Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները պատրաստակամություն են հայտնում նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար

Փետրվար 15,2016 16:30

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համակարգի իրական բարեփոխումը,

հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և զեղծարարությունները, մասնավորապես, 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ,

գնահատելով մեր երկրի և հասարակության առաջ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց,

մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը և իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություններն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման և բովանդակության հետ:

1. Անբեկանելիորեն անհրաժեշտ է ապահովել նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը և մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման:

2. Նոր ընտրական օրենսգրքում հետևյալ գործիքների և լուծումների ներմուծումը համարում ենք անխուսափելի երաշխիքներ` ապահովելու ընտրական համակարգի բարեվարքությունն ու թափանցիկությունը, գործընթացի հաշվետվողականությունը և հնարավորություն` վերականգնելու ոտնահարված ընտրական իրավունքը, եթե այդպիսիք տեղի ունենա.

i. Նոր ընտրական օրենսգրքի որևէ էական առաջընթաց, որը կապահովի ընտրական գործընթացների բարեվարքությունը և կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հնարավոր չի լինի, առանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման պետության պոզիտիվ պարտավորության սահմանման: Անգամ, նախատեսվող էլեկտրոնափաստաթղթային քվեարկության համակարգի ներդրումն, որն այժմ քննարկվում է իշխանությունների կողմից, չի կարող լուծել խախտումները, մասնավորապես, լցոնումների խնդիրը, որը դարձել է սովորական և օգտագործվել է նաև վերջին հանրաքվեի ժամանակ: Այսպիսով, միայն ընտրողների ցուցակների հրապարակման, բացակա և քվեարկած ընտրողների ցուցակների համադրման իրական հնարավորության պարագայում, կարելի է կանխել զանգվածային ընտրակեղծարարությունը: Հակառակ պարագայում, էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը կդառնա կասկածելի գործիք, որովհետև այն կարող է լինել անարդյունավետ, առավել վնասակար և կդիտվի որպես ռեսուրսների անտեղի վատնում:

ii. Ընտրական օրենսգրքով պետք է նաև ապահովի բացակա և առկա ընտրողների առանձնացված ցուցակների մատչելիությունը: Այս ցուցակները պետք է հասանելի լինեն, ընտրություններից առաջ բոլոր ընտրատեղամասերում:

iii. Ընտրական օրենսգիրքը պետք է ճանաչի մաթեմատիկական էքստրապոլյացիայի միջազգայնորեն ընդունված վիճակագրական եղանակի հիման վրա բերված ընտրակեղծիքների փաստերը` որպես հիմնավոր կասկած: Սա նաև հիմք կհանդիսանա քննություն իրականացնել խախտումների շուրջ և ձայների վերահաշվարկ` ցանկացած ընտրատեղամասում, որտեղ կդիտվի Գաուսի կորության շեղում, ինչը կվկայի լցոնումների մասին:

iv. Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական և օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որևէ սահմանափակում: Բացի այդ անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

v. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն, բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել և ապահովել ընտրական գործընթացի, մինչև 5 տեսախցիկով, պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաև պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման և, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունն որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

vi. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ է ապահովել ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո գենդերային հավասարության չափանիշը ընտրված թեկնածուների միջև՝ ուղղված ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունն ու ներկայացվածությունը իշխանության օրենսդրական համակարգում: Ներկայումս Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածով ամրագրված 20%-անոց քվոտան չի համապատասխանում ՄԱԿ-ի կողմից սահմանած չափանիշներին, ըստ որի գենդերային հավասարության ապահովման համար մեկ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30-40% :

vii. Այնպիսի կարգավորումներ պիտի ներմուծվեն ընտրական օրենսգիրք, որոնցով բացառվեն պետական կամ համայնքային վարչական միջոցների (աշխատուժ, անշարժ և շարժական գույք, բյուջետային, արտաբյուջետային, հաղորդակցության միջոցներ, պաշտոնական դիրք, ծախսանյութեր, աշխատաժամանակ և այլն) օգտագործումը և չարաշահումը, թեկնածուի օգտին բանեցնելը, իսկ այդ նորմերի խախտումների դեպքում հստակ, խիստ և չափելի պատժամիջոցներ պիտի սահմանվեն` փոխարենը գոյություն ունեցող ոչ համաչափ կիրառվող միջոցների:

