Լրահոս
Օրվա լրահոսը

Անիրագործելի օրենքների «օգուտը»

Փետրվար 18,2016 10:00

Եթե դուք ուզում եք զարգացնել կոռուպցիան եւ չինովնիկական կամայականությունը, դրեք տնտեսվարողների եւ շարքային քաղաքացիների առջեւ անիրագործելի պահանջներ, եւ պետական պաշտոնյաների հետ նրանց ցանկացած շփում իր մեջ կպարունակի կոռուպցիոն ռիսկերի հսկայական ներուժ: Հիշո՞ւմ եք «Մոխրոտիկը» հեքիաթը, երբ խորթ մայրն ասում է` «դու կարող ես, իհարկե, գնալ պարահանդեսի, բայց նախ` պիտի աղաս ամբողջ սուրճը, մաքրես 5 պարկ լոբի եւ 5 պարկ սիսեռ, փորես բոլոր մարգերը, իսկ հետո խնդիր չկա` գնա պարահանդեսի»: Եթե խորթ մայրը պետական պաշտոնյա լիներ, նա բանալու անցքից կնայեր, թե ինչ է անում Մոխրոտիկը, եւ երբ աղջիկը մի քանի ժամում չկարողանար բոլոր խնդիրները լուծել, կտուգաներ նրան: Կամ` չէր տուգանի` որոշակի «շնորհակալության դիմաց»:

Ենթադրենք, դուք ցանկանում եք ձեր տան պատը մի տեղ քանդել եւ այլ տեղում կառուցել ու այնքան միամիտ եք, որ ուզում եք ամեն ինչ անել օրենքի շրջանակներում՝ անցնելով բոլոր ատյանները: Խնդիր չկա: Բայց գիտեք, չէ՞, որքան խիստ են մեր օրենքները՝ ամեն ինչ արված է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, ձեր սեյսմիկ անվտանգությունն ապահովելու եւ քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու համար: Եթե հույսը դուք դնում եք այս «սպիտակ» մեխանիզմների վրա, ապա ձեր պատը երբեք չեք տեղափոխի: Բարդ գործ է՝ Արամի 30-ի «սարայը» չի, որ մի գիշերում քանդվի: Բայց մարդիկ, որոնք ապրել են Խորհրդային եւ անկախ Հայաստանում, այդչափ միամիտ չեն՝ նրանք կամ կզանգեն ծանոթ-բարեկամ պաշտոնյայի, կամ էլ՝ «հլը տենանք մեր ախպորը ինչով կարանք օգտակար լինենք»:

Այդպես են կառուցվում քաղաքացի-պետություն հարաբերությունները: Զուտ տեսականորեն հնարավոր է, որ անհատ քաղաքացին պետական հիմնարկների հետ գործ չունենա: Սակայն երբ խոսքը տնտեսվարող սուբյեկտի մասին է, այստեղ շփումները պարտադիր են: Մեզանում հատուկ գրվում են «խիստ» օրենքներ, որոնց պահանջները հնարավոր չէ կատարել՝ անկախ նրանից, թե ով է տնտեսվարողը՝ փոքր կրպա՞կ, թե՞ հսկայական գործարան: Իսկ եթե անհնարին է կատարել, ուրեմն անհրաժեշտ է մտնել որոշակի հարաբերությունների մեջ «ստուգող» չիովնիկների հետ կամ ունենալ համապատասխան հովանավոր: Այլ կերպ անգամ փոքր կրպակ չի կարողանա աշխատել:
Հիմա որոշվել է խստացնել դեղերի առեւտուրը, բացառել կոռուպցիոն ռիսկերը, ստվերը, անօրինական շրջանառությունը, դեղերը դարձնել ավելի մատչելի եւ այլն: Իրական ենթատեքստը հետեւյալն է՝ «այդքան դեղեր են ֆռում, բա մեր քյա՞րը որն է»: Եվ դեղատներին պարտադրվում են բաներ, որոնց մասին նախօրոք հայտնի է, որ դրանք չեն կարողանա անել, օրինակ՝ ամեն մի տուփի մեջ ունենալ հայերեն ներդիր թերթիկներ: Մասնագետները հաշվել են, որ ներկայումս Հայաստանում կա 120 միլիոն տուփ, պատկերացնո՞ւմ եք՝ օրենքը կատարելու դեպքում ինչի է վերածվելու դեղատների աշխատանքը: Իսկ հետաքրքիր է՝ եթե մի տուփից ինձ պետք լինի 3 հաբ, թերթիկն ի՞նձ են տալու, թե՞ թողնելու են տուփի մեջ: Կամ գուցե տեղում քսերո՞քս են անելու, որ լինի երկու հատ: Մի խոսքով՝ անհեթեթ, չկատարվելիք պահանջ է՝ հատուկ գրված «ստուգողների» կոռուպցիան քաջալերելու համար:

Լաո Ցզին դեռեւս 26 դար առաջ է ասել՝ որքան շատ են օրենքները, այնքան շատ են գողերն ու ավազակները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Երբ օրենքներն ընդունելիս առաջնային ոչ թե նրանց կյանքի կոչելն է, այլ եվրոպացիներին ներկայանալը /ես դեմ չեն երվրոպական օրենքներից օգտվելուն, սակայն նրանք պետք է բխեն մեր երկրում ստեղծված իրավիճակից և համապատասխանեն մեր տեսակին/, երբ ընդունված օրենքները հետևանք չեն հասարակության մեջ առկա հարաբերությունների ուսումնասիրության, որոնց հիմնական նպատակն այդ հարաբերությունները պարզեցված տարբերակով, ի շահ հասարակության, կարգավորելն է, երբ օրենքներն ընդունված են հասարակության մի փոքր խմբի շահերի պաշտպանության համար, երբ հասարակությունում գործում է ոչ թե օրինականության, այլ նպատակահարմարության սկզբունքը, երբ կարևորը ոչ թե օրենքի ուժն է, այլ միջնորդ անձի ”կարևորությունը” երբ… ունենալու ենք այն, ինչ ունենք:

Պատասխանել Garegin

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29