Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մինչև 2-3 տարի առաջ նույն վիճակում էր, որում մենք ենք այսօր». Աշոտ Մանուչարյան

Մարտ 14,2016 19:33

«Աշխարհում ընթացող բոլոր գործընթացները տանում են մարդու տեսակի վերացմանը և շուտով հայրենիք, հոգու խորություն չունեցող մարդիկ են ի հայտ գալու, որոնց իդեալական մոդելը Կոնչիտան է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա նկատեց, որ ամեն ինչ գնում է դեպի կործանման և Հայաստանի քաղաքական համակարգում առաջինը տրանսֆորմացիայի է ենթարկվելու ՀՀԿ-ն. «Իմ կարծիքը և վերաբերմունքը Հանրապետական կուսակցության նկատմամբ շատ բացասական է, որտեղ կան օլիգարխներ, կաշառակեր պաշտոնյաներ, ազգային նկարագրից շեղված ազգայնականներ, բայց գիտեմ, որ այսօր գոնե այդ կուսակցությունում հայ մարդիկ են, որոնք մոլորությունների մեջ են»:

Պարոն Մանուչարյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծմանը, ասելով որ այդ համագործակցությունը չի բերի ոչ մի արժեքային համակարգի փոփոխման. « Վերջին տարիներին Դաշնակցության մասին միայն օլիգարխիական նորություններ եմ լսել: 20-30 տարի առաջ, երբ լսեցի, թե 100 տարի առաջ ինչպես է ձևավորվել այդ կուսակցությունը, լացս եկավ. Դաշնակցության ներկայացուցիչները սպանում էին հայկական գյուղերում այլանդակություն անող թուրքերին, բայց չէին հեռանում գյուղից`իմանալով, որ դրանից հետո կհարձակվեն գյուղի վրա. ապրում էին մի որոշ ժամանակ այնտեղ, որ պաշտպանեն գյուղը: Թուրք դահիճները տանջում էին նրանց և կախաղան հանում: Այսօր դաշնակցականներն ավելի մեղմ ձևով, բայց գրեթե նույն բանն են անում մեր ժողովրդի հետ. Դաշնակցության պարագլուխները դահիճների են վերածվել: Կուսակցության շարքային զանգվածում մնացել են նվիրյալներ, իսկ պարագլուխները հայկական օլիգարխիայի բաղկացուցիչ մասն են»:

Ըստ պարոն Մանուչարյանի ռուսական տիրապետություն իրականում գոյություն չունի. «Մեզ մոտ վերջին տարիներին համատարած ատելություն է նկատվում Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը մինչև 2-3 տարի առաջ նույն վիճակում էր, որում մենք ենք այսօր: Պուտինն աշխարհի տիրակալների մոտ այն խնդրանքով էր գնում, որ գծեն այն սահմանը, որտեղ ինքն է տարածաշրջանային գերիշխողի դեր ունենալու, սակայն եկավ մի պահ, երբ իրավիճակը փոխվեց, և Ռուսաստանն այսօր մարտահրավեր է նետում իշխող աշխարհակարգին: Եվ չկարծե´ք, թե ԱՄՆ-ում են այդ ուժերը, ԱՄՆ-ն նույնքան գործիք է, որքան և մյուսները»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031