Ակտիվիստների կողմից մեր ճարտարապետաշինարարական հնությունների և հուշարձանների պահպանմանն ուղղված ջանքերը միշտ էլ ողջունելի են, հատկապես` հաշվի առնելով մեր իրականությունն ու փորձը: Աղմուկն անհրաժեշտ է հասարակության, մամուլի ուշադրությունը գրավելու և այդ միջոցով մայրաքաղաքի հուշարձան շենքերի ոչնչացման փորձերը կանխելու համար: Բայց բողոքի ալիք բարձրացնելիս կամ որևէ ակցիա կազմակերպելիս անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ կատարել և մանրամասն ծանոթանալ խնդրո առարկային:
Խոսքը գնում է Երևանի Ամիրյան 2 հասցեում երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման մասին: Այդ շենքն իրոք հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ներառված է հուշարձանների պետական ցանկի մեջ: Ուստի այն քանդելու իրավունք որևէ շինարարական կազմակերպություն չի կարող ունենալ:

Այս հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է. հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու: Ուրախացնում է նաև մեր երիտասարդության զգոնությունը և կառուցապատողի մոտեցումը` ուղղված հին Երևանի պահպանմանը: Դա է փաստում նաև կառուցապատողի կողմից շինության ետևի հատվածի շենքի` հին քարերով վերականգնումը:
Կարդացեք նաև
Պարզապես շինարարական կազմակերպությունը կամ ճարտարապետը նախապես պետք է իրազեկեին հանրությանը իրականացվող շինարարության, շենքի վերջնական տեսքի և հուշարձանի միանշանակ պահպանման մտադրության մասին` հասարակությանը թյուրիմացություններից և տարընկալումներից զերծ պահելու համար:


















