viii. Ընտրական օրենսգրքով և համապատասխան օրենքներով սահմանել հստակ մեխանիզմներ և պարտավորություններ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հարկային մարմինների կողմից՝ ստուգելու կուսակցությունների և թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի և քարոզչության ֆինանսավորման աղբյուրների հավաստիությունը:

ix. Ընտրական գործընթացում հնարավոր խախտումների մասին բողոքարկման, վերահաշվարկի և հարակից այլ գործողությունների համար նախատեսվող ժամկետները պիտի սահմանվեն ողջամտության և արդյունավետության ելակետով:
x. Բանակում ընտրական իրավունքի պաշտպանությունը պիտի վերանայվի արմատապես, այն հաշվով, որ բացառվեն զինվորականներից մեկի կամ խմբի, կամ հրամանատարական կազմի գործողությունների կամ անգործության որևէ ազդեցություն զինծառայողների ազատ կամարտահայտման վրա: Բոլոր թեկնածուները պետք է համահավասար հնարավորություն ունենան ներկայանալու և իրենց ծրագրերը ներկայացնելու զինվորականներին, իսկ զինվորականները ազատ լինեն` օգտվելու իրենց ընտրական իրավունքից կամ չօգտվելու: Նաև, պետք է այս ամենի հանրային վերահսկողության իրական միջոցներ նախատեսվեն:
xi. Օրենքը պետք է արգելի ՀՀ պետական և համայնքային կրթական համակարգում աշխատող մանկավարժներին, ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում, այսպիսով բացառել նրանց մասնակցությունը հնարավոր ընտրական հանցագործություններին և զեղծարարությունը, և դրանով՝ պաշտպանել աճող սերնդին հնարավոր զեղծարարների մոտ սովորելու ռիսկից: Սա չի կարող դիտարկվել որպես կրթական համայնքի համար հանրային կյանքին մասնակցության իրավունքի սահմանափակում, որպիսին դա այժմ ներկայացվում է պաշտոնյաների կողմից, մինչդեռ, այս չափանիշը կպաշտպանի նրանց ահաբեկման և մանիպուլիացիայի զոհ դառնալուց:

3. Ի լրումն, նաև առաջարկում ենք փոփոխություն ՀՀ Քրեական օրենսգրքում՝ կապված ընտրողի կամքի ազատ ձևավորման, արտահայտման և կամահայտնության պաշտպանություն հետ այդ թվում՝ ընտրակեղծարարներին զսպող և համարժեք պատիժներ սահմանելը: Ինչպես նաև առաջարկում ենք խթանող և խրախուսող իրավակարգավորումներ, մասնավորապես, քրեական պատասխանատվությունից ազատում՝ ընտրակաշառք ստանալու համար, եթե անձը կամավոր հաղորդում է ներկայացնում այդ մասին:

Մեր առաջարկություններն ու լուծումները չեն սահմանափակվում միայն վերը բերվածներով: Գոյություն ունեն միջոցներ և մեթոդներ` գործընթացի հետագա բարելավման և ազատ ու արդար ընտրությունները հասանելի դարձնելու համար: Սակայն, մեր կարծիքով, վերը նշվածները կարևորագույնն են` կանխելու ընտրական բարեվարքության մշտական չարաշահումները` համապետական, տեղական ինքնակառավարման և հանրաքվեների մակարդակներում:

Այս հայտարարությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես վերը նշված և համանման առաջարկների քննարկման, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար:

Հայտարարությունը բաց է միանալու

«Ասպարեզ» Լրագրողական ակումբ
Բաց հասարակության հիմնադրամ – Հայաստան
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հանուն հավասար իրավունքների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձարի գրասենյակ
«Հետք» Հետաքննող լրագրողների ասոցիացիա
Կանանց ռեսուրսային կենտրոն – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հայաստան
Օրենքի գերակայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29