանը, պատմե՛ք այս մասին ձեր երեխաներին ու մտերիմներին:

Եթե Աստված մի բան թույլ չտա, այն երբեք չի կատարվի: Մի՞թե աղի բլիթն ավելի ուժեղ է, քան ձեր Աստված: Իսկ մարդիկ հետեւում են այս սուտ սովորությանը ու մտածում, որ աղի բլիթ ուտելով՝ կտեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ սեղանի վրա թակելով ու «թու-թու-թու» ասելով՝ կպաշտպանվեն չարից: Այ, տեսնո՞ւմ եք, այսպիսի բաներին հետեւելով՝ բացահայտվում է անհավատությունը, մեր սեփական ցանկություններին տուրք տալը: Իսկ Սուրբ Սարգիսը եւ նրա նման սուրբ մարդիկ այսպես չէին վարվում, այլ միայն հետեւում էին Աստծո պատվիրաններին:

Դուք այսօր պիտի որոշեք՝ դուք հավատում եք աղի բլիթի ուժի՞ն, թե՞ Աստծուն: Դուք այսօր պիտի որոշեք՝ դուք հավատում եք ճակատագրի՞ն, թե՞ Աստծու պատվիրաններին: Հարցրեք ինքներդ ձեզ, եթե կա բախտ, ճակատագիր ու աղի բլիթի ուժ, ապա էլ ինչո՞ւ էր Քրիստոսը մեզ պատվիրաններ տալիս ու մի հատ էլ իր կյանքը դրեց՝ ցույց տալու համար, թե որքան է սիրում մեզ:

Սիրելի քրիստոնյա երիտասարդ, դու ուղղափառ ժողովրդի զավակ ես: Քո հավատքը աղի բլիթի վրա մի դիր, դրանով դու կվիրավորես քո Աստծուն: Եթե այդպես վարվես, ապա էլ ինչպե՞ս պիտի աղոթես քո Աստծուն ու ասես՝ «Հայր Մեր…»: Իսկ եթե ուզում ես ամուսնանալ ու ընտանիք կազմել, ապա մի՞թե ալյուրը, աղն ու ջուրը պիտի որոշեն քո ապագա ամուսնուն ու ընտանիքը: Դու քո քրիստոնեական հավատքի Աստծուն դիմիր ու ասա՝ «Տեր, օրհնիր ինձ, որ լավ կին դառնամ իմ ամուսնու համար: Տեր, օրհնիր ինձ, որ լավ ամուսին դառնամ իմ կնոջ համար: Տեր, օրհնիր ինձ, որ լավ մայր դառնամ իմ երեխաների համար: Տեր, օրհնիր ինձ, որ լավ հայր դառնամ իմ երեխաների համար»:

Աստված բոլորիդ օգնական ու պահապան: Հավատարիմ մնացեք Քրիստոսին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/
hareyanarm/

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031